6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թայվանում. կան ավերածություններ, հարյուրավոր տուժածներ
Թայվանում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժել է 219 մարդ, 173 մարդ կապի դուրս չի գալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հաղորդվել է երկու զոհի և 202 վիրավորի մասին:
6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 23:50-ին, կղզու հյուսիս-արևելքում գտնվող Հուալյան շրջանի ափերի մոտ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա:
Դրանից հետո Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ավելի քան 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս առնվազն հինգ հետցնցում, ինչպես նաև 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում:
Ստորգետնյա ցնցումները լուրջ ավերածություններ են առաջացրել, առնվազն հինգ շենք մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է Հուալյան շրջանում, այդ թվում՝ 11-հարկանի հյուրանոց: Վերջին տվյալներով՝ հյուրանոցում, որտեղ փլվել են առաջին երեք հարկերը, արգելափակված են մնացել բազմաթիվ հյուրեր, նրանցից 116-ին հաջողվել է տարհանել:
tert.am/