Սուրբծննդյան «կախարդական» տոնավաճառները Եվրոպայում
Ամեն տարի նոյեմբերի վերջին եվրոպական գրեթե բոլոր երկրներում բացվում են Սուրբծննդյան «կախարդական» տոնավաճառներ, որտեղ հնարավոր է գնել տարբեր տոնական նվերներ, փորձել ավանդական խոհանոցի ուտեստներ, սովորել քաղցրավենիք պատրաստել և մասնակցել տարբեր ձմեռային զվարճանքների:
Յուրաքանչյուր երկրի տոնավաճառում արտացոլված են տվյալ երկրի մշակութային առանձնահատկությունները: Դրանք, որպես կանոն, տեղակայվում են եվրոպական քաղաքների կենտրոնական հրապարակներում` մասնավորապես գլխավոր տաճարների շուրջ: Ստորև ձեզ ենք ներկայացնում եվրոպական լավագույն տոնավաճառներից մի քանիսը.
Սուրբծննդյան ամենաառաջին տոնավաճառը բացվել է 1570թ․ Ստրասբուրգում և կրել է Christkindelsmärik անվանումը, որը թարգմանաբար նշանակում է Մանուկ Հիսուսի տոնավաճառ: Մինչ օրս քաղաքը շարունակում է հանդիսանալ «Սուրբ Ծննդյան մայրաքաղաք»: Քաղաքի կենտրոնում տեղադրված 300 տաղավարներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ: Դրանք հիմնականում հայտնի են իրենց տաք գինիների տեսականիով և կծու համեմունքներով: Ամեն տարի տոնավաճառն ունենում է մոտ 2 մլն. այցելու: Այստեղ կազմակերպվող Սուրբ ծննդին նվիրված համերգները, կենդանի երաժշտությունը, մշակութային միջոցառումները ձմռան ցուրտ ամսին ջերմ մթնոլորտ են ստեղծում այցելուների համար:
Բեռլինի Ժանդարմենմարկտ հրապարակում տեղակայված ամանորյա տոնավաճառն ամենամարդաշատ և ամենատոնական վայրերից է. այն ամեն տարի ավելի քան 600 հազար մարդ է այցելում: Տոնավաճառը հայտնի է մասնավորապես այնտեղ վաճառվող ձեռագործ աշխատանքներով: Սուրբ ծննդյան օրերին Բեռլինի տոնավաճառ են այցելում արհեստավորներ աշխարհի տարբեր ծայրերից իրենց տաղանդը ցուցադրելու համար: Այստեղ կարելի է գտնել փղոսկրե, ինչպես նաև օրիգամի եղանակով պատրաստված ապրանքներ: Ավելին, կան նաև բազմաթիվ սննդի տաղավարներ, որտեղից կարելի է գնել սպիտակ շոկոլադե կաթ, տապակած խնձոր, պանրի հատուկ տեսականի: Հրաշալին այն է, որ այցելուները կարող են համտեսել նախքան գնելը:
Բիրմինգհեմի «Ֆրանկֆուրտի սուրբծննդյան տոնավաճառն» ամենամեծն է Մեծ Բրիտանիայում: Առաջին հայացքից տոնավաճառի անվանումը զարմանալի է թվում, սակայն Բիրմինգհեմը Ֆրանկֆուրտի քույր քաղաքն է, այդ իսկ պատճառով տոնավաճառը այդպես է կոչվում: Այն տեղակայված է Վիկտորիայի հրապարակում (Victoria Square) և անցկացվում է դեկտեմբերի 17-ից մինչև 23-ը: Տոնավաճառն առաջարկում է ավանդական ապրանքների և նվերների լայն տեսականի, ինչպես նաև յուրահատուկ կերակրատեսակների և խմիչքների ընտրանի: 120 տաղավարից կազմված տոնավաճառում մոդայի սիրահարները կարող են կատարել տոնական շքեղ գնումներ:
Բոլցանոյի սուրբծննդյան տոնավաճառը Իտալիայում ամենամեծն է: Այստեղ տեղադրված մոտ 80 փայտե տաղավարներում տեղացի արհեստավորներն իրենց ապրանքներն են առաջարկում, և այդ պատճառով այն հիանալի վայր է հանդիսանում Սուրբ Ծննդյան նվերներ գնելու տեսանկյունից: Առաջարկվող ապրանքները բազմազան են` ձեռքով պատրաստված մոմերից մինչև ապակյա գնդակներ և փայտյա փորագրված քանդակներ: Տոնավաճառում կարելի է համտեսել ավանդական ուտեստներ, ինչպես նաև խմել տաք խնձորի հյութ և գինի:
Երկու տարի շարունակ Զագրեբը ճանաչվել է «լավագույն տոնավաճառային վայր» ամբողջ Եվրոպայում: Զագրեբում Սուրբծննդյան տոնավաճառները տեղակայված են տարբեր վայրերում, ուստի` մեկ տոնավաճառից մյուսը գնալու համար այցելուները հնարավորություն ունեն նաև քաղաքի տեսարժան վայրերը դիտել: Այստեղ այցելուները կարող են սահել սառցադաշտում, հիանալ սառցե քանդակներով, համտեսել ավնադական թխվածքաբլիթներ և, իհարկե, լսել կենդանի երաժշտություն: Իսկ «Սուրբծննդյան ուրախ տրամվայը» հնարավորություն կտա երեխաներին շրջել քաղաքով Ձմեռ պապի և էլֆերի հետ միասին:
armedia.am/