Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում (7)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք կապիտալի շուկայի և այն դերի մասին, որ այն կարող է ունենալ տարածաշրջանային տնտեսության խթանման գործում։
Ֆինանսավորումը տնտեսական աճի ու զարգացման առաջին և կարևոր բաղադրիչն է։ Ֆինանսավորումը տնտեսական գործունեություն ստեղծելու կարևոր գործոն է։ Որքան մեծ ու կարևոր, այսինքն՝ ազգային մակարդակում լինի այս տնտեսական գործունեությունը, այնքան կարևորություն կստանա անհրաժեշտ ֆինանսական միջոցների կամ կապիտալի ապահովումը։ Այն երկրները, որոնք ավելի մեծ ուժ ունեն այդ ռեսուրսները ներգրավելու հարցում, համաշխարհային տնտեսության մեջ զգալի մասնաբաժին ունեն։ Կապիտալի շուկան կամ ֆոնդային բորսան մի վայր է, որտեղ հավաքվում են միկրո և մակրո կապիտալները և յուրաքանչյուր երկրի տնտեսությունը կարգավորող օրենքների և կանոնակարգերի համաձայն դրանք տրամադրվում են արդյունաբերության և արտադրական գործարանների սեփականատերերին՝ տնտեսական գործունեությունը բարելավելու համար: Այս շուկան կենսական դեր է խաղում իրացվելիության ապահովման և արտադրական հատվածին հատկացվելու, խնայողությունների ներգրավման և ներդրումների համար անհրաժեշտ իրացվելիության ապահովման, ինչպես նաև ներդրումային ռիսկերի նվազեցման, ներդրումների թափանցիկության ապահովման և գործարարության խրախուսման գործում:

Կապիտալի շուկաները կամ ֆոնդային բորսաներն այն ֆինանսական շուկաներն են, որոնք ապահովում են տնտեսության հիմնական սեկտորների միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումների անհրաժեշտ կապիտալը: Կապիտալի շուկայի փիլիսոփայությունը հետևողական, օրինական, շարունակական և թափանցիկ շուկայական համակարգի շրջանակում կապիտալի կուտակումը, ընկերությունների ֆինանսավորումը և նրանց նախագծերն է: Այս շուկայի ձևավորման հիմքը գործընկերության հիմնական և պարզ հայեցակարգն է, ինչպես նաև շահույթների և հնարավոր վնասների բաշխումը գործընկերների միջև: Եթե որևէ երկիր իր ֆինանսական քաղաքականության մշակման մեջ չի օգտագործում կապիտալի շուկան, ապա իրականում անտեսում է իր կարևոր տնտեսական կարողությունների մի մասը, որը նպաստում է տնտեսական աճին և բարգավաճմանը:
Այն անհատները, ովքեր ներդրման նպատակով մտնում են ֆոնդային շուկա,և իրենց կապիտալի չափ բաժնետոմս գնում, մասնակից են դառնում ձեռնարկության սեփականությանը: Հարավարևմտյան Ասիայում կան կապիտալի բազմաթիվ շուկաներ, ինչպիսիք են Թեհրանի, Աբու Դաբիի, Ամանի, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկաները: Ապրանքների, արժեթղթերի, էներգետիկայի և այլ ոլորտներում գործունեություն ծավալող այս շուկաների արժեքը միլիարդավոր դոլարներ է: Կապիտալի այս ծավալը կարող է օգտագործվել ենթակառուցվածքների կառուցման, արտադրական խոշոր նախագծերում ներդրումներ կատարելու և տարածաշրջանի տնտեսության դիվերսիֆիկացման համար:
---
Թեհրանի հյուսիս-արեւմտյան հատվածում կա մոտ 35 հազար քառակուսի մետր մակերեսով 18 հարկանի շենք, որտեղ գտնվում է Իրանի կապիտալի շուկայի զարկերակը, այսինքն՝ ֆոնդային բորսայի և արժեթղթերի կազմակերպությունը։ Թեհրանի ֆոնդային բորսան, Իրանի OTC բորսան (արտաբորսայական over the counter), Իրանի ապրանքային բորսան և էներգիայի բորսան չորս խոշոր և կարևոր իրանական բորսաներ են, որոնք գործում են Ֆոնդային բորսայի և արժեթղթերի կազմակերպության վերահսկողության ներքո: Թեհրանի ֆոնդային բորսայի ընկերությունը Իրանի կապիտալի շուկայի հիմնասյուներից մեկն է, որը ստեղծվել է 1968 թվականին: Իրանի ֆոնդային շուկայի դրական կետերից է այլ երկրների համեմատությամբ միկրո ռեսուրսների ներգրավման համար բազմաթիվ ներդրումային հիմնադրամների առկայությունը։ Տարածաշրջանի ֆոնդային բորսաների համեմատությամբ, Թեհրանի ֆոնդային բորսան ունի այն առավելությունը, որ ի տարբերություն Պարսից ծոցի երկրների բորսաների, այն հիմնված չէ միայն բանկի կամ նավթի վրա։ Իրանի ֆոնդային բորսայում կան տարբեր արդյունաբերություններ: Իրանի ֆոնդային բորսայում առկա է ավելի քան 40 արդյունաբերություն։ Իրանի արժեթղթերի շուկայում ակտիվ են ավելի քան 300 ընկերություններ տարբեր տնտեսական ոլորտներից, ինչպիսիք են նավթաքիմիական և նավթավերամշակման գործարանները, բանկերը, հանքային արդյունաբերությունները և հիմնական մետաղները: Իրանի ֆոնդային բորսայում ընդունված ընկերությունների թիվն ավելի բարձր է տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Այդ գերազանցության պատճառը սեփականաշնորհման ու բաժնետոմսերի փոխանցման քաղաքականությունն է և արդյունաբերության տարբեր ճյուղերի առկայությունն Իրանի տնտեսական կառուցվածքում։ Սահմանադրության 44-րդ հոդվածի ընդհանուր քաղաքականությունն իրականացնելու և կապիտալի շուկայի միջոցով տնտեսության սեփականաշնորհման նպատակով, վերջին տասնամյակում այն ընկերությունները,որոնց բաժնեմասը փոխանցվել է ֆոնդային բորսային, եղել են պետական ընկերություններ,որոնք իրենց արդյունաբերության ոլորտում համարվում են խոշոր ընկերություններ: Օրինակ, Սոցիալական ապահովության ներդրումային ընկերությունը ունի ավելի քան 180 դուստր ընկերություն։ Այս ընկերությունների պորտֆելի 82 տոկոսը ցուցակված է ֆոնդային բորսայում։
Իրանի տնտեսության վերաբերյալ շատ կարևոր կետը նրա ներածին լինելն է։ Երկրի տնտեսության անիվները շարժելու համար արտադրական գործոնների ու ռեսուրսների մեծ մասն առկա է տնտեսության մեջ: Իրանն ունի կլիմայական և կենսաբանական բազմազանություն, բնական և հանքային առատ պաշարներ, երիտասարդ, ստեղծագործ և բարձր կրթությամբ աշխատուժ: CNN հեռուստաընկերությունը որոշ ժամանակ առաջ հղում անելով իր փորձագետներից մեկին, Իրանի տնտեսական պոտենցիալի մասին հաղորդել է.«Թուրքիայի աշխատուժի, Սաուդյան Արաբիայի նավթի պաշարների, ռուսական բնական գազի պաշարների և Ավստրալիայի հանքային պաշարների պոտենցիալ հաճախորդները կարող են այդ բոլորի համատեղումը որոնել Իրանում»:
Իրանի տնտեսությունը, չնայած հատկապես վերջին տարիներին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խիստ պատժամիջոցների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներին, կարողացել է ընդունելի ռեկորդ ապահովել։
---
Երկրների ֆինանսական շուկաները միջազգային առևտրով հետաքրքրվող մարդկանց հետաքրքրող թեմաներից են։ Մարդկանց այս խմբի համար եկամտաբերության և ներդրումների գրավչությունը երկրների տնտեսության մեջ ներգրավելու կարևոր չափանիշներից է։ Իր զգալի աճով Իրանի կապիտալի շուկան ոչ միայն հետաքրքրում է իրանցի ներդրողներին, այլև տարածաշրջանային և միջազգային ներդրողներին։ Իրանի կենտրոնական դեպոզիտարիայի տվյալներով՝ ավելի քան 40 երկրների ֆիզիկական և իրավաբանական բաժնետերեր ներկայումս ցուցակված են Թեհրանի ֆոնդային բորսայում։
Իրանական կապիտալի շուկա մտած առաջին ոչ իրանցի բաժնետերը Գերմանիան էր: Ներկայումս Իրանի ֆոնդային շուկայում ոչ իրանցի բաժնետերերի մեծ մասը տարածաշրջանի երկրներից են, հատկապես՝ Աֆղանստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից և Իրաքից: Ըստ Իրանի ֆոնդային բորսայի կազմակերպության կանոնների՝ ոչ իրանցի ներդրողը ոչնչով չի տարբերվում իրանցի ներդրողից։ Օտարերկրյա ներդրողները, ովքեր մտնում են իրանական ընկերություններ ռազմավարական ներդրումներ կատարելու մտադրությամբ, նույնպես կարող են օգտվել «Օտարերկրյա ներդրումների մասին օրենք»-ի պաշտպանությունից։
Իրանի կապիտալի շուկան միջազգային բորսայի շուկաներ մուտք գործելու համար, Բորսայի կազմակերպությունը ծրագրել է ապահովել օտարերկրյա ներդրողների մուտքը Իրան և մշակել այս երկրի կապիտալի շուկայի միջազգայնացման ծրագիրը: Իրանի ֆոնդային բորսայի վերահսկող կառույցը փոխկապակցված է որոշ երկրների, այդ թվում Գերմանիայի, Հոնկոնգի, Օմանի և Հունաստանի ֆոնդային բորսայի վերահսկող կառույցի հետ, և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության անդամ է: Կազմակերպության անդամները մշակում և վերահսկում են կապիտալի համաշխարհային շուկայի 95 տոկոսն ավելի քան 15 գործադիր ոլորտներում: Այս միջազգային կազմակերպությունն ունի 38 սկզբունք, որոնք հիմնված են հետևյալ երեք նպատակների վրա՝ պաշտպանել ներդրողներին, ապահովել շուկաների գործունեությունը արդար և թափանցիկ և նվազեցնել համակարգային ռիսկը։
Իրանի կապիտալի շուկայի հարցերով փորձագետները երկար ժամանակ է,որ քննարկում են երկրի ազատ գոտիներում միջազգային ֆոնդային բորսա ստեղծելու նախագիծը։ Այս նախագծի նպատակը ինտերակտիվ և փոխադարձ կապերի հաստատումն է այլ երկրների ֆոնդային բորսաների հետ և իրանցի ներդրողների ավելի ակտիվ ներկայությունը պոտենցիալ շուկաներում։
Այս շուկայում իրանցի և ոչ իրանցի ներդրողների կողմից ազատ գոտիների առավելությունների օգտագործմամբ՝ ընկերություններին ավելի շատ բիզնես հնարավորություններ են ընձեռվում։ Ազատ գոտիներում միջազգային ֆոնդային բորսայի առավելություններից կլինեն արտարժույթի ազատ ելումուտը, մասնավոր բանկի ստեղծումը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ստեղծումը և երկրի տնտեսական գործունեությանը օտարերկրացիների ազատ ներգրավումը։Այս առավելությունները ներդրողների համար կարող են հեշտացնել և ավելի շահավետ դարձնել ներդրումներն ազատ գոտիներում տեղակայված ֆոնդային բորսաներում: