Չինաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին
Չինաստանի ԱԳ նախարարն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-Չինաստան առևտրային առճակատման հետևանքով երկու երկրներն էլ տանուլ կտան և վտանգի տակ կդրվեն համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) ԱԳ նախարարների 51-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
Վանգ Յին ասել է.«Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը կարող է ազդել ոչ միայն երկու կողմերի, այլ աշխարհի մյուս ժողովուրդների տնտեսական պայմանների վրա»:
Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Երկու կողմերը պետք է հարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները և բանակցության ու խորհրդակցության միջոցով երկկողմ հարաբերությունները ճիշտ հունով առաջ մղեն»:
Մայք Պոմպեոն ևս կարևորելով Պեկին-Վաշինգտոն առևտրային հարաբերությունները հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի ծրագիր չունի Չինաստանի տնտեսական զարգացումը կասեցնելու համար: