Սթոլթենբերգն ու Հարավային Կորեայի ԱԳ նախարարը ստորագրել են գործընկերության նոր ծրագիր
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ու Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան Սեուլում ստորագրել են գործընկերային համագործակցության վերանայված անհատական ծրագիր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։
Փաստաթուղթը, որը ստորագրվել է 2012 թ ստորագրված նախկին փաստաթղթի փոխարեն, նախատեսում է այցելությունների ու տեղեկատվության փոխանակություն, փոխգործակցություն կիբերանվտանգության հարցերով, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, ահաբեկչությանը հակազդելու, մարդկանց աղետների պայմաններում փրկելու եւ ռազմաքաղաքական ինտեգրման ոլորտներում։
«Հուսով ենք , որ մեր երկիրն ու ՆԱՏՕ-ն, դավանելով խաղաղության , ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր արժեքներ, համագործակցության ծրագրի վերանայման միջոցով ավելի ուժեղ կամրապնդեն ապագային միտված համագործակցությունը՝ ոչ միայն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի կարգավորման, այլեւ կիբերանվտանգության, ահաբեկչությանն մյուս սպառնալիքներին հակազդելու հարցերում»,- ասվում է Հարավային Կորեայի ԱԳն հաղորդագրության մեջ։
Սթոլթենբերգը հիմա գտնվում է Հարավային Կորեայում, որտեղ ժամանել է Ճապոնիայից։
News.am