Խինդ ու խրատի ծաղկաստանում (26. Չափից ավել վստահություն)
Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի վերջին մասը: Ընկերոջդ այնքան մի հզորացրու, որ եթե օրերից մի օր թշնամի դառնա, կարողանա քեզ հաղթել:
Մարդը կյանքում միշտ պետք է զգույշ լինի։ Երբեք ծայրահեղությունների մի գնացեք, և երբ ընկերություն եք անում ուրիշների հետ, շատ մի վստահեք նրանց և մի բացահայտեք ձեր բոլոր գաղտնիքները։
«Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի վերջին համարում ուզում ենք ձեզ պատմել Սաադիի Գոլեստան գրքից ևս մեկ գեղեցիկ հեքիաթ։ Սաադին պարսիկ բանաստեղծ և գրող է, ով ապրել է մեր թվարկության 12-րդ և 13-րդ դարերում՝ լուսնային 7-րդ և 8-րդ դարերում: Սաադիի ստեղծագործությունները առանձնահատուկ են և համայն աշխարհում բազմաթիվ երկրպագուներ ունեն։ Նա, անկասկած, պարսկերեն լեզվի առաջին հինգ բանաստեղծներից է և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը, ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը թե արձակում և թե չափածո մեջ համաշխարհային ճանաչում ունեն: Սաադիի կարևորագույն գործերից կարելի է նշել «Բուստան» և «Գոլեստան» գրքերը։ Այդ երկու գրքում՝ «Գոլեստան» և «Բուստան», Սաադին լավ խորհուրդներ է տալիս կյանքի համար։ Սաադիի Գոլեստան գիրքը չափածոյին մոտ արձակ ստեղծագործություն է։ Նման արձակը տեքստ է, որի նախադասությունները ունեն երաժշտություն, իսկ որոշ տեղերում կարելի է տեսնել հանգեր: Գոլեստանում Սաադին ավելի լավ է կարողացել զբաղվել բարոյական հարցերով, քան Բուստանում: Գոլեստանի գրքում Սաադին կարողացել է ավելի բարձր գրավչություն ստեղծել ընթերցողի համար՝ համատեղելով արձակը և չափածոն (պոեզիան), որպեսզի բարոյական հասկացությունները ավելի լավ փոխանցվեն: Գոլեստանի համաշխարհային համբավը ոչ միայն ավելի լայն է, քան Բուստանի գիրքը, այլեւ ավելի լայն, քան Սաադիի բոլոր ստեղծագործությունները (եւ թերեւս կարելի է ասել իրանական դասական գրականության բոլոր գործերը): Գոլեստանի անգլերեն թարգմանիչներից մեկն այս գիրքը գրելու համար Սաադիին համարում է «բոլոր մարդկանց բոլոր ժամանակների բարեկամն ու խորհրդականը»: Այս գիրքը թարգմանվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ամերիկայում և այլուր, և իր իմաստային հարստության շնորհիվ ունի համաշխարհային համբավ։
Բացի նախաբանից, Սաադիի Գոլեստանը ներառում է ութ գլուխներ՝ «Թագավորների վարքը», «Դերվիշների էթիկան», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», « Կրթության ազդեցությունը» և «Խոսելու կանոնները»: Այս գիրքը լի է հակիրճ խորհուրդներով: «Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի վերջին թողարկման ընթացքում մենք ձեզ համար ընտրել ենք այս գրքի առաջին գլխից ևս մեկ գեղեցիկ հեքիաթ: Սաադիի Գոլեստանից քաղած այս գեղեցիկ հեքիաթը օգտագործվում է, երբ մարդ այնքան լավատես է, որ իր կյանքի բոլոր գաղտնիքներն ասում է իր ընկերոջը և տուժում է այս միամտությունից:
************
Այս հեքիաթում, որը Գոլեստանի 27-րդ հեքիաթն է, Սաադին պատմում է, որ մի ըմբիշ ըմբշամարտի չեմպիոնների չեմպիոնն էր, և նա գիտեր հակառակորդի նկատմամբ ըմբշամարտի հաղթանակի երեք հարյուր վաթսուն գաղտնիք, և ամեն օր գոտեմարտում էր օգտագործելով այդ գաղտնիքներից մեկը: Ըմբշամարտով հետաքրքրվող երիտասարդներից մեկին նա սովորեցրեց ըմբշամարտում հաղթելու երեք հարյուր հիսունին գաղտնիք, բայց մի գաղտնիք չսովորեցրեց նրան: Այդ երիտասարդ ըմբիշը իր երիտասարդության և ամուր բազկի շնորհիվ դարձավ ըմբշամարտիկների առաջատարը: Անգամ մի օր ժամանակի թագավորի ներկայությամբ պնդեց՝ .«Ես ավելի ընդունակ եմ, քան իմ վարպետը։ Վարպետի գերազանցությունն իմ նկատմամբ պայմանավորված է նրա մեծությամբ և ինձ կրթելու իրավունքով, իսկ հակառակ դեպքում ես նրան ուժով չեմ զիջում և ըմբշամարտի արվեստում նրան հավասար եմ»։ Թագավորին դուր չեկավ, որ աշակերտը պնդում է, որ ավելի լավն է վարպետից: Թագավորը հրամայեց նրան գոտեմարտել իր վարպետի հետ մեծ դաշտում։ Ներկա էին պետական պաշտոնյաներ, ազնվականներ, հեղինակավոր անձնավորություններ և այլ հանդիսատեսներ։ Աշակերտն ու վարպետը գոտեմարտեցին։ Երիտասարդ աշակերտը հարբած փղի պես իջավ վարպետի վրա և ծանր վնասվածք հասցրեց նրան, որը կկործաներ լեռը, եթե նա կանգնած լիներ դրա վրա։ Վարպետը տեսավ, որ երիտասարդն իր ուժով գերազանցում է իրեն, օգտագործեց այն նույն գաղտնիքը, որը նա չէր սովորեցրել իր աշակերտին, և այնպես հաղթեց աշակերտին, որ նրան պոկեց գետնից և բարձրացրեց գլխի վրա և տապալեց գետնին, իսկ երիտասարդը չկարողացավ խուսափել այս տեխնիկական հարվածից։ Վարպետի երկրպագուները խանդավառության աղաղակ բարձրացրին: Թագավորը հրամայեց մեծ մրցանակ տալ ուսուցչին և մեղադրեց աշակերտին. «Ինչո՞ւ ես պնդում, որ կարող ես մրցել քո հարգելի ուսուցչի հետ, այն դեպքում երբ չես կարող դա անել»:
Աշակերտն ասաց. Ըմբշամարտի վարպետն ինձ ոչ թե իր ուժի շնորհիվ հաղթեց, այլ այն գիտելիքի ու գաղտնիքի պատճառով, որ նա ինձ չի սովորեցրել ու ինձնից թաքցրել է։ Նա ինձ հաղթեց գիտելիքի և ոչ թե մարմնի ուժով։
Թագավորն ասաց. «Դրա համար խելացի մարդիկ ասել են, որ ընկերոջդ այնքան մի հզորացրու, որ եթե օրերից մի օր թշնամի դառնա, կարողանա քեզ հաղթել»:
*********
Պատմող- Սաադիի այս հեքիաթը հիշեցնում է մեզ մեր գործողությունների հետևանքների մասին: Կպատմեմ նաև այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։
*************
Պատմող- Մեր քաղաքում ամեն տարի խոհարարության մրցույթ է անցկացվում: Ես ու մորաքրոջս դուստրը երկու քրոջ պես ենք և գիտենք միմյանց գաղտնիքները։ Երկուսս էլ որոշեցինք մասնակցել այս մրցույթին, քանի որ սիրում ենք ճաշ պատրաստել և շատ ժամանակ ենք անցկացնում դրա վրա։
Բոլորս պետք է պատրաստեինք նույն ուտեստը, իսկ հետո մրցավարները համեմատելով այդ ուտեստները, հայտարարում էին հաղթողին։
****************
Պատմող- Մորաքրոջս դուստրը մի քանի գիշեր մեր տուն եկավ և մենք միասին պատրաստվեցինք այդ մրցույթի համար: Բայց մի քանի օր անց նրանից լուր չկար, մինչև մրցույթի օրը։
Ես կասկածում էի նրան, քանի որ ես նրանից ավելի հմուտ էի խոհարարության մեջ։ Բայց ես ոչինչ չասացի։
Մրցույթի օրը նա ինձ անտեսեց ու գնաց իր տեղը ու սկսեց աշխատել։ Ես եփելիս հեռվից նայում էի նրան։ Նա անում էր հենց այն, ինչ ես էի անում։
Մինչև մրցույթն ավարտվեց:
***********
Պատմող- Ես հաղթեցի:
Նա շատ զարմացավ և ասաց.«Ինչպես կարելի է: Ես արել եմ այն, ինչ դու ես արել այդ ուտեստը պատրաստելիս:
Ասացի, այո, միայն մեկ տարբերությամբ:
Ասաց- Ի՞նչ:
Ասացի- Միթե չես լսել Սաադիի Գալեսթանի այն հեքիաթը, որ ասում է՝ ընկերոջդ այնքան մի հզորացրու, որ եթե օրերից մի օր թշնամի դառնա, կարողանա քեզ հաղթել:
Ասաց- Այսինքն դու այդ գաղտնիքն ինձ չես ասի՞:
Ասացի- Հիմա երբ մրցույթն ավարտվել է կասեմ: Ես գուշակեցի, որ դու ինձ հետ անկեղծ չես: Ես էլ հետևեցի Սաադիի խրատին: Այդ ուտեստն ավելի համեղ կլինի, եթե մի քիչ եփված հատիկաընդեղենի ջրից լցնես մեջը:
Ասաց-Ճիշտ է: Լավ դաս էր: Թե քո խոսքը և թե Սաադիի խրատը:
*****
Ավարտվեց «Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի վերջին համարը: Ինչպես ասացինք զգույշ եղեք ընկերություններում, որպեսզի դիմացի կողմը չչարաշահի ձեր վստահությունը:
Հույս ունենք այս հաղորդաշարը ձեր ուշադրությանն արժանացած կլինի և իրանցի մեծանուն բանաստեղծ, գրող Սաադիի խրատները ձեր կյանքի ուղեկիցը կլինեն, որպեսզի միշտ հաղթանակեք և հաջողության հասնեք: