Քաղաքական փակուղի Գերմանիայում. Կոալիցիա ստեղծելու բանակցությունները տապալվել են
https://parstoday.ir/hy/news/world-i76431-Քաղաքական_փակուղի_Գերմանիայում._Կոալիցիա_ստեղծելու_բանակցությունները_տապալվել_են
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել կոալիցիա կազմել, որը նրան խորհրդարանում մեծամասնություն կտար եւ կայուն կառավարություն ստեղծելու հնարավորություն:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 06:44 Asia/Tehran
  • Քաղաքական փակուղի Գերմանիայում. Կոալիցիա ստեղծելու բանակցությունները տապալվել են

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել կոալիցիա կազմել, որը նրան խորհրդարանում մեծամասնություն կտար եւ կայուն կառավարություն ստեղծելու հնարավորություն:

Նա պատրաստ չէ ղեկավարել փոքրամասնության կառավարությունը եւ միակ այլընտրանքը խորհրդարանական նոր ընտրություններն են, որը, հավանաբար, կուսակցությունների միջեւ ուժերի դասավորությունը չի փոխի:

Մերկելը պատրաստվում է հանդիպել երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ. լինի փոքրամասնության կառավարություն, թե նոր ընտրություններ՝ նախ անհրաժեշտ է անցնել խորհրդարանում կանցլերի ընտրության ընթացակարգը, իսկ նրան կնշանակի պետության ղեկավարը:

Գերմանացի լիբերալները հայտարարել են «Ճամայկա» կոալիցիայի շուրջ բանակցությունների տապալման եւ դրանից իրենց դուրս գալու մասին:

Երկուշաբթի լույս գիշեր մի քանի շաբաթներ տեւած Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ բլոկի եւ «Կանաչների» հետ խորհրդարանական կոալիցիա (Ճամայկա) կազմավորելու բանակցություններից դուրս է եկել Ազատ դեմոկրատական կուսակցությունը:

Համաձայնեցումներն ու բանակցությունները սկսվել էին սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:

«Ճամայկան» հաջողության դեպքում կունենար Բունդեսթագի 709 մանդատից 393-ը (55 տոկոս), սակայն լիբերալների դուրս գալուց հետո բանակցությունների մասնակիցներն ունենում են ընդամենը մանդատների 44 տոկոսը՝ մեծամասնություն չստանալով:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատները նախկինում բացառել էին  ՔԴՄ/ՔՍՄ հետ «մեծ կոալիցիային» իրենց մասնակցության հնարավորությունը, որը հնարավորություն կտար կազմավորել մեծամասնության կառավարություն (399 մանդատ կամ 56 տոկոս): «Ճամայկայի» շուրջ բանակցությունների տապալումից հետո մի քանի ժամ անց սոցիալ-դեմոկրատները հաստատել են իրենց դիրքորոշումը:

Արդյունքում 2 տարբերակ է մնում՝ փոքրամասնության կառավարություն, որը Գերմանիայի պատմության մեջ դեռեւս երբեք չի եղել, եւ նոր ընտրություններ, որի մասին դեռեւս երբեք այսքան արագ չի հայտարարվել: Կոալիցիոն բանակցություններն անցկացվում են ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

News.am