Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում (3)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Թանգարանային զբողաշրջությունը Իրանում» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք Թեհրանում գտնվող Իրանի ազգային թանգարանի մասին և ծանոթացել ենք այդ թանգարանի Հնադարյան Իրանի բաժնին: Այսօր ներկայացնելու ենք այդ համալիրի իսլամական ժամանակաշրջանի թանգարանը: Ընկերակցեք մեզ:
«Իսլամական ժամանակաշրջանի թանգարան»-ը Թեհրանի և Իրանի ամենամեծ ու ամենագրավիչ թանգարաններից է համարվում, որտեղ պահվում են մինչև ղաջարական դինաստիան իսլամական ժամանակաշրջաններին առնչվող շուրջ 1100 ցուցադրանմուշներ: Այդպիսով Իրանի պատմության կարևորագույն մի մասը ցուցադրվում է այս թանգարանում:
«Իսլամական ժամանակաշրջանի թանգարան»-ը գտնվում է Հնադարյան Իրանի թանգարանի աջ կողմում, եռահարկ. ութանկյուն գեղեցիկ մի շենքում: Այս շենքի ճարտարապետությունը ներշնչված է Բիշապուրի Սասանյան պալատից և ունի շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածք:
Թանգարանում ցուցադրվող իրերը դասավորված են թանգարանի առաջին և երկրորդ հարկերում՝ իսլամական տարբեր ժամանակաշրջանների պատմական ընթացքի համաձայն: Առաջին հարկը նվիրված է ժամանակավոր ցուցահանդեսներին, որտեղ տարվա մեծ մասը անցկացվում են մշակութային ու գեղարվեստական միջոցառումներ:
Իսլամական ժամանակաշրջանի թանգարանում կան 1500 պատմական իրեր, որոնք պահվում են 170 ցուցափեղկերում:
**********
Հարգելի ունկնդիրներ Իսլամական ժամանակաշրջանի թանգարանում առարկաների գեղարվեստական և պատմական ընթացքին ավելի ծանոթանալու և դրանք միմյանց հետ համեմատելու համար ավելի լավ է մեր այցը սկսենք երկրորդ հարկից: Այս հարկում առարկաները տեղադրված են երեք հատուկ սրահներում, որոնք առնչվում են վաղ իսլամական, սելջուկների և իլխանների ժամանակաշրջանին:
Վաղ իսլամական շրջանի դահլիճում կարելի է տեսնել արվեստի գեղեցիկ գործեր, որոնցում պարզ երևում են Սասանյան արվեստի հետքերը: Այս գեղարվեստական նմանությունը որոշ չափով դժվարացրել է այս շրջանի արվեստի գործերը Սասանյան ժամանակաշրջանից տարբերակելը: Իսլամական վաղ շրջանը համընկնում էր Թահիրիդների դինաստիայի (մ.թ. 821) , Սամանյանների կայսրության և Բույիդների ու ղազնավիդների դինաստիայի (1175–1987) կազմավորման հետ:
932-ից 1055 թվականները Իրանի տարբեր շրջաններում իշխող բույիդներիդի դինաստիայի արվեստն այդ ժամանակշրջանի առաջատարներից է եղել: Նրանք մեծ դեր են ունեցել իսլամական արվեստի ձևավորման գործում: Փաստորեն, նրանց 127-ամյա իշխանությունը իրանա-իսլամական արվեստի պատմության մեջ գիտական, մշակութային ու գեղարվեստական վերածննդի շրջան է: Վաղ իսլամական թանգարանում կարելի է տեսնել բույիդների շրջանի մետաղագործության գեղեցիկ աշխատանքներ:
Այս դահլիճի այլ կարևոր առարկաներից են վաղ իսլամական կառավարությունների մետաղադրամների տեսակները, որոնց վրա փորագրված են խալիֆաների և թագավորների անուններ և դրանց հատման վայրը: Այս արժեքավոր մետաղադրամների կողքին կան նաև գեղեցիկ գործվածքներ, որոնց վրա երևում են սասանյան մոտիվներ: Մետաքսե գործվածքների արտադրությունը նախկինում տարածված է եղել Շուշ և Շուշթար քաղաքներում:

************
Մենք իսլամական ժամանակաշրջանի թանգարանում ենք և շենքի առաջին հարկում: Այս հարկում կան թիմուրյանների, սեֆյանների և ղաջարական դինաստիաներին առնչվող սրահներ, որոնցում կան գեղեցիկ և եզակի առարկաներ: Ղուրանի սրահը նույնպես տեղակայված է այս հարկում:
Թիմուրյանների դինաստիայի կազմավորմամբ (մ.թ. 1370-1506) նրանց մայրաքաղաք՝ Սամարղանդը դարձավ արվեստի գործիչների ամենամեծ հավաքատեղիներից մեկը: Թիմուրյանների ժամանակաշրջանի գեղարվեստական ձեռքբերումներից է Հերաթի գեղարվեստի ուսմունքի ծագումն ու Նաստալիղ գեղագրության տարածումը, ինչը նկատելի է այս շրջանի արվեստի աշխատանքներում:
Սեֆյանների դահլիճը նույնպես այս հարկի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է, որտեղ պահվում են իրանցի արվեստագետների աշխատանքների եզակի նմուշններ: Պետք է ասել, որ Իրանում արվեստը մեծ վերելք է ապրել այս ժամանակաշրջանում և Իրանի գեղարվեստական մայրաքաղաքը Հերաթից աստիճանաբար տեղափոխվել է Սպահան:
Այդ շրջանի գեղարվեստական գործերի ոլորտն ընդգրկում է ճարտարապետություն, նկարչություն, գեղագրություն, գորգագործություն, մետաղագործություն, խեցեգործություն և գործվածքների նախշապատում: Սեֆյանների շրջանի հանրահատ արվեստագետներն են՝ Քեմալեդդին Բեհզադը, Ալի Ռեզա Աբբասին, Միր Էմադ Հասանին, Աղա Միրաքը և Հոսեյն Բանա Էսֆահանին: Սեֆյանները շատ դեպքերում, հատկապես նկարչության արվեստում, ժառանգել են թիմուրյանների արվեստը: Սեֆյանների Շահ Թահմասպի օրոք կատարելագործվեց նկարչության արվեստի ասպեկտներից մեկը՝ գրքի պատրաստումը: Իսլամական շրջանի թանգարանի այս ժամանակահատվածում կարող եք տեսնել գրչության գեղեցիկ գործերը:

Հաջորդ դահլիճը պատկանում է ղաջարական ժամանակաշրջանին: Այդ ժամանակաշրջանում զարգացան մետաղական արդյունաբերությունները, հատկապես պողպատի և սպառազինության արդյունաբերությունները: Այս շրջանում ևս շարունակվեց թիմուրյանների շրջանում շատ տարածում գտած յոթ գույնի սալիկների օգտագործումը, և սալիկապատման գեղեցկության մի մասը կարելի է տեսնել այս թանգարանում: Ղաջարական շրջանում նկարչության ոճի վերաբերյալ պետք է ասել, որ այն հիմնականում նախորդ ժամանակաշրջանների և եվրոպական դասական նկարչության նմանակում է: Իհարկե, պետք է ասել, որ այս ժամանակաշրջանում խիստ ծաղկում է գեղանկարչության այն ոճը, որում պատկերված էին Շահնամեի առասպելական պատկերներն ու պատմությունները: Գեղանկարչական այս ոճի մի գեղեցիկ գործ կարելի է տեսնել թանգարանի ղաջարական սրահում:

Այս հարկի վերջին սրահը Ղուրանի դահլիճն է: Կենտրոնական գմբեթի տակ գտնվող այս տարածքում ցուցադրվում են թանկարժեք Ղուրաններ, որոնցից մի քանիսը պատկանում են իսլամական առաջին դարերին և գրված են եղջերուի կաշվի վրա: Իսլամում Աստծո խոսքի գեղագրությունը շատ կարևոր է և հենց այդ պատճառով գեղագրության տարբեր ձևեր են առաջացել, որոնցից են քուֆին, նասխը, ռեյհանը, մուհաղեղը և սուլսը: Եվ այս ձեռագրերում շատ գեղեցիկ պատկերված է իրանցիների արվեստը:

Սրահի կենտրոնում գտնվում է Բայսունղուր Միրզայի մեծ Ղուրանի մի էջը, որը Նադիր Շահը Հերաթից Ղուչան տեղափոխեց: Նադիր Շահը այն իր մարտերում տանում էր բանակի առջևով՝ նպատակ ունենալով պաշտպանել իր բանակայիններին: Այս Ղուրանի որոշ թերթեր այրվել են Նադիր շահի ապստամբությունների ժամանակ, իսկ որոշ թերթեր պահվում են այլ թանգարաններում:
Եվ իսլամական ժամանակաշրջանի թանգարան այցի ավարտին, չպետք է մոռանալ առաջին հարկը: Այս հարկը հիմնականում օգտագործվում է որպես Ազգային թանգարանի տարբեր ցուցահանդեսներ անցկացնելու վայր: Այս հարկում էին կայացել Լուվրի և Նիդեռլանդների Դրենց թանգարանների ժամանակավոր ցուցահանդեսները, որոնք շատ լավ ընդառաջվեցին հասարակության կողմից և լայն արձագանք ունեցան տարբեր լրատվամիջոցներում:
*************
Հարգելի բարեկամներ ավարտվեց «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի այս զրույցը: Հույս ունենք այս հաղորդումը ձեր ուշադրությանն արժանացած կլինի: Հաջորդ զրույցում կայցելենք «Իրանական զարդերի ազգային թանգարան» և ձեզ կներկայացնենք իրանական գանձերի ամենագեղեցիկ նմուշները: