Իրանահայ հանրահայտ գործիչներ (29.Սամվել Խաչիկյան)
https://parstoday.ir/hy/radio/iran-i156382-Իրանահայ_հանրահայտ_գործիչներ_(29.Սամվել_Խաչիկյան)
Իրանահայ ճանաչված ռեժիսոր, խմբագիր, գրող, կինոկոմպոզիտոր և պրոդյուսեր Սամվել Խաչիկյան.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 04:53 Asia/Tehran

Իրանահայ ճանաչված ռեժիսոր, խմբագիր, գրող, կինոկոմպոզիտոր և պրոդյուսեր Սամվել Խաչիկյան.

Կինոն այլ կերպ ասած մարդկային կյանքի մանրակերտն է: Այնտեղ դերասանները հետևում են ռեժիսորի խորհուրդներին ու կատարում դրանք: Լավ դերասանները ժամանակի ընթացքում կարողանում են կատարել տարբեր դերեր ու շատ քիչ են զգում ռեժիսորի խորհուրդների կարիքը, բայց նրա ներկայությունը միշտ անհրաժեշտ է, քանի որ նրա մի նայվածքը դերասանին հուշում է ամեն ինչ: Սակայն մի հայացքով ամեն ինչ ասելը այդքան էլ հեշտ չէ: Դրան հասնելու համար պետք է անցնել երկար ու դժվարին ճանապարհ, մի ճանապարհ, որտեղ արվեստագետը մաքրվում է,նվիրվում է արվեստին: Այդ ճանապարհին նա վարժվում է լսել տարբեր կողմերից եկող ներշնչանքի ձայները, որպեսզի կարողանա հավերժացնել իր ստեղծագործություններում: Այն ստեղծագործության մեջ, որ կյանքի մանրակերտն է, մարդկային կյանքի հավերժ մնացող ու դիտվող նմուշը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ Հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ հայտնի ռեժիսոր, դերասան, խմբագիր, գրող, կինոկոմպոզիտոր Սամվել Խաչիկյանին:

Սամվել Խաչիկյանի ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկվելով հաստատվել են Իրանի Թավրիզ քաղաքում, որտեղ և ծնվել է ռեժիսորը 1923 թ.-ին: Ցեղասպանության մասին պատմությունները, որոնք նա լսել էր հորից, օգնում էին Խաչիկյանին, երբ անհրաժեշտ էր լինում ֆիլմերին մռայլ տարրեր հաղորդել:

Երբ Թավրիզի քաղաքական միջավայրը ստիպեց ընտանիքին տեղափոխվել Թեհրան, Խաչիկյանի առջև նոր աշխարհ բացվեց: "Կինոաշխարհ.էյ էմ" կայքում Սամվել Խաչիկյանի մասին գրած հոդվածում  Ռուզան Բագրատունյանը գրում է.«Թե ինչպես նա սովորեց ֆիլմեր նկարել Թեհրան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, դեռևս առեղծված է մնում: Ռեժիսորի խոսքով, Յուսեֆ Չահինեն  կինոյի մասին գրքեր էր ուղարկում նրան և Դորե Սկարի 1950թ. հրատարակված ֆիլմարտադրության մասին գիրքը նրա համար ոգեշնչման աղբյուր էր դարձել»:

Խաչիկյանը այն իրանահայերից է, որոնք շատ մեծ ավանդ են ունեցել իրանական արվեստի, մասնավորապես կինեմատոգրաֆիայի զարգացման գործում:

1953թ. նշանավոր ռեժիսոր Սանասար Խաչատուրյանը խնդրում է Խաչիկյանին դառնալ «Վերադարձ» ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմը հաջողված չէր, սակայն իր երկրորդ ֆիլմի՝ «Շիրազցի աղջկա» գրանցած հաջողությունը հնարավորություն տվեց Խաչիկյանին ավելի մեծ ազատություն պահանջել՝ ստանձնելով նաև ֆիլմերի սցենարները գրելու, երաժշտությունը ընտրելու և նույնիսկ իրանական կինոյի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմի թրեյլեր պատրաստելու պատասխանատվությունը:

Սամվել Խաչիկյանի համար իր առաջին երկու ֆիլմերի ստեղծման ընթացքը նման էր «պարսկական կինոյի թակարդն ընկնելուն»: Այնուամենայնիվ ռեժիսորի երրորդ ֆիլմը՝ «Իրադարձությունների խաչմերուկում» (1955թ.), որ մի երիտասարդի մասին է, որը միանում է հանցագործների խմբին՝ իր երազանքների աղջկան գոհացնելու համար, հռչակում է նրա անունը:

Ֆիլմը բնորոշ է 50-ականների իրանական կինոյին: Խաչիկյանի այս ֆիլմը աչքի է ընկնում մանրամասներով և կինեմատոգրաֆիական նորամուծություններով, որոնց նպատակն էր ներկայացնել բացարձակապես տեսողական պատում: Ունենալով այնպիսի թերություններ, ինչպիսին են աղքատիկ երկխոսությունները, մելոդրամատիկ տեսարանները և հնացած տեխնիկական կողմը՝ ֆիլմի հաջողությունն այնուամենայնիվ իրանահայ ռեժիսորին դասեց թրիլերի վարպետների շարքը:

Մինչև 1950-ական թվականների վերջը Խաչիկյանը կատարելագործում էր սեփական ոճը՝ կիրառելով հնչյունային հնարքներ, տեսախցիկի տարբեր անկյուններ: Սակայն նա չէր վախենում ավելի հեռուն գնալ, ինչպես դա արեց շատ հայտնի «Խնջույք դժոխքում» (1956թ.) ֆիլմում: Կոմեդիայի, սարսափի, ֆանտաստիկ և երաժշտական ժանրերի համակցումով ֆիլմը մի վարկատուի մասին է, որը մի գիշեր անցկացնում է դժոխքում՝ այնտեղ հանդիպելով հայտնի մարդկանց, ինչպիսին են, օրինակ, Տարզանը և Հիտլերը: Այն դարձավ առաջին իրանական ֆիլմը, որ ներկայացվեց միջազգային կինոփառատոնում: Ֆիլմում ակնհայտորեն գրավիչ են պատկերված խելագարության և ուրախության զգացումները: Այն միևնույն ժամանակ պարունակում է խորաթափանց սոցիալական շերտ՝ ակնարկ կատարելով դժոխային կրակին, որն այրում է ամերիկացիների կողմից շահագործվող նավթը:

«Փոթորիկը» ֆիլմի աննախադեպ հաջողության շնորհիվ իրանահայ ռեժիսորն իր սեփական կինոստուդիան հիմնեց Ջոզեֆ Վայեզյանի հետ: Խաչիկյանը, այնուամենայնիվ, ժամանակավորապես հեռացավ ստուդիայից Վայեզյանի հետ ունեցած տարաձայնությունից հետո և սկսեց համագործակցել պրոդյուսեր Մեհդի Միսաքիեի հետ: Նա պրոդյուսերին հաջողություն բերեց «Կեսգիշերային սարսափ» ֆիլմով: Սակայն պրոդյուսերի պարբերական միջամտությունները և վերցրած անհարկի վարկերը կրկին հիասթափեցրին Խաչիկյանին, և նա վերադարձավ իր հիմնած կինոստուդիան: Այնուհետև ռեժիսորը իրար հետևից նկարեց երկու ֆիլմ՝ «Տագնապ» և «Հարված», որոնք դարձան կինոստուդիայի մեծագույն հիթերը:

«Տագնապը» (1962թ.) խաբեության, շանտաժի և սպանության մասին լարված պատմություն է, որտեղ Խաչիկյանը ներկայացնում է երկրում նոր բուրժուական դասի ձևավորումը՝ իրենց ժամանակակից տներով, աղախիններով, ամերիկյան մեքենաներով և այլն:

«Հարվածը» (1964թ.) պատմում է մի չքավոր, ամուսնացած տղամարդու մասին, որի դուստրը գրավում է և՛ իր այլասերված կոլեգայի, և՛ մի բժշկի ուշադրությունը, որը բուժում է իր մահացու հիվանդ կնոջը: Սկիզբը նման է ծեծված սյուժեով մելոդրամայի, սակայն հետո ռեժիսորը փոխում է ֆիլմի ընթացքը՝ այն վերածելով մանրակրկիտ մշակված սարսափ պատումի: Հասարակ բնակարանը դառնում է վտանգավոր մի վայր, որտեղ ռեժիսորը վերացարկման աստիճանի է հասցնում ֆիլմի տարրերը: Խաչիկյանը բացատրել է այն, որպես «կինոյի այբուբենը վերականգնելու փորձ»:

«Առաջին իսկ օրերից ինձ չէր անհանգստացնում ուղերձը կամ էլ բովանդակությունը: Միակ բանը որ ես ուզում էի, դա հենց կինոն էր՝ գործողություն, ճշգրիտ մոնտաժ, լուսավորություն և այլն», – ասել է ռեժիսորը: Հատկանշական է, որ Խաչիկյանի ֆիլմերը յուրահատուկ էին նրանով, որ դրանք հնարավոր էր ներկայացնել գրեթե որպես արտասահմանյան արտադրության ֆիլմեր: Օրինակ նրա «Կեսգիշերային մղձավանջը» ֆիլմը իտալացիների կողմից գնվել և այլ անվանում է ստացել, փոխել են ֆիլմի հերոսների անունները, իբրև թե գործողությունները տեղի են ունենում Միլանում:

Խաչիկյանն իր գործունեության ընթացքում նկարել է բազմաթիվ ֆիլմեր հետևյալ տարիներին՝ Վերադարձ 1332թ., «Շիրազցի աղջիկը» 1333թ., Իրադարձությունների խաչմերուկում 1333թ., «Արյուն և արժանապատվություն» 1334թ., «Դրախտի սուրհանդակ» 1337թ., «Փոթորիկ մեր քաղաքում» 1337թ., «Սիրո բլուրը» 1338թ., «Կեսգիշերային աղաղակ» 1340թ., «Մի քայլ մինչև մահ» 1340թ., «Տագնապ» 1341թ., «Հարված» 1343թ., «Գլխապտույտ» Սարսամ 1344թ., «Ապստամբություն» 1345թ., «Առանց սիրո երբեք» 1345թ., «Ցտեսություն Թեհրան» 1345թ., «Ես էլ արտասվել եմ» 1347թ., «Մազանդարանի վագրը» 1347թ., «Հենգամե» 1347թ., «Սպիտակ դրախտ», 1347թ., «Փոթորկի մռնչյուն» 1348թ., «Յալդայի գիշերվա հեքիաթը» 1349թ., «Ապակյա պատ» 1350թ., «Պագ արյունոտ շուրթերին» 1352թ., «Մահ անձրևում» 1353թ., «Անհանգստություն» 1355թ., «Հարավի շնաձուկը» 1357թ., «Արծիվներ» 1358թ., «Հովազ» 1365թ., «Չավոշ» 1369թ., «Մարդը հայելու մեջ» 1371թ., «Բլեֆ» 1375թ.:

Կինոաշխարհ կայքում Ռուզան Բագրատունյանը Խաչիկյանի մասին այսպես է գրել.«Սամվել Խաչիկյանին անվանում էին «Իրանյան Հիչքոք»։ Սամվել Խաչիկյանի անունը մոտ քառասուն տարի ասոցացվում էր հոլիվուդյան ոճով ոգեշնչված հայտնի ժանրային ֆիլմերի հետ, որոնք հանդիսատեսի մեծ բանակ ունեին: Նրա նորարարությունները և ժանրային մշակումները ընդլայնեցին իրանական կինոյի հնարավորությունները, նա իր կինոարվեստով ցույց տվեց երկրում տիրող սոցիալական և քաղաքական լարվածությունը, որ տանում էր դեպի Իրանի մեծ հեղափոխությունը»:

 

Սամվել Խաչիկյան

 

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կինոյի ոլորտում իր աշխատանքն սկսեց Ֆաջր միջազգային կինոփառատոնը, որ շարունակվում է մինչ այսօր: Սամվել Խաչիկյանը Ֆաջր միջազգային 14-րդ կինոփառատոնի փակման արարողության ընթացքում այսպես է արտահայտվել.«Բարև Ձեզ սիրելի հրավիրյալներ և արվեստագետներ՝ Արարչի սիրով տոգորված էակներ Ֆաջրի միջազգային կինոփառատոնը խոսում է ժամանակակից աշխարհում արվեստի ակտիվ դերակատարության մասին: Այն աշխարհում, որտեղ ճշմարտությունը արգելված պտուղ է և մարդկայնությունը մոռացված բառ: Փառատոնը արվեստի սիրահարների ներկայության մի նմուշ է, ազնիվ ու արվեստագետ մարդկանց, որ իրենց մաքուր և աստվածային էությունը ծառայեցնում են, որպեսզի մարդկայնության մաքուր ու ջինջ բույրը նվիրեն բոլոր արվեստասերներին և այս ճանապարհին ինչ տանջանքեր ու դժվարություններ ասես, որ չեն կրում: Եվ այս տանջանքների գինը կյանքով են վճարում, քանի որ ֆիլմը ֆիլմարտադրողի ստեղծագործությունը և նրա ներաշխարհի դրսևորումն է: Արվեստագետը եթե կարողանա մերձենալ Աստծուն, Նրա փառքով  կլուսավորվի և արժանավորություն ու զորություն կգտնի: Արվեստագետն այլ մարդկանց մեջ նմանում է թռչունների մեջ երգող սոխակին և գուցե էլ արտույտին: Արվեստագետը երկնայիններից ստանում ու ստացածը բաշխում է երկրայիններին հետևաբար նա պետք է ունենա հրեշտակներին ընդունելու կարողությունը, այն հրեշտակների, որ ներշնչանքի միջնորդն են: Նախ երկիր ենք եկել երկնքից, վերջում էլ երկրից պիտի մեկնենք երկինք, սա այն բանաստեղծություններից է, որ ես շատ եմ սիրում: Եթե թույլ տաք հիմա խոսքս ուզում եմ ուղղել արվեստագետներին: Ես շատ ավելի փոքր եմ, որ կամենամ խրատել ձեզ՝ մեծերիդ, բայց եկեք երդվենք, որ խավարի, ստի ու զրպարտության հովտում մեր արվեստը զարդարենք մաքրությամբ, ճշմարտախոսությամբ ու մարդկայնությամբ: Եվ ահա իմ վերջին խոսքը: Սրտումս ինչ-որ բան կա, որ նման է լույսի եղեգնուտի, լուսաբացի քնի և այնքան անհամբեր եմ, որ ուզում եմ վազել մինչև դաշտի վերջը և բարձրանամ լեռան կատարը...

Շնորհակալ եմ։

---

Խաչիկյանի նկարած ֆիլմերը մելոդրամաներ են, պատերազմի և հանցագործությունների թեմաներով ֆիլմեր, երաժշտական, կատակերգական և սարսափ ժանրի գործեր: Խաչիկյանը իրանական ազգային կինոյին ձև և ոճ հաղորդեց: Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ռեժիսորին ոմանք հայտարարում էին իրանական կինոյի փրկիչ, ոմանք էլ նրա գործերը համարում էին ընդօրինակումներ: Այսպես թե այնպես՝ նրան անկասկած ընդօրինակում էին ավելի ցածրակարգ ռեժիսորները և ոչ ոք չէր կարող հերքել այն փաստը, որ Խաչիկյանը իրանական կինոյի առաջին դեմքն էր:

Սամվել Խաչիկյանը իր կյանքի ու գործունեության ընթացքում արժանացել է բազում մրցանակների:

Նա կյանքին հրաժեշտ տվեց 2001թ. հոկտեմբերի 22-ին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: