Իրանի հաջողակ կանայք (16)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու են շրջակա միջավայրի ակտիվիստ՝ տիկին Հայդե Շիրզադի հետ։
Հայդե Շիրզադին, ով Գերմանիայում կրթություն է ստացել բնապահպանության ոլորտում, տարբեր երկրներ ճամփորդելու արդյունքում ձեռք բերած գիտելիքներով ու փորձով կարողացել է վերամշակել Քերմանշահի թափոնների 100 տոկոսը և կանխել հարյուրավոր ու հազարավոր տոննա թափոնների թաղվելը քաղաքի շրջակայքում։ Բայց սա նրա ամբողջ գործը չէ։ Վերամշակելով այս թափոնները՝ նա կարողացավ բարձրորակ պարարտանյութ ստանալ գյուղատնտեսական հողերի համար և արժեքավոր նյութ ձեռք բերել ցեմենտի և երկաթաձուլական գործարանների վառելիքի համար։ Անցած օրերին էր, որ Թեհրանի ցեմենտի գործարանը համաձայնվեց վերամշակված թափոնները որպես վառելիք օգտագործելու Հայդե Շիրզադիի առաջարկին, և այս լուրն առիթ հանդիսացավ ճանաչելու այս բնապահպան ակտիվիստ կնոջը, ով ձգտում է Իրանի առաջընթացին ու կենսունակությանը։
Այսօր կան բազմաթիվ գիտական և հետազոտական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս կանանց գիտելիքների, մտածողության և գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական բոլոր, ներառյալ կայուն զարգացման և բնապահպանության ոլորտներում: Անկախ այն հանգամանքից, որ կանայք ձեռք են բերել բազմաթիվ հասարակությունների միկրո և մակրո հիմնախնդիրները պլանավորելու և կառավարելու կարողություն, նկատվում են նրանց գործունեության արդյունքում առաջացած այլ կարևոր ազդեցություններ: Որպես բնապահպան ակտիվիստ Հայդե Շիրզադին բազմաթիվ ջանքեր է գործադրել այս ոլորտում։ Նա իրեն այսպես է ներկայացնում,-«Ես միշտ ներկայանում եմ որպես բնապահպան ակտիվիստ։ Իմ ուսումնասիրության ոլորտը շրջակա միջավայրի պահպանությունն է և աշխատում եմ թափոնների կառավարման ոլորտում։ Մի քանի տարի սովորել եմ Գերմանիայում և նկատի ունենալով Իրանում թափոնների բնապահպանական խնդիրները՝ որոշեցի վերադառնալ Իրան և գտնել համապատասխան մեխանիզմ՝ լուծելու Իրանի թափոնների խնդիրները։ Մեխանիզմ, որը մի շարք փոքր փոփոխություններով կարող ենք իրականացնել ողջ Իրանում։
Այսինքն այն հարմար կլինի իրականացնել ամենուրեք , ներառյալ անձրեւային կամ շատ չոր վայրերում։ Հետևաբար, մենք պատրաստեցինք մի ծրագիր, որն այժմ կարող ենք իրականացնել երկրի բոլոր հատվածներում՝ չնչին փոփոխություններով»: Նա հավելում է.«Ես նախ միջազգային գյուղատնտեսություն եմ սովորել Գերմանիայում, և ցանկանում էի Իրան վերադառնալուց հետո աշխատել ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում: Հետո ես ծանոթացա այնտեղի շրջակա միջավայրին, և շրջակա միջավայրի կարևորությունը գրավեց իմ ուշադրությունը, և մտածեցի, որ ես ևս մասնաբաժին ունենամ Իրանի աղբի խնդիրների լուծման հարցում։ Այս հայացքով վերադարձա Իրան ու սկսեցի աշխատել։ Բացի այդ, ուզում էի օգնել հողին ու առողջ գյուղատնտեսությանը, որպեսզի զարգացնենք Իրանի գյուղատնտեսությունը այս բնական պարարտանյութով, որը կոչվում է կոմպոստ: Ես այս աշխատանքը դիտել եմ որպես իմ սոցիալական պատասխանատվություն և այն չեմ համարում որպես բիզնես։

Տիկին Շիրզադին բազմաթիվ դժվարություններ է կրել իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Բայց նա միշտ խոսում է հաջողություններին հասնելու ճանապարհին իր ամուսնու աջակցության մասին։ Նրանք երկուսն էլ միասին աշխատում են շրջակա միջավայրը կենդանի պահելու ուղղությամբ: Այս աշխատասեր տիկինը ամուսնու հետ հանդիպման պատմությունն այսպես է նկարագրում.«Ամուսնուս հետ ծանոթացել եմ 1987թվականին։ Նա սովորել էր հողագործության ճյուղը։ Նա պնդեց, որ մենք ամուսնանանք, բայց ես ընդհանրապես ամուսնանալու մտադրություն չունեի անգամ իրանցի տղամարդու հետ, ուր մնաց օտարերկրացու հետ, այնպես որ ես չէի համաձայնվում ու ասացի, որ ես իրանցի աղջիկ եմ և ուզում եմ վերադառնալ հայրենիք։ Բայց կամաց-կամաց տեսա, որ նա իսկական մարդ է և շատ լավ որակներ ունի։ 1991 թվականին ես ընդունեցի նրա ամուսնության առաջարկը՝ Իրան վերադառնալու պայմանով։ Նա էլ ընդունեց։
Մի օր ասացի, որ մեր երկուսից մեկը թողնի իր աշխատանքը, նա ասաց, որ Գերմանիայում շատ մարդիկ կան, ովքեր կարող են անել իմ գործը, բայց քո աշխատանքը և քո նպատակը, որի համար այդքան շատ ես աշխատել, ավելի արժեքավոր է և կարևոր:
Նրա ամուսինը մասնագետ է, երկար տարիներ է, որ եկել է Իրան, մաքուր գերմանացի է։ Նրանք ագարակ ունեն, որտեղ ապրում և աշխատում են և դրանից ստացված եկամուտը հատկացնում են իրենց առօրյա ծախսերին ։ Տիկին Շիրզադիի ամուսինը նախագծել է վերամշակման կայքը և շատ է օգնել իր կնոջը այս ճանապարհին։ Նա ասում է. «Մենք գործը բաժանել ենք մեր միջև։ Ցանկացած աշխատանք և նախագիծ, որ ծրագրում ենք սկսել, ամուսինս անմիջապես սկսում է իր ուսումնասիրությունները, որպեսզի ընտրի այդ աշխատանքի համար ճիշտ տեխնոլոգիա։ Ես ճշտում եմ ուղին, և նա մտածում է այդ մասին, որպեսզի տեսնի, թե ինչ կարող ենք անել լավագույն արդյունքի հասնելու համար: Նա բազմաթիվ նախաձեռնություններ է ներկայացրել վերամշակման ոլորտում և մինչ այժմ ստեղծել է հարյուրավոր գործիքներ: Ուրիշն իր փոխարեն իր անունով կգրանցեր այդ գործիքները, բայց նա դա անում է միայն աշխատակիցների աշխատանքի հարմարության համար, որպեսզի գործն ընթանա հնարավորինս հարթ և լավագույնս։
Գերմանացի մասնագետին այստեղ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար վճարում են առնվազն 1000 եվրո, սակայն դոկտոր Էդմոնդ Լամպգեսն այստեղ աշխատում է առանց որևէ ակնկալիքի։ Եթե չլիներ նրա ֆինանսական և մտքի աջակցությունը, ես միայնակ չէի կարողանա հաջողության հասնել այս բոլոր խնդիրներով», ասում է տիկին Շիրզադին։
Տիկին Շիրզադին բազմաթիվ ոլորտներում արժանացել է մրցանակների ու պարգևների, այդ թվում են՝ Շրջակա միջավայրի ազգային մրցանակ (2003-1382 թ․), Երկրի թափոնների կառավարման ցուցիչի մրցանակ՝ թափոնների կառավարման նախագծերի իրականացման գործում նորարարության համար (2004-2005 / 1383-1384 թթ.), ընտրվել է որպես լավագույն գործարար երկրում 700 աշխատատեղեր ապահովելու համար (2006-1385), ընտրվել է որպես երկրի էլիտար տիկին, 70 քաղաքներում և 200 գյուղերում թափոնների կառավարման գիտա-կիրառական ուսումնասիրությունների համար (2007-1386 թթ.), ընտրվել է,որպես օրինակելի գործածար և պարգևատրվել է կանանց գործարար համաժողովի շնորհակալագրով (2015-1394 թթ.)։ Իրականում, տիկին Շիրզադին գիտակցել է առողջ շրջակա միջավայրի կարևորությունը, և նրա նպատակն է պաշտպանել շրջակա միջավայրը և բարելավել մարդկանց կյանքը: Տիկին Շիրզադին քաջ գիտակցում է, որ Իրանն այս աշխատանքի կարիքն ունի, և այդ ճանապարհը շարունակելու ներուժ կա երկրում։ Նա կարծում է, որ Իրանում մարդիկ բավականաչափ ինտելեկտ ունեն, բայց թիմային աշխատանքի ոգով նրանք կարող են հիանալի արդյունքների հասնել։ Հայդե Շիրզադին իր ընկերությունում հավաքել է կրթված երիտասարդների խումբ և վերապատրաստել նրանց, հետազոտական աշխատանք կատարելու համար:
Կանանց մասնակցությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումներին նույնպես առանցքային դեր ունի այս ծրագրերի հետագա կայունության համար: Այսօր աշխարհի շատ մասերում կանայք հանդես են գալիս բնապահպանական փորձագետների, մանկավարժների, նորարարների և բնապահպանական շարժումների առաջնորդների դերակատարությամբ: «Կանաչ գոտի» շարժումը Քենիայում հիմնադրվել է հանգուցյալ Վանգարիի կողմից, ում 2004 թվականին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակը: Պերուում հասարակական գործարար Ալբինա Ռուիսի «Առողջ քաղաք» կոչվող կազմակերպությունը տեղական համայնքներին օգնեց թափոնների վերամշակման գործում: Աֆղանստանի Բամիյան նահանգի առաջին կին նահանգապետ Հաբիբա Սարաբին հիմնել է այս երկրի առաջին ազգային պարկը, որը կոչվում է Band Amir: Իսկ այսօր հաջողակ ու ակտիվ բնապահպան կանանց կողքին փայլում է Հայդե Շիրզադիի անունը։ Ակնհայտ է, որ այս բոլորը ներկայացնում են բնապահպանական ոլորտում կանանց կատարած քայլերի ընդամենը մի մասը: Շատ կանայք խիզախորեն փորձում են պաշտպանել շրջակա միջավայրը աշխարհի բոլոր անկյուններում՝ առանց երբևէ հիշատակվելու նրանց անունները:
