ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին
Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների խիստ մթագնած ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերջին գործողություններից հետո Վաշինգտոնի ու Անկարայի միջև ծագած լարվածության մեղմացմանն ուղղված ջանքերի շրջանակում, հինգշաբթի օրը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ավագ դիվանագետը առաքելություն ունի մեղմել Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հանդեպ Թուրքիայի զայրույթը: Էներգետիկայի բնագավառում աշխատող «Exxon Mobil» հսկա ընկերության նախկին ղեկավարը, որ Միջին Արևելք կատարած ուղևորության շրջանակում մեկնել է Անկարա, Թուրքիայի նախագահի պալատում հանդիպել է Էրդողանի հետ:
Թիլերսոնն այսօր առավոտյան հանդիպում ու զրույց կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը հասել է 2003 թվականի մակարդակին, երբ Թուրքիան հրաժարվեց Իրաքի տարածքում իրականացվող գործողության ժամանակ ԱՄՆ-ի համագործակցությունից: