Որո՞նք են ԵՄ արտաքին քաղաքականության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/world-i79173-Որո_նք_են_ԵՄ_արտաքին_քաղաքականության_հեռանկարները
Չնայած Լիսաբոնյան պայմանագրի շրջանակներում ԵՄ-ն համաձայնեցրեց իր արտաքին քաղաքականության մեխանիզմները, ԵՄ-ի միջազգային դիրքերը պայմանագրի ստորագրման պահից ի վեր՝ տասը տարիների ընթացքում թուլացել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 07:57 Asia/Tehran
  • Որո՞նք են ԵՄ արտաքին քաղաքականության հեռանկարները

Չնայած Լիսաբոնյան պայմանագրի շրջանակներում ԵՄ-ն համաձայնեցրեց իր արտաքին քաղաքականության մեխանիզմները, ԵՄ-ի միջազգային դիրքերը պայմանագրի ստորագրման պահից ի վեր՝ տասը տարիների ընթացքում թուլացել են:

Ղեկավարման ոչ բավարար մակարդակը, ոչ այդքան արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմները, առանձին երկրների կողմից սեփական ազգային արտաքին քաղաքականության գերակայություններով առաջնորդվելը, որոշ փոքր երկրների ինքնուրույն գործելու սովորությունը ԵՄ շրջանակներում խոչընդոտում են արդյունավետ հավաքական գործողություններին: Այնուամենայնիվ, Եվրամիության ներկայիս համախմբվածությունը հնարավորություն է տալիս ձեռնարկել վերականգնողական քայլեր, գրում է Եվրոպայի «Կարնեգի» վերլուծական կենտրոնի փորձագետ Շտեֆան Լեհնը:

Հատկանշական է, որ փափուկ ուժը, իրավական լուծումների և բազմակողմ դիվանագիտության նախապատվությունը ԵՄ-ի համար խնդիրներ են ստեղծել բազմաբևեռ այս աշխարհում, որն ավելի շատ կառավարվում է ուժի և իշխանության քաղաքականությամբ:

Եվրամիությունը տարածաշրջանի երկրներում աճող տագնապի ֆոնին մեղմել է հարևաններին իր իսկ օրինակով բարեփոխելու ձգտումներն ու անցել պաշտպանական ռեժիմի` կենտրոնանալով կայունության վրա:

Որպես «ճգնաժամային կառավարիչ»՝ ԵՄ-ն որոշ հաջողություններ արձանագրել է, սակայն դրսևորել է նաև մի շարք թուլություններ, այդ թվում՝ Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում: Այժմ ԵՄ-ն վերջապես սկսում է զարգացնել իր ռազմական կարողությունները, բայց այդ ջանքերը տարիներ հետո նոր կսկսեն պտուղներ տալ: Ըստ վերլուծաբանի՝ ԵՄ-ն պետք է ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն քայլ առ քայլ գնա առավել համախմբման, ինչի համար անհրաժեշտ է, որ կառույցը.

- Ստանա արտաքին քաղաքականության վերակազմակերպման երկրորդհնարավորությունը:

Ավելի ուժեղ տնտեսությունը, վերափոխվող գերմանա-ֆրանսիական առանցքը և ավելի լայն հանրային օժանդակությունն ավելի լավ միջազգային գործողությունների համար խոստումնալից միջավայր են ստեղծում տարիներ ի վեր շարունակվող ճգնաժամից հետո, սակայն ԵՄ ղեկավարները պետք է իրենց օրակարգում պարբերաբար անդրադառնան արտաքին քաղաքականությանը:

- Ընդունի, որ խորը կառուցվածքային բարեփոխումները մնում են անիրատեսական:  

ԵՄ շատ քիչ անդամ պետություններ են պատրաստ հրաժարվել իրենց ազգային արտաքին քաղաքականությունից կամ ենթարկվել ընդհանուր ԵՄ քաղաքականությանը՝ ընդունելով մեծամասնության մոտեցումները: Համագործակցությունն ու համերաշխությունն անդամ երկրների միջև պետք է կառուցվեն աստիճանաբար՝ միասնական քայլերի, ընդհանուր փորձի միջոցով:

- Ավելի շատ համատեղ դիվանագիտական ​​ջանքեր ներդնի:

Դիվանագիտական ​​և գործառնական ներգրավվածության մակարդակի բարձրացումը, կարծես թե, առավել առաջադեմ մոտեցում է հաջողությունների պատմության և հետագայում ավելի հավակնոտ գործողություններ ծավալելու տեսանկյունից:

- Կառուցի դաշինքներ, որոնք կպահպանեն համաշխարհային կառավարումը:

Ոչ մի միջազգային դերակատար ավելի լավ դիրքերում չէ, քան Եվրամիությունը` աշխարհակարգի համար պայքարի տեսանկյունից: Սա պահանջում է այլ շահագրգիռ կողմերի հետ գործընկերության առավել ամրապնդում:

- Մոբիլիզացնի իր փորձը:

Եվրամիության պատվիրակությունները, քաղաքացիական և ռազմական առաքելությունները, ինչպես նաև Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանն ունեն մեծ քանակությամբ  թեմատիկ գիտելիքներ, որոնք ներկայումս արդյունավետ չեն կիրառվում: Ավելի լավ աշխատող հաշվետու համակարգերն ու ռազմավարական վերլուծության ավելի ուժեղ կարողությունները կբարելավեն ԵՄ իրավիճակային իրազեկությունը և կաջակցեն ավելի ակտիվ քաղաքականությանը:

Լիսաբոնյան բարեփոխումները հանգեցրին արտաքին քաղաքականության ավելի արդյունավետ գործող մեխանիզմի, որը, բարենպաստ պայմաններում, ծառայություններ է մատուցում երրորդ երկրների հետ ավելի խելամիտ և փոխշահավետ շփման համատեքստում: Այնուամենայնիվ, երբ  անհրաժեշտ են լինում քաղաքականության կոշտ և կարևոր ընտրություններ , որոշումների կայացման դիսֆունկցիոնալությունը կոլեկտիվ գործողությունների ներքին խոչընդոտների հետ համատեղ խանգարում են ԵՄ-ի՝ որպես միջազգային դերակատարի արդյունավետությանը:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԵՄ-ն արձագանքել է անվտանգության վատթարագույն միջավայրին` անցում կատարելով ռեալպոլիտիկի: Անցյալի գերլավատեսական փոխակերպումներն ուղղվել են: Քաղաքական փաստաթղթերում նոր շեշտը դրվել է կայունության վրա, իսկ ջանքերն ուղղվել են ռազմական ունակությունների ամրապնդմանը: Սակայն, մինչ օրս ԵՄ արտաքին քաղաքականությունը չի կարողացել դիմադրել աճող մարտահրավերներին:

Սակայն, քանի որ 2017 թվականին եվրոպական ինտեգրման ընդհանուր հեռանկարը բարելավվել է, կարող է և պատուհան բացվել ԵՄ արտաքին քաղաքականության զգալի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունը երբևէ ինտեգրման շարժիչ ուժ չի եղել, այլ լրացուցիչ ուղղություն է, որը հիմնականում պայմանավորված է գլխավոր ոլորտներում զարգացումներով: 

Վերջերս ԵՄ-ի ապագայի հեռանկարներն առավել հստակ դարձան: Ակնհայտ է, որ տնտեսական վերականգնումը շարունակվում է: Սա իր հերթին կօգնի վերականգնել ԵՄ միջազգային ազդեցությունը և փափուկ ուժը: Եվրամիության հետ առևտրային համաձայնագրեր կնքելու ցանկություն ունեցող երկրների երկար ցանկը ապացուցում է վերոնշյալը:

Եվրամիության թույլ և խոցելի կողմերը կարագավորելու լուրջ ջանքերի համար ևս կան լայն հնարավորություններ: Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի հաղթանակն ու Գերմանիայում Անգելա Մերկելի հաղթանակը վերաիմաստավորեցին ֆրանս-գերմանական առանցքը: Երբ Գերմանիայի նոր կառավարությունը ձևավորվի, Բեռլինը և Փարիզը կսկսեն աշխատել ԵՄ բարեփոխումների ընդհանուր ճանապարհային քարտեզի շուրջ: Երկու կողմերն էլ համաձայնել են անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի արագ առաջընթացի անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերը համատեղ և ընդհանուր արտաքին քաղաքականությունն անվանել են Եվրամիության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

armedia.am/