ՀԱՊԱ-ի եւ Հոնկոնգի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է ստորագրվել
Մանիլայում ազատ առեւտրի մասին համաձայնագիր է ստորագրվել Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ)-ի եւ Հոնկոնգի միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագրով կողմերի միջեւ պարզեցվում են մաքսային, տեխնիկական եւ սանիտար խոչընդոտները՝ երկկողմանի առեւտրի ծավալները մեծացնելու համար: «Համաձայնագիրը ՀԱՊԱ երկրների համար մեծ հնարավորություններ կստեղծի, քանի որ մեր արտադրանքի համար Հոնկոնգի շուկաներին ավելի մեծ հասանելիություն կապահովի եւ կխթանի ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է Ֆիլիպինների առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ռամոն Լոպեսը, որը ՀԱՊԱ-ում ներկայանում է այս տարի ասոցիացիայում նախագահող երկրի իրավունքներով:
Համաձայնագիրը ստորագրվել է Մանիլայում նոյեմբերի 10-ից 14-ը ընթացող ՀԱՊԱ գագաթնաժողովի շրջանակում: «Ասիական տասնյակի» համար սա համանման 6-րդ համաձայնագիրն է: Նախկինում նման համաձայնություններ են ձեռք բերվել Չինաստանի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ինչպես նաեւ Ավստրալիայի հետ:
News.am