Գերմանիայի նոր կառավարությունը ԵՄ-ին կառաջարկի սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Գերմանիայում կոալիցիոն համաձայնագրի նախագծի համաձայն՝ երրկրի նոր կառավարությունը Եվրամիությանն առաջարկելու է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ, այս մասին գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:«Թուրքիան Գերմանիայի կարևոր դաշնակիցն է ու ԵՄ-ի հետ բազմակողմանի հարաբերությունների տեր հարևան:
Թեև մենք ձգտում ենք այդ երկրի հետ ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ՝ Թուրքիայում ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների մակարդակի տևական անկման հետևանքով չենք ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններում նոր էջ սկսել Թուրքիայի հետ, սակայն չենք էլ ցանկանում փակել բանակցությունների արդեն առկա էջը»,- գրված է նախագծի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին հատկացված առանձին բաժնում:
Նախագծում նշված է, որ եթե Թուրքիան կատարի ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, ապա հնարավոր կլինի բանակցել Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման և Մաքսային միության համաձայնագրի թարմացման հետ կապված հարցերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Spiegel-ը, այսօր առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը և Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելով կոալիցիոն կառավարության վերաբերյալ պայմանագիրը:
tert.am