Ճախրանք սիմորղի հետ ՝ արևելքից արևմուտք Մասնավոր հաղորդում ՝ Աթթար Նեյշաբուրիի մեծարման օրվա առիթով
Իրանի պաշտոնական օրացույցում , ֆարվարդինի 25-ը հռչակվել է լուսնային հիջրեթի 7-րդ դարի իրանցի աշխարհահռչակ միստիկ , բանաստեղծ ՝ Ֆարիդեդդին Աթթար նեյշաբուրիի մեծարման օր : Աթթարը բարձր դիրք է զբաղեցնում իրանական պոեզիայում :
Իրանի պաշտոնական օրացույցում , ֆարվարդինի 25-ը հռչակվել է լուսնային հիջրեթի 7-րդ դարի իրանցի աշխարհահռչակ միստիկ , բանաստեղծ ՝ Ֆարիդեդդին Աթթար նեյշաբուրիի մեծարման օր : Աթթարը բարձր դիրք է զբաղեցնում իրանական պոեզիայում : Նրա թողած միստիկական գաղափարներն առանձնահատուկ նշանակություն ունեն իրանա-իսլամական միստիցիզմի ձևավորման գործում :
Աթթարը հանդիսանում է պարսից միստիկական գրականության երեք գագաթներից մեկը : Նրա «Մանթեղ-ալ-թեյր»-ը համարվում է աշխարհի միստիկական ամենահայտնի ստեղծագործությունը և կարելի է ասել , որ Իսլամ աշխարհի միստիկական չափածո գրականության մեջ Մոլավիի Մասնավիից հետո , որևէ այլ ստեղծագործություն չի կարող չափվել նրա հետ : Աթթարը բազմաթիվ նորարարություններ է կատարել , միստիկական գրականության և՛ բովանդակության և՛ ձևի առումներով : «Մանթեղ-ալ-թեյր» ստեղծագործությունում Աթթարը ներկայացնում է հավքերին , մարգարեների հետ նրանց կապերը և ի վերջո եզրակացնում , որ եթե մարդը կարողանա սանձել իր ներաշխարհն ու կրքերը , ապա նա կարող է հասնել կատարելության : Աթթարի ստեղծագործություններից են «Մոսիբաթնամե»-ն, «Մոխթարնամե»-ն, «Բանաստեղծությունների ժողովածու»-ն, «Թազքարաթ-օլ-օլյա»-ն և «Էլահինամե»-ն:
Իսլամական միստիցիզմը ՝ որպես իսլամական մտածողության ճյուղերից մեկը , միշտ էլ իր ազդեցությունն է թողել արևմուտքի գրականության և մշակույթի վրա: Միջնադարում և նրան հաջորդած Վերածննդի դարում արևմտյան աշխարհը պարսից գրականության միջոցով ծանոթացավ իսլամական միստիցիզմին : Մեր օրերի աշխարհի մտավորականները գրական քննադատության ճյուղերից համարվող համեմատական գրականության օգնությամբ կարողացել են համեմատելով տարբեր ժողովուրդների գրական ստեղծագործությունները գտնել միմյանց վրա գործած նրանց փոխադարձ ազդեցության չափերը: Համեմատական գրականությունը քննարկում է այլ ժողովուրդների գրականության վրա ազգային գրականության ու մշակույթի ազդեցության սահմաններն ու դրա արտացոլանքը, իսկ դա հայտնի է դառնում այլ երկրների վրա մի երկրի բանաստեղծների ու արձակագիրների ներազդեցության միջոցով: Օրինակ Հաֆեզի ազդեցությունը՝ Գյութեի, Աթթարինը՝ Վիկտոր Հյուգոյի, իսկ Սանայիի և Աթթարինը՝ Դանթեի ստեղծագործությունների վրա: Քանի որ թարգմանությունը չափազանց մեծ նշանակություն ունի, համեմատական գրականության այս տեսակում : Այդ ստեղծագործությունները քննարկվելուց բացի ստեղծագործության հեղինակման ժամանակներից բացի , ուշադրության կենտրոնում է հայտնվում նրա կամ այլ ստեղծագործությունների այլ լեզուներով կատարված թարգմանության ժամանակը :
Պարսից հարուստ գրականության հետ արևմուտքի ծանոթացումը վերադառնում է Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանին, սակայն բանասերերի համոզմամբ արևմտյան գրականության թարգմանության հետ ծանոթացման մեծ շարժումը տեղի է ունեցել 18-րդ դարում: 18-րդ և 19-րդ դարերում պարսից գրականության շատ հայտնի ստեղծագործություններ, ի մասնավորի Սաադիի, Հաֆեզի, Խայամի, Աթթարի, Նեզամիի, Ֆերդովսիի, Ջամիի, Նասեր Խոսրովի ու Բաբա Թահերի պես մեծ բանաստեղծների ժողովածուները թարգմանվեցին հատկապես ֆրանսերեն, անգլերեն ու գերմաներեն լեզուներով: Այդ թարգմանությունների շնորհիվ , Եվրոպայի ժողովուրդը ծանոթացավ պարսից հարուստ գրականությանը և աննախընթաց կերպով եվրոպացիների ուշադրությունը կենտրոնացավ Իրանի և նրա գրականության վրա: Ոչ մի երկիր չի կարողացել մի քանի դարերի ընթացքում հիացմունք պատճառել եվրոպական երկրներին : Դա հաջողվեց Իրանին : Պարսից արժեքավոր մտածողության ու գրականության ազդեցության շնորհիվ , Բրիտանիայում , Գերմանիայում ու Ֆրանսիայում այնպիսի ստեղծագործություններ եղան, որոնք համարվում են համաշխարհային գրականության գլուխ-գործոցներ, որոնցից են Գյութեի «Արևելյան երգերը», Շառլ Լվի Մոնտեսքյոյի «Իրանական նամակները», Պիեռ Լոթիի «Դեպի Սպահան»-ը, Մադլեն Դո Սկոդրեու «Մեծն Կյուրոսը» և Մաթյու Արնոլդի «Ռոստամն ու Սոհրաբը»: Այսպիսով , կարելի է ասել , որ իրանական գրականությունն ու պոեզիան հարստացրել են Եվրոպայի գրականությունը :
Եվրոպայի գրականության մեջ արևելքի ներազդեցության հիմնական բաժինն առնչվում է արևմուտքում պարսից գրականության և Իրանի մեծ բանաստեղծների ստեղծագործություններին : Քանզի եվրոպացի որոշ գրողներ ու բանաստեղծներ առանց նույնիսկ արևելքը տեսնելուն , աշխարհագրական այդ շրջանի հեքիաթները , գեղեցիկ տեսարանները, շուկաները, գմբեթներն ու մինարեթներն ՝ առավել հմայիչ ու գեղեցիկ կերպով , քան իրականում են դրանք , նկատել են իրանցի բանաստեղծների ստեղծագործություններում և ներշնչվելով նրանցից հետաքրքրիր գրքեր են հեղինակել : Այդ կապակցությամբ Հաֆեզը, Մոլավին, Սաադին, Աթթարն ու Սանային եղել են իրանցի ամենամեծ ազդեցություն ունեցող պոետները , մտավորականներն ու գրողները : Այդպիսով , հատելով արևելքի սահմաններն , Աթթարի առասպելական Սիմորղն իր ուղևորությունը շարունակել է արևմուտքում : Դանթեի «Աստվածային կատակերգությունը» և Սանայիի «Սեյր-ալ-էբադ էլ-ալ-մաադ»-ը համարվում են մարդու հոգու ամենաներքին շերտեր և հանդերձյալ աշխարհ կատարված հոգևոր ուղևորության երկու օրինակները: Դանթեի «Աստվածային կատակերգությունը» նկարագրում է մարդու ուղևորությունը ամենաստորին ՝ դժոխքի խորքերից դեպի ամենավեհ ՝ դրախտի 9-րդ աստիճանը : Եթե մարդ արարածը ցանկանում է նվաճել մարդկության գագաթներն , ապա նա հարկադրաբար պետք է իր հետ ունենա հոգին մաքրագործելու և զտելու միջոցները: Դանթեի «Աստվածային կատակերգության» քննադատները համոզված են, որ նա համաշխարհային այդ գլուխ-գործոցը ստեղծագործելիս , է եղել արևելյան գրականության ազդեցության ներքո և անտարակույս , քաջածանոթ է եղել Սանայիի «Սեյր-ալ-էբադ էլ-ալ-մաադ»-ը, Աթթարի «Մոսիբաթնամե»-ին և «Մանթեղ-ալ-թեյր»-ին , իսկ մեթոդիկայի ու հիմնական թեմայի առումներով , օրինակ է ծառայեցրել նրանց :
Դանթեի գրչին պատկանող «Աստվածային կատակերգությունը» սիմվոլիկ և խորհրդանշական լեզվով գրական, իմաստասիրական ու միստիկական ստեղծագործություն է , որն ի դեպ հանդիսանում է մետաֆիզիկայի աշխարհում Դանթե Ալիգիերիի ուղևորության արգասիքը: Այդ արժեքավոր գիրքը , նա ստեղծագործել է Ֆլորենցիայում գտնվող իր հայրենիքից վտարվելուց և ընտանիքից ու հարազատներից հեռու ապրած քսան տարիների ընթացքում : Բրիտանացի արևելագետ ՝ Նիկելսոնի համոզմամբ Դանթեի համար օրինակ է ծառայել Սանային և քանի, որ «Սեյր-ալ-էբադ էլ-ալ-մաադ»-ը ստեղծվել է «Աստվածային կատակերգության» հիմքի վրա , ուստի դա առավել հիմք է տալիս մտածելու , որ Դանթեն ազդեցություն է կրել Սանայիից :
«Աստվածային կատակերգության» որոշ խորհրդանշական պատկերներ կարելի է գտնել Աթթարի արժեքավոր ստեղծագործություն՝ «Մանթեղ-ալ-թեյր»-ում: Դանթեի գրքի դրախտի 18-րդ բաժնում , որտեղ Բեատրիչեն համբարձվել է Մարսի բոսորագույն երկնքից դեպի Յուպիտերի երկինքը , նա նկատում է հազարավոր արդարադատ թագավորներից կազմված արծվի տեսքը, որը խոսում է միևնույն ձայնով : Արգենտինացի գրող , թարգմանիչ ՝ Ֆրանչեսկո Բորխեսի համոզմամբ , այդ խորհրդանշական պատկերները հիշեցնում են Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ի Սիմորղին : Այն տարբերությամբ, որ արծվին կյանք տվող անձինք նրա մեջ չեն անէանում և չեն կորցնում իրենց ինքնությունը, մինչդեռ «Մանթեղ-ալ-թեյր»-ում Սիմորղին դիտող հավքերը գիտակցելով նրա դիրքը , գտնում են իրենց գոյության միասնականությունը :
Արգենտինացի մեծանուն բանաստեղծ , թարգմանիչ և կարճ պատմվածքների հեղինակ ՝ Բորխեսը մեծապես ազդվել է Ղուրանի, «Հազար ու մեկ գիշերներ»-ի և «Մանթեղ-ալ-թեյր»-ի պամություններից և հենց նա է եղել այն հեղինակը , ով առաջինն է այդ ստեղծագործությունները ծանոթացրել լատինամերիկացի ընթերցողին: «Ալմոթաասամի արքունիքում» պատմվածքում Բորխեսը որոշակիորեն խոսում է Աթթարի ստեղծագործությունների մասին և Ֆերնանդեզը, ով եղել է մեծ միստիկ և Բորխեսի հոր ընկերը , շատ է նմանում Մոլավիի ուսուցիչ –վարպետ ՝ Շամսին, հատկապես որ Շամսի նման անհետանում է իր կյանքի մայրամուտին , սակայն կրկին հայտնվում է : Ֆերնանդեզի ու Բորխեսի հարաբերությունները նմանում են Շամսի ու Մոլանայի միջև առկա կապերին : Ֆերնանդեզը ծանոթ է արաբերեն լեզվին և համարվում է իսպաներեն լեզվով Իբն Արաբիի ստեղծագործությունների մեկնաբաններից մեկը : Մոլանայի ու Աթթարի ստեղծագործությունները թարգմանվել են Իսպանիայում , ինչն էլ հնարավորություն է տալիս Իսպանիայում քննարկել այդ երկու մեծ պարսիկ բանաստեղծների թողած ազդեցությունը :
Իսպանացի մեծ փիլիսոփա ՝ Միգել դե Ունամունո Ունամոնոյի և Աթթարի գաղափարների միջև առկա նմանությունները քիչ չեն : Հավերժության մասին Ունամոնոյի գաղափարներն ու տեսակետները չեն կարող ազդված չլինել հավերժության մասին Աթթարի գաղափարներից ու տեսակետներից : Հիշողություններում հավերժանալու համար մարդու գործադրած ջանքի մասին Ունամոնոյի տեսակետը նմանում է այդ կապակցությամբ Աթթարի գաղափարներին , ինչը խորհելու տեղիք է տալիս :
Գյութեն մեծապես ազդեցություն է կրել իսլամական միստիցիզմից , Հաֆեզից և բոլոր բանասերները միանշանակ համոզված են , որ նա իր «Արևմտյան-արևելյան երկեր»-ում ազդված է Իրանի իմաստասիրական ու միստիկական գաղափարախոսությունից : Այնքան մեծ է եղել նրա ստեղծագործություններում իրանական միստիցիզմի ու պարսից գրականության ազդեցությունը , որ նա հաճախ է օգտագործում պարսկերեն բառեր : «Արևմտյան-արևելյան երկեր»-ի որոշ բաժինները կրում են պարսկերեն անուններ: Նա «Հեքմաթնամե» բաժնում անդրադարձել է Աթթարի «Փանդնամե»-ին ու Սաադիի գեղեցիկ ու հնչեղ արտահայտություններին : Այդպիսով կարելի է ասել, որ նա Հաֆեզի գազելներից բացի նաև ազդվել է պարսից գրականության այլ մեծությունների, այդ թվում Աթթար Նեյշաբուրիի ստեղծագործություններից:
19-րդ դարում իրանական միստիցիզմը հասնում է առանձնահատուկ բարձր դիրքերի : Ֆրանսիայում և այդ ժամանակաշրջանի որոշ բանաստեղծներ ու մտավորականներ իրենց մտային հեղաշրջումը պարտական են իրանական միստիցիզմին: 19-րդ դարում ֆրանսերենի թարգմանվեցին Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ը, «Փանդնամե»-ն ու «Թազքարաթ-օլ-օլյա»-ն, ինչպես նաև Ջամիի, Նեզամիի, Բաբաթահերի և Մոլավիի ստեղծագործությունները : 20-րդ դարում շարժումը շարունակվեց պարսկերեն լեզվով արժեքավոր ստեղծագործությունների մեծածավալ թարգմանությամբ : Այդ ժամանակաշրջանում ֆրանսիացի բանաստեղծների տրամադրության տակ էին պարսկերեն միստիկական բանաստեղծությունների հավաստի աղբյուրներ , որոնք կարող էին հանդիսանալ ներշնչանքի աղբյուր :
Վիկտոր Հյուգոն իր «Դարերի առասպելը» ստեղծագործելիս , գիտակցաբար օգտվել է Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ից : Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ում հիացած հավքերը ուղեցույց հոպոպի առաջնորդությամբ Սիմորղին գտնելու համար մեկնում են հեռավոր լեռը և թիկունքում են թողնում յոթ վտանգավոր փուլեր : Վերջնակետին են հասնում միայն երեսուն հավքեր : «Դարերի առասպել»-ում Վիկտոր Հյուգոն ինքն է կտրում այդ ուղին: Սկզբում բանաստեղծը ձայներ է լսում հեռվից , որոնցից յուրաքանչյուրը նրա հետ յուրովի խոսում է Աստծո մասին : Ապա տարբեր հավքեր նպատակակետին հասնելու համար տարբեր ուղղություններով են անցնում :
Ֆրանսիայում սյուրռեալիստական դպրոցի հիմնադիր ու առաջատար բանաստեղծներից ՝ Լվի Արագոնի բանաստեղծություններում նկատելի են իրանա-իսլամական և միստիցիզմի և հատկապես Աթթարի գաղափարների հետքերը: «Էլզա» խորագրով բանաստեղծությունների շարանում , նա գտնվում է Ջամիի «Լեյլի և Մեջնուն»-ի ու Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ի ներգործության ներքո : Բանասերների համոզմամբ , Արագոնը միստիկ բանաստեղծ է, ով գտնվում է մի կողմից նյութապաշտ ու արդյունաբերական աշխարհի իդեալների և կոմունիստական գաղափարների կեղծ գրավչության կապանքների , իսկ մյուս կողմից հայտնվում է վեհության ու Սիմորղի հետ ճախրելու ցանկության միջև:
Վերջում , պետք է ասել , որ հիմնվելով Աթթարի պես մեծությունների գաղափարների վրա , պարսից լեզուն ու գրականությունը կարողացել են ներթափանցել աշխարհի մեծ մտավորականների ու մտածողների հոգու և մտքի խորքերը և աշխարհի գրականությունը հագեցնել դարեր շարունակ անդադար հոսող իր աղբյուրի զուլալ ջրով :