Քաոս ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում
https://parstoday.ir/hy/news/world-i76913-Քաոս_ինքնահռչակ_ժողովրդական_հանրապետությունում
«Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում իշխանությունը գրավելու փորձերն ավելի բարդացրին տարածաշրջանի առանց այն էլ ծանր վիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 13:03 Asia/Tehran
  • Քաոս ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում

«Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում իշխանությունը գրավելու փորձերն ավելի բարդացրին տարածաշրջանի առանց այն էլ ծանր վիճակը:

«Նախագահը» պատերազմում է «ներքին գործերի նախարարի» հետ, եղբայրական «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հայտարարում է ընդլայնվելու պահանջների մասին, իսկ Մոսկվան փորձում է տարածաշրջանում պահպանել երերուն հավասարակշռություն»,- հայտնում է Der Standard-ի թղթակից Անդրե Բալենը:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Իգոր Պլոտնիցկին փախել է Ռուսաստան, իսկ ինքնահռչակ հանրապետությունը ղեկավարում է ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կորնետը: Անցած շաբաթ  Պլոտնիցկին աշխատանքից հեռացրել էր ՆԳ նախարարին, սակայն նրան ենթարկվելու փոխարեն Կորնետն անցավ հարձակման: Զինված մարդիկ երեքշաբթի գրավել էին Լուգանսկի կենտրոնը՝ արգելափակելով կարեւոր վարչական շենքերը: «Հանրապետության» ղեկավարն, իր հերթին, տեղի ունեցածն անվանել է պետական հեղաշրջման փորձ: Պլոտնիցկիի խոսքերով՝ Կորնետը պետք է պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար»:

«Սակայն 44-ամյա նախարարն այսօր ամուր կանգնած է իր տեղում: Նա հայտնել է, որ բացահայտել է դավադրություն «ԼԺՀ» ղեկավարության եւ դիվերսանտների միջեւ: Նրա խոսքերով՝ իր կողմից Կիեւում ձերբակալված անձինք փորձեր էին անելու ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում եւ վարկաբեկելու ՆԳ նախարարությանը: Նրա աշխատանքից հեռացումը, ըստ Կորնետի, ինտրիգների արդյունք է»,- հայտնում է հոդվածի հեղինակը:

«Անցած տարի իրականում տեղի է ունեցել մահափորձ Պլոտնիցկիի դեմ, որի արդյունքում նա թեթեւ վիրավորում էր ստացել եւ հիվանդանոցից արդեն դրանում մեղադրել էր Կիեւին եւ Վաշինգտոնին»,- գրում է լրագրողը:

«Ամենայն հավանականությամբ, նոր ռազմական ղեկավարությունը Լուգանսկում բանակցություններ է վարում Պլոտնիցկիի հետ նրա ապագայի հարցով եւ ցանկանում պահպանել իշխանության խաղաղ փոխանցման հեռանկարը: Միեւնույն ժամանակ Կորնետն արդեն ստացել է հարեւան «ԴԺՀ» աջակցությունը: Այնտեղից հաստատել են նրա տարբերակը՝ կապված կիեւյան դիվերսանտների հետ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ   ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ղեկավարությունը ձգտում է ընդլայնման: Նրա ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն մի քանի ամիս առաջ փորձ արեց հռչակել «Մալոռոսիան» եւ միավորել «ԼԺՀ»-ն «ԴԺՀ» հետ, սակայն նա ստիպված էր հրաժարվել այդ մտքից, քանի որ  աջակցություն չունեցավ ոչ Լուգանսկի եւ ոչ էլ Մոսկվայի կողմից: Հիմա ստեղծվել է նոր հնարավորություն գաղափարն իրականացնելու համար»:

«Վերջին խոսքը Մոսկվայինն է: Այնտեղ առայժմ մեկնաբանություններից խուսափում են»,- եզրափակում է Բալենը:

Աղբյուր՝ Der Standard