Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին Հնդկաստանը իրանական նավթ է գնել
Հնդկաստանի կառավարության ավագ պաշտոնյան ասել է, որ այդ երկրի պետական նավթընկերությունները սույն թվականի հոկտեմբերին նավթ են գնել Իրանից: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հղում անելով Հնդկաստանում լույս տեսնող «Բիզնես Ստանդարտ» թերթին:
Ըստ հաղորդման՝ Հնդկաստանի նավթի նախարարության միջազգային համագործակցությունների բաժնի ղեկավար Սանջի Սուդիրն ասել է.«Իրանը ավանդաբար Հնդկաստանի նավթի կարևոր մատակարարն է, և Նոր Դելին մեծ ուշադրություն է դարձնում իր էներգետիկ անվտանգությանը»:
Հնդկաստանն իր նավթի պահանջարկի 80 տոկոսն ապահովում է ներկրումների միջոցով:
Հնդկաստանի նավթազտարանները սույն թվականի հոկտեմբերին մոտ 10 միլիոն տոննա անմշակ նավթ են ներկրել Իրանից:
Հնդկաստանն այն դեպքում է շարունակում իրանական նավթ գնել, երբ ԱՄՆ-ն Նոր Դելիից պահանջել է Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, նավթ չգնել Իրանից:
Ավելի վաղ, Թուրքիան, Ճապոնիան, Հնդկաստանն ու Չինաստանը հայտարարել են, որ չեն պատրաստվում հետևել իրանական նավթ չգնելու վերաբերյալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներին: