Մամուլի տեսություն 26-12-2017
Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը ոչ միայն զայրույթ է պատճառել աշխարհի մուսուլմաններին, այլև ստվեր է գցել Պաղեստինի քրիստոնյաների ամենամեծ տոնակատարության՝ Ս. Ծննդյան տոնի վրա:
Իրան
Զավթված պաղեստինի քրիստոնյաների հակասիոնիստական դիրքորոշումը
Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը ոչ միայն զայրույթ է պատճառել աշխարհի մուսուլմաններին, այլև ստվեր է գցել Պաղեստինի քրիստոնյաների ամենամեծ տոնակատարության՝ Ս. Ծննդյան տոնի վրա: Այն պայմաններում, երբ ամեն տարի այս օրերին Պաղեստինի քրիստոնեաբնակ փողոցները զարդարվում էին տոնածառերով ու ճրագներով՝ ընդգծելով մուսուլմանների ու քրիստոնյաների միջև խաղաղ համակեցության ու միասնականության ոգին, այս տարի Թրամփի ընդունած որոշումը պատճառ դարձավ, որ Պաղեստինի քրիստոնյաները կրկին անգամ զորակցեն իրենց մուսուլման հարևաններին ու հայտարարեն, որ այդ անարդար քայլի պատճառով այս տարի որևէ տոնակատարություն չեն կազմակերպում: «Իրան» օրաթերթը հղում կատարելով «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին հաղորդեց, որ քրիստոնյա առաջնորդները, ովքեր ավելի վաղ ԱՄՆ նախագահի որոշումը վտանգավոր ու վիրավորական էին բնութագրել, այս անգամ էլ ապացուցեցին, որ ամեն դեպքում պաշտպանում են մուսուլմաններին: Երուսաղեմի հունական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետ Աթաոլլահ Հանան կիրակի օրը հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեց. «ԱՄՆ-ի այս որոշումը բացահայտ վիրավորանք է աշխարհի քրիստոնյաների ու մուսուլմանների հասցեին, ովքեր Երուսաղեմ ամենասրբազան վայրն ու իրենց ազգային ժառանգությունն են համարում: Մենք պաղեստինցիներս, քրիստոնյա թե՝ մուսուլման, կտրուկ մերժում ենք Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ-ի որոշումը: ԱՄՆ-ն քայլ է ձեռնարկել, որին միջամտելու իրավասությունը չունի»:
Ամեն տարի Բեթղեհեմը դեկտեմբերի վերջին հյուրընկալում էր պաղեստինցի քրիստոնյաների տոնակատարությանը մասնակցելու և պատմական այդ քաղաքում աշխարհի երկու մեծ կրոնների հետևորդների միասնականությունը դիտելու համար աշխարհի տարբեր կողմերից այդտեղ ժամանող զբոսաշրջիկների, սակայն այս տարի Պաղեստինի ժողովրդի դեմ զավթիչ ռեժիմի հարձակումների պատճառով Բեթղեհեմը զրկվել է զբոսաշրջիկների ներկայությունից:
Քեյհան
ԱՄՆ-ի ատոմային փորձարկումները խլել են 690 հազար ամերիկացիների կյանքը
Ամերիկացի մի գիտնական ասում է, որ տարիներ տևած հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ատոմային փորձարկումների ամերիկացի զոհերի իրական թիվը 7 անգամ գերազանցում են Վաշինգտոնի հայտարարված պաշտոնական թվերին և զոհերի իրական թիվը 340 հազարից 690 հազար հոգի է:
Արիզոնայի համալսարանի հետազոտող Քեյս Միերզը բացահայտումներ կատարելով հատկապես 1950-ական թվականների իրականացված ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների հետևանքների մասին հայտարարել է, որ այդ փորձարկումները պատճառ են դարձել, որ ռադիոակտիվ ճառագայթումները կաթի միջոցով մտնեն ժողովրդի սննդային շղթան: Նա այնուհետև ներկայացրել է Նեվադայում արտադրված կաթի ապականության չափերի մասին իր գնահատումները:
Միերզը պարզել է, որ 1951-ից 1973 թվականների կտրվածքում միջուկային փորձարկումները 395 հազարից 695 հազար հոգու մահվան պատճառ են դարձել և իհարկե այդ իզոտոպների պատճառով ապականությունը միայն Նեվադայում գտնվող փորձարկումների մերձակայքով չի սահմանափակվել ու տարածվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:
Այս հետազոտության արդյունքները պարզում են, որ միջուկային ճառագայթումների հետևանքով զոհված ամերիկացիների թիվը հավասար է Ճապոնիայի Հիրոսիմա և Նակազակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների զոհերի թվին:
ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ համաձայնել էր 2 միլիարդ դոլար հատուցում վճարել ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների զոհերին կամ նրանց հարազատներին: Այդ գումարը շատ չնչին կարող է լինել այն 695 հազար հոգու համար ովքեր 1951-ից 1973 թվականների ընթացքում զոհվել են ռադիոակտիվ ճառագայթումների հետևանքով:
Ռեսալաթ
Ահաբեկիչների բաժինն ԱՄՆ-ի 2018 թվականի բյուջեից
Սիրիայում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական ու թաքֆիրական մյուս խմբերի կրած ծանր պարտությունը ծանր ցնցում փոխանցեց ԱՄՆ-ին: Դա պատճառ դարձավ, որ ամերիկացի պատասխանատուներն ու Կոնգրեսի ներկայացուցիչներն օրակարգում ներառեն Սիրիայում անջատական խմբերի ուղղակի հովանավորումը: Դրա նպատակն է պահպանել Սիրիայում անվտանգության հետ կապված ճգնաժամը և նոր ճգնաժամ ներարկել այդ երկիր: ԱՄՆ նախագահը 2018 թվականի բյուջեում 400 միլիոն դոլար հատկացում է նախատեսել Սիրիայի հյուսիս-արևելքում ակտիվ ահաբեկիչների զինմանը: Դոնալդ Թրամփը չնայած այս օրերին նախորդ նախագահների դեմ սանձազերծած պայքարին ու այն հավակնության, թե նրանք անտեղի 7 թրիլիոն դոլար ծախսել են Ասիայի արևմուտքում ապարդյուն պատերազմների համար, ինքը առաջիկա տարվա բյուջեում 400 միլիոն դոլար հատկացում է կատարել Սիրիայի կառավարության դեմ կռվող զինված խմբերին: Հաղորդման համաձայն հիշյալ բյուջեն հատկացվելու է քուրդ անջատականներին: Թրամփն այն պայմաններում է Սիրիայի անջատական քրդերին զինելու համար բյուջե նախատեսել, երբ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան խոստացավ սպառազինական աջակցություն չցուցաբերել Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին:
Բյուջեի հատկացումը լինելու է այնպես, որ Սիրիայի ժողովրդական ուժերին թույլատրելու է ներգրավել ահաբեկչական խմբերի թափթփուկներին: Փաստաթղթում հիշատակված է, որ հիշյալ քրդական ուժերի թիվը ներկա 25 հազարից պիտի բարձրացվի 30 հազար հոգու և նրանց շարքերին միացող 5000 նոր անդամները պիտի արաբներ լինեն:
Ալիք
Իրանահայ պատգամավորները երախտագիտություն են հայտնել Հանրապետության նախագահին
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով իրանահայ նահատակ զինվորներ Էդվին Շահմիրյանի եւ Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին կատարած այցի կապակցությամբ, Իսլ. խորհրդարանում իրանահայության պատգամավորներ դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը երախտագիտություն են հայտնել Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:
«Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ ծնունդի կապակցությամբ հայ նահատակների ընտանիքներին կատարած Ձեր այցն իրանահայ համայնքի հպարտության պատճառը դարձավ:
Որպես իրանահայության պատգամավորներ մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում միասնություն սերմանող այս Աստվածահաճո արարքի կապակցությամբ, եւ Նոր տարում ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեր առողջությունն ու հաջողությունը»,- գրված է իրանահայ պատգամավորների երախտագիտության նամակում:
Ժամանակ
Պուտինի ուշագրավ հայտարարությունը Հայաստանի համար
«Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածության տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճանի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջացնում են լարված սպասումներ:
Այսօր տեղի ունենալիք այցից առաջ, սակայն, տեղի է ունեցել մի բան, որը թերևս կնպաստի սպասումների լարվածության թուլացմանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը հանդիպելով Պետդումայի պատգամավորներին՝ հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումից հետո դեպի վատն է գնացել, սակայն եթե ԱՄՆ-ն չլիներ, ապա իրավիճակը ավելի վատ կլիներ:
Պուտինը հայտարարել է, որ թեև բարդ հարաբերություններ ունեն Նահանգների հետ, այնուհանդերձ պետք է օբյեկտիվ մոտենան իրականությանը:
Պուտինի այդ հայտարարությունն, անշուշտ, ուղիղ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի այցի հետ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինն Աֆղանստանի առիթով փոխանցում է երկու էական մեսիջ: Նախ այն, որ ԱՄՆ-ն շատ կոնկրետ ապահովում է Ռուսաստանի թիկունքը Աֆղանստանի ու միջինասիական հատվածի մասով ընդհանրապես և եթե հետ քաշվի, ապա Ռուսաստանի համար այդ գոտում իրավիճակը կլինի վատ, և մյուս մեսիջն այն է, որ Պուտինը, ըստ էության, բացահայտ հայտարարում է, որ իրողություններին պետք է մոտենալ օբյեկտիվ, մասնավորապես՝ ԱՄՆ դերակատարման հարցում: Իհարկե, սա անկասկած չի փոխելու ռուսական պաշտոնական քարոզչությունը, որի առանցքում վատ Արևմուտքն է և դրանից Ռուսաստանը փրկող Պուտինը, սակայն Հայաստանի համար կոնկրետ այդ հանգամանքը այնքան էլ էական չէ: Հայաստանի համար էական է ռեալ պոլիտիկի պարագան, որն էլ արտահայտվում է Պուտինի նմանօրինակ հազվադեպ, սակայն բավական խոսուն նպատակային գնահատականներում: Իսկ դա ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի նախագահն, այնուհանդերձ, պատրաստ է իրողություններին նայել օբյեկտիվության դիրքերից կամ պարզապես ռացիոնալության՝ իրապաշտորեն գնահատելով Ռուսաստանի ռեսուրսները: