Եվրամիությունը նախապատրաստվում է ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի
Եվրամիությունը նախապատրաստվում է ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի:
Եթե Վաշինգտոնի ալյումինի եւ պողպատի ներմուծման սահմանափակումներից եվրոպական ձեռնարկությունները նույնպես տուժեն, ապա ԵՄ-ն արդեն մի քանի օրվա ընթացքում կարող է պատասխան տուրքեր սահմանել ԱՄՆ-ի կարեւոր արտադրանքների վրա, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրներին: Միեւնույն ժամանակ տուրքերը կարող են կիրառվել ամերիկյան ապրանքների ամենալայն տիրույթում՝ սկսած նարնջի հյութից մինչեւ մոտոցիկլետներ:
Եվրահանձնաժողովի ցուցակը գլխավորում են ԱՄՆ-ի գյուղատնտեսական ապրանքները, այդ թվում նաեւ կարտոֆիլը եւ լոլիկը: Դրա հետ մեկտեղ եվրոպացիները ցանկանում են պատասխան միջոցների զգայունությունն ամրապնդել նրանով, որ ենթադրվում է հարվածը հասցնել այն ապրանքներին, որոնք մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ընտրական շրջաններում:
Խոսքը, մասնավորապես, մոտոցիկլետների մասին է, քանի որ Harley Davidson գրասենյակի գլխամասը գտնվում է Վիսկոնսին նահանգում, որտեղից որպես կոնգրեսական առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Եվրահանձնաժողովի ցուցակում ներառված է նաեւ խմիչքներ, որոնք արտադրվում է հիմնականում Թենեսի եւ Կենտուկի նահանգներում՝ Թրամփի դաշնակից Միթչ Մաքքոնելի հայրենիքում: Վերջինս Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդն է: Ինչպես նշում է FAZ-ը, Եվրահանձնաժողովը որպես հիմք է վերցրել այն ապրանքների ցանկը, որը կազմվել էր ԱՄՆ-ի հետ վերջին խոշոր առեւտրային հակամարտության ժամանակ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, սակայն արդիականացրել է այն:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն առաջարկել է լայնածավալ պաշտպանական տուրքեր սահմանել 14 երկրներից ալյումինի եւ պողպատի ներմուծման համար՝ «ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը» պաշտպանելու համար:
Ռոսն առաջարկել է երեք տարբերակներ՝ ներմուծման տուրքն ավելացնել առնվազն 24 տոկոսով բոլոր երկրների համար կամ բարձրացնել ներմուծման սակագինն ամենաքիչը մինչեւ 53 տոկոս 12 երկրներից ներկրման համար՝ ՌԴ-ից, Չինաստանից, Բրազիլիայից, Կոստա-Ռիկայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Մալայզիայից, Հարավային Կորեայից, ՀԱՀ-ից, Թաիլանդից, Թուրքիայից եւ Վիետնամից: Որպես երրորդ տարբերակ առաջարկվում է բոլոր երկրների ապրանքների նկատմամբ քվոտաներ սահմանել:
Աղբյուր՝ Deutsche Welle