Թուրքիայում ձերբակալությունների ալիք է սկսվել
Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ այդ երկրում Գյուլենի կողմնակից 271 բանակայինի ձերբակալման հրաման է արձակվել:
Ձերբակալությունները տեղի են ունենալու Թուրքիայի տարբեր շրջաններում: Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016թ. տեղի ունեցած անհաջող հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հուլիսի 9-ին երկրում ավարտվելու է արտակարգ դրությունը, որից հետո Գյուլենի հետ համագործակցության մեղադրանքով աշխատանքից ազատվելու են զինված ուժերի և պետական այլ կենտրոնների 10 հազար աշխատակիցներ:
Թուրքիայում անհաջող հեղաշրջումից մինչ օրս ձերբակալվել է շուրջ 160 հազար մարդ և գրեթե նույն թվով մարդ էլ ազատվել է աշխատանքից:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի քննադատողները գտնում են, որ նա այդ հեղաշրջումը պատրվակ է ծառայեցնում իր ընդդիմադիրներին հալածելու համար, սակայն Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ այդ քայլերը միտված են դիմագրավել երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները: