Մամուլի տեսություն 21-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i79273-Մամուլի_տեսություն_21_12_2017
«Յալդա» նշանակում է ծնունդ , որը սկսվում է իրանական ազար ամսվա 30-ի մայրամուտին և տևում է մինչև դեյ ամսվա առաջին օրվա արևածագ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 07:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-12-2017

«Յալդա» նշանակում է ծնունդ , որը սկսվում է իրանական ազար ամսվա 30-ի մայրամուտին և տևում է մինչև դեյ ամսվա առաջին օրվա արևածագ:

Իրան

Յալդան՝ իրանական քաղաքակրթության հարատևման վկայությունը

 

Իրանում Յալդայի գիշերը նաև «Շաբ-ե Չելե» են անվանում:  Հնում ձմռան առաջին քառասուն օրը «Մեծ Չելե», իսկ, իսկ հաջորդ քսան օրը «Փոքր Չելե» էին կոչում: Այս գիշերն իրանցիների համար սուրբ է համարվել և ք.ծ.ա. 520 թվականին Դարեհ Ա-ի օրոք մտել է իրանցիների պաշտոնական օրացույցի մեջ: Հնդ-իրանական և հնդ-եվրոպական արիացի ժողովուրդներն այդ օրը նշում էին Արեգակի ծնունդը: Իրանական տարբեր ժողովուրդների մոտ սովորություն էր այդ օրը հավաքվել իրար շուրջ և այդ գիշերը տոնելով, կրակ վառելով ու մրգեր ուտելով ջերմություն փոխանցել միմյանց: Կարմիր խնձորը, նուռն ու ձմերուկը, որոնք հիշեցնում են արեգակի կարմրությունը,  յուրահատուկ նշանակություն ունեին: «Յալդա»-ն դարեր շարունակ հույսի ուսուցիչ է եղել իրանցիների համար, ու  շարունակ նրանց սրտերում վառ է պահել հույսի նշույլը, որպեսզի չհանձնվեն անհուսության, հիասթափության, մահվան ու ոչնչացման դիմաց: Մարդկությունը շարունակ դասեր է քաղել ու քաղում է բնությունից և մարդկության ուսուցիչ՝ բնությունը տարվա այս ամենաերկար գիշերվա ընթացքում բոլորին կոչ է անում իրար շուրջ հավաքվելով ջերմություն փոխանցել միմյանց, որպեսզի բարեկամության ու սիրո այդ ջերմությունն արևածագի և խավարի դեմ լույսի հաղթանակի ավետաբերը լինի:

 

 

Քեյհան

Ղոդսի ինթաֆադան թևակոխեց երրորդ շաբաթը

 

Շարունակվում է Պաղեստինյան տարածքներում ու մասնավորապես Հորդանան գետի արևմտյան ափի անհանդարտությունների երրորդ շաբաթը: Ղոդսի կապակցությամբ Թրամփի որոշման դեմ բողոքները սրվել են, ու լրատվամիջոցներ հաղորդել են, որ իրավիճակը պայթունավտանգ է դարձել:

«Ռոյտերզ»-ն, «Այս օրերին Պաղեստինի տարածքները գտնվում են պայթյունի սեմին» խորագիրը կրող մի հաղորդման մեջ տեղեկացրել ւ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու և այդ քաղաքը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման դեմ բողոքներն ու ցույցերը շարունակվելու մասին: Լրատվամիջոցը և գրել է, որ ամեն օր Պաղեստինում ու դրանից դուրս Թրամփի որոշման դեմ համաշխարհային բողոքների մասին լուրերը հավելում են կրում, ու թվում է, որ Պաղեստինը գտնվում է պայթյունի սեմին:

Բրիտանական գործակալության հաղորդման մեջ նշված է. «Սիոնիստ մի քանի զինվորների կողմից պաղեստինցի  պատանու ձերբակալության տեսանյութի հրապարակումից հետո, որը մեծ տարածում գտավ, այժմ սոցիալական ցանցերում ձեռքից ձեռք է փոխանցվում Ռամոլլահում ձմեռ պապիկի հագուստ կրող պաղեստինցի մի երիտասարդի քարեր նետելու տեսանյութը: Երեքշաբթի օրը հրապարակվեց մի տեսանյութ, որում պաղեստինցի աղջիկը, սիոնիստ մի զորայինի ապտակելուց հետո ձերբակալվել էր: Այս տեսագրության մեջ նկատվում են մի խումբ պաղեստինցի կանայք, որոնք զայրացած բղավում են իսրայելցի երկու զինվորների վրա»:

Զավթված Պաղեստինում անհանդարտությունները սկսվեցին դեկտեմբերի 6-ին՝ Թրամփի ընդունած որոշման դեմ համաշխարհային բողոքների հետ միաժամանակ:

 

 

Ռեսալաթ

Թրամփը սարսափում է միջազգային մեկուսացումից՝ ԱՄՆ-ն սպառնաց ՄԱԿ-ի անդամներին

 

Ղոդսը Սիոնիստական զավթող ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիտ, անօրինական ու լկտի որոշումն աշխարհում Սպիտակ տան առավել մեկուսացման պատճառ է դարձել: Եգիպտոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկեց մի բանաձև, որը պահանջում էր դադարեցնել Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու Թրամփի որոշման գործադրումը: Բանաձևը վայելելով անդամ 14 երկրների հովանավորությունը քվեարկության դրվեց, սակայն ԱՄՆ-ն վետո դրեց դրա վրա: ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիազ Մանսուրն ասել է, որ հավանաբար կտրուկ աջակցություն կցուցաբերվի այն գաղափարին, թե Ղոդսի հարցը պիտի կարգավորվի Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցության միջոցով: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «ՄԱԿ-ի ԳԱ-ն առանց վետոյից որևէ մտահոգություն ունենալու, միջազգային հանրությանը կասի, թե մերժում է ԱՄՆ-ի որոշումը»: ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան ու Ուկրաինան այն 14 երկրների շարքում էին, որոնք անցած երկուշաբթի օրը կողմ քվեարկեցին Եգիպտոսի առաջարկած բանաձևին: Բանաձևի շուրջ քվեարկությունից հետո ԱՄՆ ներկայացուցիչը դա վիրավորական հայտարարեց և ասաց, որ այդ հարցը չի մոռացվելու: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը միջազգային հանրությանն ազդարարել է, որ այսօր ՄԱԿ-ի ԳԱ-ում Ղոդսի մասին Թրամփի որոշման դեմ քվեարկությանը մասնակցող երկրների անունները փոխանցվելու են ԱՄՆ նախագահին: ՄԱԿ-ի ԳԱ-ն այսօր արտահերթ նիստ գումարելով քվեարկություն է կատարելու ԱԽ-ում ԱՄՆ-ի կողմից մերժված բանաձևի մասին:

 

Հայկական ժամանակ

ՀՀ-ում և Ադրբեջանում նախագահական առաջիկա ընտրություններն արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները

 

«2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններն արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:

ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան և առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու:

Տարին կարևոր կլինի ԵՄ-ի հետ պայմանավորվածության հարմարեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:

Սակայն այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը:

«Երկու անդրկովկասյան երկրի նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրացումներ»,-գրում է թերթը:

 

 

168 ժամ

Ինչպես ԵՄ-ՀՀ հարաբերություններում, այնպես էլ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է. Սյուզան Ստյուարտ

 

«Արևմտյան կառույցները չեն կարող իրենց գործընկերներին համագործակցություն պարտադրել: Այնքանով, որքանով Հա­յաստանը պատրաստ է եղել այդ համագործակցությանը, այն դրական է զարգացել, հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական են: Սակայն դրանք բավարար չեն: ՆԱՏՕ-ն հա­մագործակցության լայն սպեկտոր է առաջարկում Հայաստանին, որքան խորը լինի համագործակցությունը, այնքան ավելի պաշտպանված կլինի Հայաստանը, քանի որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին աջակցում է Հայաստանի պաշտպանական համալիրի արդիականացմանը, բարեփոխմանը, պաշտպանունակության բարձրացմանը, Հայաստանի ցանկության դեպքում հարաբե­րությունների հնարավոր ողջ համալիրը կկիրառվի Հայաստա­նի դեպքում, բայց Հայաստանը չի կարող իրեն նման բան թույլ տալ ՀԱՊԿ անդամակցության պատճառով»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ համագործակ­ցությանը:

Ըստ նրա՝ տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը հնարավորինս արդյունավետ համատեղել ՆԱՏՕ-ի հետ գործընկերու­թյան հետ: «Ուսումնական կենտրոնի բացումը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում կարևոր քայլ է, այս ուղղությամբ Հայաստանն իր աշխատանքը կշարունակի, քանի դեռ դրա հա­մար խոչընդոտներ չկան ՀԱՊԿ-ի կողմից: Ինչպես ԵՄ-ՀՀ հարա­բերություններում, այնպես էլ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է, և Հայաստանը փորձում է հնարավորն անել տպավորություն ստեղծելով, թե նույնիսկ ավելին է ցանկանում, ոչ մի ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ երկրում նման ընդարձակ ՆԱՏՕ-ՀՀ, ՀՀ-ԵՄ համագործակցություն չկա, ՀՀ իշ­խանություններն իսկապես դրան ձգտում են, այլ հարց է, թե որ­քանով է այդ ընդլայնված ձևաչափը հնարավոր ռուսական պրոյեկտների հետ համատեղել»,- ասել է Ստյուարտը: