Էրդողանն ու Պուտինը Ղարաբաղի շուրջ համաձայնության չեն եկել. Ադրբեջանցի քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/world-i76223-Էրդողանն_ու_Պուտինը_Ղարաբաղի_շուրջ_համաձայնության_չեն_եկել._Ադրբեջանցի_քաղաքագետ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում 16 անգամ հաղորդակցվել են, որոնցից 12 անգամ՝ հեռախոսով, 4 անգամ՝ դեմ առ դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 07:23 Asia/Tehran
  • Էրդողանն ու Պուտինը Ղարաբաղի շուրջ համաձայնության չեն եկել. Ադրբեջանցի քաղաքագետ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում 16 անգամ հաղորդակցվել են, որոնցից 12 անգամ՝ հեռախոսով, 4 անգամ՝ դեմ առ դեմ:

Այն բանից հետո, ինչ թուրքական ՌՕՈւ-ն խոցել էր թուրքական ինքնաթիռը, երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են բարելավվել՝ գրեթե վերադառնալով նախկին հունին: Երկու երկրների նախագահների՝ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Նախատեսված երեք ժամ հանդիպումը տևել է հինգ ժամ: Ինչպես հաղորդում է գործակալությունը, իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելուց առաջ Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ բացի սիրիական հարցից, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից ու էներգետիկ ոլորտում համագործակցությունից՝ ինքը մտադիր է քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը: «Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետո, երբ հանդիպենք: Ղարաբաղյան խնդրի նկատմամբ նրա վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այս հարցի վրա, այն շատ հեշտ կլինի լուծել»,- նշել էր Էրդողանը, մինչդեռ հանդիպման ավարտից հետո այդ առնչությամբ նախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Գործակալությունը նշում է, որ գաղտնիք չէ, որ տարածաշրջանի առաջնորդ երկրների նախագահների հանդիպումներն Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեն: Խոսքը ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ալև տարածաշրջանային առևտրական, տնտեսական և ռազմավարական կապերի մասին է: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ դժվար է հաջողված անվանել»,- կարծում է ադրբեջանական «Ատլաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն՝ խոսելով Ադրբեջանի վրա դրա ազդեցության մասին: Ըստ նրա՝ Էրդողանը չի կարողացել Պուտինից ստանալ իր ցանկացածը: «Բանը նրանում է, որ Էրդողանն այս անգամ ցանկանում էր Պուտինի հետ քննարկել ամբողջովին այլ հարցեր: Մեկ շաբաթ առաջ նա ասում էր, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էրդողանն այն ժամանակ նշել է, որ եթե Պուտինը ցանկանա, հակամարտությունը կարող է լուծվել մեկ շաբաթվա ընթացքում: Հնարավոր է, որ թուրք նախագահը հանդիպման ընթացքում քննարկել է Ղարաբաղյան հարցը, սակայն, ամենայն հավանականությամբ, Պուտինը բավարարվել է միայն ընդհանուր արտահայտությամբ և քննարկումը տարել է այլ հունով: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ ոչ մի բառով չեն անդրադարձել Ղարաբաղին: Նշանակում է՝ չեն պայմանավորվել»,- նշել է քաղաքագետը:

Ankakh.com