Մերկելն աջակցում է Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ համաձայն է ՌԴ նախագահի հետ՝ Սիրիայի Իդլիբ շրջանում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի անհրաժեշտության կապակցությամբ:
RTL լրատվական ցանցին տված հարցազրույցի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աջակցում է Սիրիայում իրականացվող Ռուսաստանի գործողություններին:
Նա հավելել է. «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար, սակայն միաժամանակ կարևոր է նաև քաղաքացիների պաշտպանության հարցը»:
Մերկելը հայտարարել է, որ ավելի վաղ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկելով պատերազմի գոտիներում մարդասիրական արտակարգ իրավիճակների կանխարգելման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ, Սիրիայի պաշտոնյաները հայտարարել էին Իդլիբ նահանգի ազատագրման համար խոշոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին:
Այժմ Իդլիբ նահանգում կան բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, և սիրիական բանակը պատրաստվում է մաքրել նահանգը: