Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Աֆրինի գործողության մանրամասները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողության թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Հայտնի է, որ հեռախոսային քննարկման ընթացքում Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին և բխում են թե՛ Թուրքիայի անվտանգության, թե՛ ահաբեկչության դեմ պայքարի շահերից:
Նշվում է, որ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ջոկատներին զենքի մատակարարման դադարեցման անհրաժեշտության հարցը:
Թրամփն, իր հերթին, Էրդողանից պահանջել է սահմանափակել Աֆրինում ռազմական գործողությունը, ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ Նա հայտարարել է լարվածությունը նվազեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը Սիրիայում անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
tert.am/