Մամուլի տեսություն 22-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i79359-Մամուլի_տեսություն_22_12_2017
Պաղեստինյան ինքնավար վարչակազմի խոսնակը հինգշաբթի գիշեր արձագանքելով Ղոդսի կապակցությամբ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի նախագծի վավերացմանն, ասել է. «Այս բանաձևի վավերացումն ապացուցեց, որ Թրամփի որոշումը մերժված է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 06:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-12-2017

Պաղեստինյան ինքնավար վարչակազմի խոսնակը հինգշաբթի գիշեր արձագանքելով Ղոդսի կապակցությամբ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի նախագծի վավերացմանն, ասել է. «Այս բանաձևի վավերացումն ապացուցեց, որ Թրամփի որոշումը մերժված է:

ԻՌՆԱ

ՄԱԿ-ի բանաձևն ապացուցեց, որ Թրամփի որոշումը մերժված է

 

Պաղեստինյան ինքնավար վարչակազմի խոսնակը հինգշաբթի գիշեր արձագանքելով Ղոդսի կապակցությամբ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի նախագծի վավերացմանն, ասել է. «Այս բանաձևի վավերացումն ապացուցեց, որ Թրամփի որոշումը մերժված է:

Պաղեստինի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՎԱՖԱ-ի հաղորդման համաձայն,   Նաբիլ Ռադինան ասել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ում բանաձևի նախագծի վավերացումը Պաղեստինի համար հաղթանակ էր»:

«Այս բանաձևն ապացուցեց, որ Պաղեստինի հարցը վայելում է միջազգային հանրության հովանավորությունը և ցանկացած կողմից միակողմանի որոշում չի կարող փոխել իրականությունը և միջազգային օրենքների համաձայն Ղոդսը զավթված տարածք է համարվում»,-ընդգծել է Պաղեստինյան ինքնավար վարչակազմի խոսնակը:

Նա հավելել է. «Մենք ՄԱԿ-ում ու միջազգային շրջանակներում կշարունակենք զավթողականության կանխմանն ու արևելյան Ղոդսը մայրաքաղաք ունենալով Պաղեստինյան երկրի ստեղծմանն ուղղված մեր ջանքերը»:

«Միջազգային շրջանակների օրինական բանաձևերի դեմ սպառնալիքն ու ոտնձգությունը չկարողացավ կանխել այս բանաձևի ընդունումը»,-հայտարարել է Նաբիլ Ռադինան:

Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք չնայած գործադրված ճնշումներին, պաշտպանեցին բանաձևի նախագիծը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն 128 կողմ 9 դեմ և 35 ձեռնպահ ձայներով վավերացրեց զավթված Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի վերջին որոշման դեմ ուղղված բանաձևի նախագիծը:

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը Միջին Արևելքում բոլոր ճգնաժամերի ու հակամարտությունների ակունքն է: Նա նշել է, որ դա իրականություն է, որը վաղուց նաև ընդունվել է ՄԱԿ-ի կողմից:

ԱՄՆ-ը երկուշաբթի գիշեր ԱԽ-ում վետո դրեց Ղոդսի կապակցությամբ Եգիպտոսի առաջարկած բանաձևի նախագծի վրա:

ԱԽ  մյուս բոլոր  անդամները կողմ էին Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկած նախագծին:

Եգիպտոսի առաջարկած բանաձևն առանց որևէ երկրի անուն հիշատակելու կամ որևէ երկրի դատապարտելու չեղյալ էր հայտարարում Ղոդսի կացության մեջ փոփոխությանն ուղղված ցանկացած քայլ և բոլոր երկրներին կոչ էր անում հրաժարվել զավթված տարածքներում իրենց դեսպանատունը Ղոդս փոխադրելուց:

 

 

Ֆարս

Զորավար Վահիդի. Ամերիկացիներն Իրանի ռազմավարության ու վերահսկված պատերազմների գերին են

 

Իրանի պաշտպանության նախկին նախարար ու Ազգային պաշտպանության համալսարանի տնօրեն զորավար Ահմեդ Վահիդին ասել է. «Ամերիկացիները միշտ ձգտել ու ձգտում են հնարավորության դեպքում հարձակվել Իրանի վրա, սակայն ավելի փոքր ասպարեզներում մեր ռազմիկների ռազմավարության ու վերահսկված պատերազմների գերին են դարձել»:

Սնդրադառնալով Իրանի ռազմական հզորությանը, նա նշել է. «Այս հզորության համար պարտական ենք ջահադի ու նահատակության մշակույթին: Նահատակությունը միայն վերացական հասկացություն չէ ու չի կարելի  այն սահմանափակել հոգևոր ու բարոյական հզորությամբ: Դա մեր ազգային անվտանգության ապահովողն ու հզորության մարմնացումն է»:

«Ամերիկացիները շարունակ ձգտել են ու ձգտում են հնարավորության դեպքում հարձակվել Իրանի վրա, սակայն ավելի փոքր ասպարեզներում մեր ռազմիկների ռազմավարության ու վերահսկված պատերազմների գերին են դարձել և դրա մեկ նմուշը Պարսից ծոցում ամերիկացի զորայիններին գերության վերցնելն էր»,-նշել է զորավար Վահիդին:

Իրանի Ազգային պաշտպանության համալսարանի տնօրենը հավելել է. «Իրենք էլ գիտեն, որ եթե նման քայլի դիմեն կամ նրանց կողմից որևէ քայլ ձեռնարկվի, Վիետնամից ավելի աղետալի պարտություն են կրելու»:

«Չնայած Իրանի ռազմական մեծ հզորությանը, այն ինչ այդ հզորությունն առավել կենսունակ է դարձնում, ջահադի ու նահատակության հոգեվիճակն է է, որ բազմապատկում է դիմադրության ուժը և դրա հետևանքներն ակնհայտ  են տարածաշրջանում: Մենք ականատես ենք, որ Եմենի դեմ հարձակման հազարերորդ օրում 38 երկրների կոալիցիան չի կարողանում ծնկի բերել ահդ երկրին ու այսօր նրանց հարվածում են Եմենի հրթիռները»:

«Մեր հզորությունը ձևավորվել է դիմադրության ու կողմնորոշման վրա և տարածաշրջանում ու աշխարհում երկու ճակատների դիրքավորման ականատես ենք. մեկն աստվածային ու բարոյական Իրանն է, իսկ մյուսը՝ ոճրագործությամբ հայտնի Ամերիկան»:

 

 

Սպուտնիկ Արմենիա

ՄԱԿ–ի քվեարկությունը. ԱՄՆ–ն սպառնացել է նաև ՀՀ–ին` Երուսաղեմի հարցի

 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում  Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը:

Արձանագրությանը ԱՄՆ–ի և Իսրայելի հետ մեկտեղ դեմ են քվեարկել 7 երկիր` Հոնդուրասը, Միկրոնեզիան, Գվատեմալան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն:

Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ–ին անվանել է «ստի որջ»։

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:

Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չճանաչեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

Արձանագրությանը կողմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, նաև Ադրբեջանը։ Արձանագրությունը պատրաստվել էր Թուրքիայի և Եմենի կողմից։

Իր հերթին ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին Independent–ին ասել է, որ ԱՄՆ–ի համար ՄԱԿ–ի որոշումը ոչինչ չի նշանակում։ Ավելին` նա սպառնացել է և ասել, որ ԱՄՆ–ը կհիշի այս օրը, երբ հերթական անգամ ՄԱԿ–ին պետք կլինի Նահանգների ներդրումը և երբ շատ երկրներ իրենց իսկ բարօրության համար դրամական օգնություն հայցեմ Միացյալ Նահանգներից։

Հիշեցնենք, որ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի 6–ին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:

 

 

News.am

Կատալոնիայի նախկին առաջնորդը պահանջել է ընտրություններից հետո չեղյալ համարել Իսպանիայի ուղիղ կառավարումը

 

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը շրջանային ընտրություններում անկախության կողմնակիցների հաղթանակից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որի համաձայն հաստատվել է կենտրոնի ուղիղ կառավարում:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ սա ի գիտություն ընդունի ոչ միայն (Իսպանիայի վարչապետ Մարիանո) Ռախոյը, այլեւ  մյուսները: Նա Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Վաղը, երբ նախարարություններն իրենց աշխատանքը սկսեն, 155-րդ հոդվածը պետք է չեղյալ համարվի, բանտարկյալները ազատվեն, մենք պետք է հետ վերադառնանք»: Նա շեշտել է Կատալոնիայի լեգիտիմ կառավարությունը վերադարձնելու անհրաժեշտությունը:

Ձայների 99,3 տոկոսի հաշվարկից հետո Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող կուսակցությունները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել: Այսպիսով, անկախության կողմնակիցները, նախնական տվյալներով, վարչապետին ինքնուրույն հաստատելու հնարավորություն են ստանում, սակայն բաց է մնում հարցը, թե ով կլինի նա: «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության առաջնորդ Պուչդեմոնը չի կարող Իսպանիայի սահմանը հատել, քանի որ նրան կալանք է սպառնում: «Ձախ հանրապետականների» առաջնորդ Օրիոլ Ժունկերասն արդեն բանտում է: