«Յոթ օրանգ», Իրանի ազգագրական երաժշտություն (21)
https://parstoday.ir/hy/radio/iran-i189404-Յոթ_օրանգ_Իրանի_ազգագրական_երաժշտություն_(21)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Շարունակելով նախորդ զրույցը, այսօրվա հաղորդման ընթացքում ևս ներկայացնելու ենք Իրանի հարավային շրջանների երաժշտությունը: Այսօր ծանոթանալու ենք Խուզեստան նահանգի երաժշտության բազմազանությանը: Նախ առաջարկում ենք ունկնդրել Շուշթարիի երաժշտությունից մի հատված Մոհամմադ Ալի Շահամիի կատարմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 10:42 Asia/Tehran

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Շարունակելով նախորդ զրույցը, այսօրվա հաղորդման ընթացքում ևս ներկայացնելու ենք Իրանի հարավային շրջանների երաժշտությունը: Այսօր ծանոթանալու ենք Խուզեստան նահանգի երաժշտության բազմազանությանը: Նախ առաջարկում ենք ունկնդրել Շուշթարիի երաժշտությունից մի հատված Մոհամմադ Ալի Շահամիի կատարմամբ:

Խուզեստան նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում՝ Պարսից ծոցի և Արվանդ գետի կողքին, և պատմականորեն այս շրջանն Իրանի բարձրավանդակի ամենահին բնակեցված տարածքներից է, որտեղ մարդկանց բնակության պատմությունը սկսվում է մ.թ.ա. 2700թ.: Այս տարածաշրջանը մ.թ.ա III հազարամյակում ականատես է եղել Էլամական քաղաքակրթություն կոչվող մեծ քաղաքակրթության ձևավորմանը: Այս կերպ Խուզեստան նահանգի քաղաքներն ու նավահանգիստները մշակութային ու պատմական հիմքով կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Հնագույն մշակույթով և հարուստ սովորույթներով Խուզեստանի հնագույն քաղաքներ՝ այդ թվում Շուշթարը, Դեզֆուլը և Շուշը, և համեմատաբար նոր քաղաքները, որոնք մոտ հարյուր տարվա անցյալ ունեն և կառուցվել են այս տարածաշրջանում նավթարդյունաբերության ընդլայնման շնորհիվ, ինչպիսիք են Ահվազը, Աբադանը, Խոռամշահրը և Մահշահրը, որոնք բնակեցված են տարբեր էթնիկ խմբերով՝ բնիկ, ներգաղթյալ և արաբախոսներ, որոնք տարբեր պատճառներով այս տարածաշրջան են ներգաղթել  շատ հեռավոր ժամանակներից (ոմանք՝ Սասանյանների ժամանակներից) ։

Խուզեստան նահանգի քաղաքների մեկ այլ հատված, ինչպիսիք են Անդիմշեկը և Մասջեդ Սուլեյմանը, ավելի շատ բախտիարական մշակույթ ունեն: Նաև արաբների ցեղերն ու աֆրիկացի գաղթականների խմբերը երկար ժամանակ ապրում են այս շրջանի քաղաքներում և գյուղերում, ինչը Խուզեստան նահանգի երաժշտության բազմազանության պատճառ է դարձել՝ շուշթարի և դեզֆուլի գեղեցիկ երաժշտությունից մինչև լոռի և արաբական երաժշտություն:

Այս հաղորդման ընթացքում կպատմենք Շուշթարի, Դեզֆուլի և Լոռի երաժշտության մասին։ Նախ կխոսենք Շուշթարի երաժշտության մասին:

Շուշթարի և դեզֆուլի երաժշտությունը հիմնականում նույն արմատներն ունեն և նրանց տարբերությունը կայանում է բարբառում, որոշ դարձվածքներում և մեղեդիներում։ Այնպես որ հնարավոր չէ ասել, թե երաժշտությունն այդ երկու քաղաքներից որ մեկին է պատկանում: Որոշ տաղեր ավելի լավ են կատարում դեզֆուլցիները, իսկ որոշ տաղերի մեջ ավելի հմուտ են Շուշթարիի բնակիչները:

Այս երաժշտությունը կառուցվածքով և բովանդակությամբ շատ նման է իրանական ավանդական երաժշտությանը։ Շուշթարիի երաժշտության մեջ իրանական ավանդական ռադիֆի բազմաթիվ անունների, դարձվածքների ու տաղերի առկայությունը ցույց է տալիս նրա սերտ կապը իրանական ավանդական ռադիֆի նվագարանների, երգերի և մեղեդիների հետ։ Այնպես որ գրեթե ամեն նվագարանի ու երգի մէջ երեւում են Շուշթարի ու Դեզֆուլի երաժշտութեան մեղեդիներ։ Այս տարածքում տարածված նվագարաններն են՝ իրանական «շեշթառը», «զուռնան» և «դհոլը»,  «Դափը», «սրինգը» և «թոմբաքը» (իրանական թմբուկ)։

Շուշթարն ու Դեզֆուլը հնուց ի վեր ունեցել են մի շարք հայրենական բալլադներ և երգեր, որոնք, ըստ երևույթին, շատ չեն։ Այս բալլադներից կարելի է նշել «Բեր քաշմիրն ու ատլասը» և «Բիո Բարիմեշը», որը թարգմանաբար նշանակում է՝ «Արի տանենք» ։ «Բիո Բարիմեշ» երգը շատ հին երգ է, որը, ինչպես ասում են, առնչվում է ղաջարական ժամանակաշրջանին։ Հրավիրում ենք ունկնդրել մի հատված «Բիո Բարիմեշ» շուշթարիի երգից:

Դուք լսեցիք «Բիո Բարիմեշ» երգը՝ Մոհամմադ Ալի Շահամիի կատարմամբ:Հանգուցյալ  Շահամին վերջին տասնամյակներում եղել է Շուշթարի և Դեզֆուլի ամենահայտնի երգիչներից մեկը: 

Նրանց ընտանիքում երաժշտությունը ժառանգաբար է փոխանցվել, իսկ հայրն ու պապը շուշթարցի նշանավոր երաժիշտներ են եղել: Նա 15 տարեկանից սովորել է շուշթարական և դեզֆուլի երգեր։ Իր կենդանության օրոք Շահամին համարվում էր Շուշթարի և Դեզֆուլի երաժշտության կարևոր դեմքերից մեկը։

Շուշթարի և դեզֆուլյան երաժշտության տեսակների մասին պետք է ասել, որ այս երաժշտությունը ներառում է 24 մուղամ, որոնք ներառում են վոկալ մուղամներ և երգեր, ուրախ երաժշտություն, տխուր երաժշտություն, կրոնական երաժշտություն, աշխատանքային և բուժման երաժշտություն։ Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության հոգևոր ժառանգության ցուցակում հաշվառվել են Շուշթարիի 24 մուղամները՝ նույն անունով։

Այս մուղամներից մեկը կոչվում է «Լեյլի և Մեջնուն», որը նույնպես շատ տարածված է դեզֆուլյան երաժշտության մեջ:  Այժմ առաջարկում ենք լսել մի հատված «Լեյլի և Մեջնուն» մուղամից՝ «Մանդե» մականունով  հանգուցյալ վարպետ Մեհդի Միվեչիի կատարմամբ:

Լսեցիք «Լեյլի և Մեջնուն» մուղամը՝ վարպետ՝ «Մանդե»-ի ձայնով:

Շուշթարի և Դեզֆուլի շրջանում տարածված երաժշտության տեսակներից կարելի է նշել նաև բախտիարիի երաժշտությունը։ Քանի որ այս շրջանների շատ բնակիչներ բախտիարական ծագում ունեն, «լոռի» երաժշտությունը նույնպես շատ տարածված է այս շրջաններում։ Քիչ անց ունկնդրելու եք Խուզեստան նահանգի լոռերի գեղեցիկ երաժշտությունը՝ Մուհամմեդ Հոսեյն Սեփահվանդի ձայնով։ Լոռերի երաժշտությանն ավելի շատ ծանոթանալու եք հաջորդ հաղորդումների ընթացքում:

Թանկագին բարեկամներ, հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք Խուզեստանի արաբախոս ժողովրդի արաբական երաժշտության մասին: Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ ձեզ: