Մամուլի տեսություն 15-12-2017
Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժի հրամանատար զորավար Ամիռալի Հաջիզադեն ասել է. «Հավատացյալ ուժերի ներկայությունը և զենքով լցված պահեստների գոյությունը մեզ թույլ կտա թշնամու հիմարություններին պատասխանել մեր հզոր բռունցքներով»:
Հիմարություն թույլ տալու դեպքում, Թշնամին հանդիպելու է մեր հզոր բռունցքներին
Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժի հրամանատար զորավար Ամիռալի Հաջի Զադեն ասաց. «Հավատացյալ ուժերի ներկայությունը և զենքով լցված պահեստների գոյությունը մեզ թույլ կտա թշնամու հիմարություններին պատասխանել մեր հզոր բռունցքներով»:
Զորավար Հաջիզադեն հինգշաբթի օրը Թեհրանի «Շահիդ Բեհեշթի» համալսարանի դասախոսական կազմի հավաքազորի համաժողովում ունեցած ելույթում շնորհավորելով ԻԼԻՊ-ի դեմ դիմադրության ճակատի արձանագրած հաղթանակի կապակցությամբ, ասել է. «Իրականությունն այն է, որ այս վտանգի մեծությունն ու սադրանքի խորքը դեռ մեզ համար պարզ չեն և դրա պատճառն էլ մեզանից սպառնալիքի տարածքի հեռավորությունն ու դրա ծավալների հստակեցված չլինելն է, որի պատճառով նաև հնարավոր չէ հստակ գնահատել արձանագրված հաղթանակի ծավալները»:
«Հեղափոխության մեծարգո առաջնորդն հենց սկզբից ճիշտ գնահատեց դրա ծավալները և այս ճակատում իրանցի խորհրդատուների ներկայությունը կարևոր կողմեր ունի, որոնց ժամանակին հնարավոր կլինի անդրադառնալ»,-հայտարարել է զորավար Հաջիզադեն:
Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժի հրամանատարը հավելել է. «Իսրայելա-արաբական ճակատն ԱՄՆ-ի, Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ աջակցեց թաքֆիրական ճակատին: Եթե ուշադրություն դարձնեք արևմտյան հետազոտական կենտրոնների ուսումնասիրությունների արդյունքներին, կնկատեք, որ այս նախագիծն ավելի վաղ մշակված է եղել նրանց կողմից և քանի որ նրանք հեղափոխությանն ուղղակի դիմակայելու կարողությունը չունեին, որոշեցին մուսուլմանների դեմ օգտվել մուսուլմանների կարողությունից»:
«Իրանի ու Իրաքի պատերազմը, ինչպես նաև Աֆղանստանում ու Եմենում տեղի ունեցող պատերազմները նույն տեսակի են և քանի որ նրանք անկարող են դիմակայել Իրանի ժողովրդին, փորձում են տարածաշրջանի կարողությունն օգտագործել իր դեմ»,- նշել է զորավար Հաջի Զադեն:
Ֆարս
Սիրիական ընդդիմության համար ԱՄՆ-ի առաքած սպառազինություն անցել է ԻԼԻՊ-ի ձեռքը
ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության պատվերով իրականացված նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի կողմից գաղտնի կերպով սիրիական ընդդիմության համար առաքված սպառազինությունը հայտնվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում:
Հինգշաբթի օրը հրապարակված նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ի բանակի կողմից գաղտնի կերպով սիրիական ընդդիմությանը տրամադրված արդիական սպառազինություն անմիջապես հայտնվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում:
«USA Today» օրաթերթի ընդգծմամբ, ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ արդիական այս սպառազինության ԻԼԻՊ-ի ուժերի ձեռքում հայտնվելը կարող է սպառնալիք համարվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի դեռ Սիրիայում ու Իրաքում տեղակայված զորայինների համար:
Հաղորդումների համաձայն՝ այս սպառազինության մեջ է մտնում հակատանկային զինտեխնիկա, որն արտադրվել է ԱՄՆ-ում և գործարանից դուրս գրվելուց միայն երկու ամիս անց հայտնվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում:
Այս ուսումնասիրությունն իրականացվել է սպառազինական բեռնվածքները հետաքննող Ռազմական սպառազինության հետազոտական հաստատության միջոցով և դրա ծախսը հոգացել են ԵՄ-ն ու Գերմանիայի կառավարությունը:
Այս հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ընթացքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մոտ հայտնաբերված 40 հազար զենքն ու տարբեր տեսակի զինտեխնիկան:
Այս ուսումնասիրությունը չի պարզել՝ սպառազինությունը ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատերազմի դաշտում են ավար վերցրել, թե դրանք սիրիական ընդդիմության կողմից վաճառվել կամ անվճար կերպով տրամադրվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:
NEWS.AM
Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին. Սերժ Սարգսյան
Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Նրա խոսքով, ցանկալի է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի, դա կբխի նաեւ մեր շահերից։ «Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Որովհետեւ կաշխուժանա առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները»,- նշել է նախագահն ու հավելել. «Իրանը մեզ բարեկամ երկիր է։ Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք։ Այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում։ Հսկայական ներուժ կա, եւ դրա իրացման համար հարկավոր է Իրանում խաղաղություն եւ կայունություն»։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հաջորդ տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով անցկացնելու մասին, նշել, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ «Ընդհանրապես, 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով։
Մենք տոնելու ենք Երեւանի 2800-ամյակը, իսկ մայիսին՝ Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ամենախոշորն է լինելու մասնակից երկրների ղեկավարների քանակով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք։ Հնարավորություն եւ մարտահրավեր է մեզ համար»,- նշել է նախագահը։
Առաջին լրատվական
Սերժ Սարգսյանը բարդացնում է խաղը
Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, ըստ էության, շարունակել է փակ պահել ներքաղաքական գլխավոր ինտրիգը՝ 2018 թվականի վարչապետության հարցը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը այս անգամ կարծես թե առավել սակավախոս է եղել այդ թեմայով՝ ըստ էության էլ ավելի մշուշոտելով հարցը: Միևնույն ժամանակ, իհարկե, նա բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու Կարեն Կարապետյանի ցանկությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում այդպես լինելու, այսինքն՝ այդ պաշտոնում մնալու գրավական:
Սերժ Սարգսյանն, իհարկե, որևէ դժգոհություն չի հայտնել Կարապետյանի վարչապետությունից և նրան համարել է թե՛ իր, թե՛ կուսակցության համար լավ վարչապետ և օգտակար մարդ, սակայն նշել է, որ վարչապետի հարցը կորոշվի, երբ կգա ժամանակը: Այսինքն՝ միայն մնալու Կարապետյանի ցանկությունն ու պատրաստակամությունը ամենևին որոշիչ չեն: Իհարկե, սա ինքնին պարզ էր, սակայն հետաքրքրական է, որ Սարգսյանը գործնականում հայտարարում է այդ մասին: Միևնույն ժամանակ, պահելով այդ ինտրիգը, Սերժ Սարգսյանը գործնականում առաջացրեց նոր ինտրիգ՝ հեռացած պաշտոնյաների մասով:
Այդ կապակցությամբ հարցը, թերևս, ամենևին պատահական չէր ընդգրկվել հարցաթերթիկում, և այստեղ Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին խորիմաստ և բազմիմաստ էր: Նա հայտարարեց, թե հարգում է բոլոր նախկին պաշտոնյաներին, որոնք ծառայել են պետությանը, սակայն չի համարում, թե կան անփոխարինելի մարդիկ:
Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ոչ մի պաշտոն նախատեսված ժամկետից դուրս թափուր չի մնա, և բոլոր, այսպես ասած, տեղերը կլրացվեն ժամանակին: Ո՞ր տեղը կլրացնի նախկին որևէ պաշտոնյա: Սա, անշուշտ, նոր ինտրիգ է, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է այլ, քան ապրիլին նրա բանալ վարչապետությունը: