Պուտինն ու Մակրոնն Անկարայի նստաշրջանի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Անկարայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կրեմլի մամլո ծառայությունն ուրբաթ օրը հայտարարել է. «Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության համագումարում ընդունված որոշումների գործադրման միջոցով Սիրիայի հարցերի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն ու նաև Ժնևում ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայի սահմանադրության կոմիտեի անհապաղ ձևավորման նշանակությունը»:
Հեռախոսազրույցի ժամանակ, Ռուսաստանի նախագահն ընդգծել է ԱԽ թիվ 2401 բանաձևի շրջանակներում Սիրիայում կարիքավոր անձանց հումանիտար օժանդակությունների փոխանցման համար միջազգային հանրության ջանքերի մեկտեղման սկզբունքային նշանակությունը:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանն ապրիլի 4-ին գումարվեց Անկարայում, որի ավարտին երեք կողմերը հանդես գալով հաղորդագրությամբ և ընդգծելով Սիրիայի հարցով համագործակցությունը շարունակելու իրենց վճռակամությունը, հայտարարեցին, որ Աստանայի բանակցությունները խթան են հանդիսացել Սիրիայի ամբողջ տարածքում բռնարարքների նվազման համար ու դերակատար են եղել Սիրիայում խաղաղության ու կայունության հաստատման գործում: