Թրամփը Չինաստանում Սի Ցզինպինի ցմահ կառավարումը «հոյակապ» է համարել
https://parstoday.ir/hy/news/world-i85821-Թրամփը_Չինաստանում_Սի_Ցզինպինի_ցմահ_կառավարումը_հոյակապ_է_համարել
Դոնալդ Թրամփը Չինաստանում Սի Ցզինպինի հնարավոր «ցմահ» կառավարումը «հոյակապ» է անվանել, հայտնում է CNN-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 08:42 Asia/Tehran
  • Թրամփը Չինաստանում Սի Ցզինպինի ցմահ կառավարումը «հոյակապ» է համարել

Դոնալդ Թրամփը Չինաստանում Սի Ցզինպինի հնարավոր «ցմահ» կառավարումը «հոյակապ» է անվանել, հայտնում է CNN-ը:

 ԱՄՆ նախագահը նման արտահայտություն է կատարել իր Մար-օ-Լագո (Ֆլորիդայի նահանգ) նստավայրում հանրապետականների հովանավորների հետ փակ հանդիպման ժամանակ: Հեռուստաալիքին հաջողվել է ձեռք բերել հանդիպման ձայնագրությունը:

«Նա հիմա ցմահ նախագահ է: Ցմահ նախագահ: Ոչ, դա հոյակապ է,- ասել է Թրամփը: - Եվ տեսեք, որ դա նրան հաջողվել է: Ես կարծում եմ, որ դա հոյակապ է: Միգուցե մենք երբեւէ դրան հնարավորություն կտանք»:

Ձայնագրությունը կատարվել է պարահանդեսային դահլիճում լանչի ժամանակ: CNN-ը նշում է, որ Թրամփի հայտարարությունները «աշխույժ էին, երկար, կատակներով ու ծիծաղով էին ընդհատվում»:

Նա խոսել է նաեւ Հիլարի Քլինթոնի մասին: Թրամփի խոսքով՝ հատուկ ծառայությունները նրա դեմ քննություն չեն վարում «ստեղծված համակարգի» պատճառով: «Մենք այնտեղ դեռեւս համապատասխան մարդիկ չունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաեւ հարց է հնչեցրել՝ երջանի՞կ է արդյոք Քլինթոնը: «Երբ նա տուն է վերադառնում, արդյոք ասո՞ւմ է. «Կյանքը որքան հիասքանչ է»: Ես այդպես չեմ կարծում: Մենք երբեք չենք իմանա: Հույս ունեմ, որ նա երջանիկ է»,- ըստ CNN-ի մեջբերման՝ ասել է Թրամփը:

Նշենք, որ դեմոկրատ կոնգրեսական եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը «հոյակապ» է անվանել չնացի առաջնորդ Սի Ցզինպինի հնարավոր «ցմահ» կառավարումը: Այս մասին կոնգրեսականը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Սա կատակ է, թե ոչ, սակայն Սի Ցզինպինի ցմահ կառավարման խոսակցությունները ամենահակաամերիկյան տրամադրություններն են, որը կարող էր արտահայտել ԱՄՆ նախագահը: Ջորջ Վաշինգթոնն իր գերեզմանում կշրջվեր»,- գրել է նա:

Փետրվարի վերջին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն առաջարկել է փոխել երկրի Սահմանադրությունը՝ դրանից հեռացնելով այն արտահայտությունը, որ Չինաստանի նախագահը եւ փոխնախագահը կարող են պաշտոնը զբաղեցնել 2 հնգամյա անընդմեջ ժամկետով: Սի Ցզինպինը Չինաստանի նախագահն է 2013 թվականից, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարի մարտյան համագումարը նրա լիազորությունները կերկարացնի երկրորդ ժամկետում, ինչպես նաեւ կորոշի՝ Սահմանադրության մեջ փոփոխությունները ընդունել, թե ոչ:

News.am