Այսօր մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i85241-Այսօր_մեր_զինվորն_Աֆրինում_գնում_է_իր_նախնիների_հետքերով._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անպարկեշտ» ու «անբարոյական» է անվանել բոլոր նրանց, ովքեր մեղադրում են թուրքական ԶՈւ-ին Աֆրինում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ, այս մասին գրում է թուրքական T24 կայքը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 25, 2018 06:12 Asia/Tehran
  • Այսօր մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անպարկեշտ» ու «անբարոյական» է անվանել բոլոր նրանց, ովքեր մեղադրում են թուրքական ԶՈւ-ին Աֆրինում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ, այս մասին գրում է թուրքական T24 կայքը:

«Այսօր մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով: Ասում են, թե ՝ խաղաղ բնակիչներին եք կրակում: Այ անբարոյականներ, անխիղճներ, խաղաղ բնակիչներին հարվածելը ձեր արյան մեջ է, մեր արյան մեջ չէ: Դուք Ռուանդայում, Լիբիայում, Մալիում արեցիք դա», - ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ որևէ մեկը չի կարող դեմ դուրս գալ Աֆրինի ռազմական գործողությանը, քանի որ իրենք այդ կերպ պաշտպանում են իրենց սահմանը:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանը: Ոչ ոք չի կարող մեզ ասել՝ ինչո՞ւ եք ձեր սահմանը պահում: Մենք շարունակելու ենք մեզ վրա հարձակվողներից պատասխան պահանջել:

Այս ժողովուրդը, այս երկրի զինվորները վախկոտներ չեն, մենք վախկոտների երկիր չենք: Այս 4-5 տարվա մեջ մեր երկրի դեմ այնքան հարձակում եղավ՝ դանակը ոսկորին հասավ», - ասել է Էրդողանը՝ միևնույն ժամանակ մեղադրելով Արևմուտքին «ահաբեկիչների հետ թև թև մտած քայլելու» համար:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:

Tert.am