Իրանի հաջողակ կանայք (18)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում ներկայացնելու ենք իրանցի մարզուհի՝ Հաշեմիե Մոթթաղյանին: Ընկերակցեք մեզ:
Կամքն ու հաստատակամությունը բառեր են, որոնք այլ իմաստ ու երանգ ունեն հաշմանդամների կյանքում, մարդիկ, ովքեր ի դեմս իրենց առջև ծառացած հայացքների և խնդիրների, իրենց շրջապատող աշխարհի հերոսներն են: Կան բազմաթիվ հաշմանդամներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել սոցիալական, գիտական և մարզական տարբեր ոլորտներում։ Այս հաջողությունների վառ օրինակը կարելի է տեսնել պարալիմպիկ խաղերում, երբ իրանցի հաշմանդամ մարզիկները բազմիցս մեդալներ են նվաճել, և Իրանի դրոշը այլ երկրների դրոշներից ավելի բարձր է ծածանվել։
Թեև ոմանք դեռ հաշմանդամությունը համարում են անկարողություն և հաշմանդամին ճիշտ վերաբերմունք չեն ցուցաբերում, բայց չնայած դժվարություններին, հույսի լույսը վառ է այս մարդկանց սրտերում և ձգտում են հասնել հաջողության։ Իրանցի հաշմանդամ երիտասարդների մոտիվացիան, տաղանդն ու ոգևորությունն այնքան մեծ է, որ չնայած հնարավորությունների բացակայությանը և պատժամիջոցների պայմաններին, նրանք կարողացան բազմաթիվ հաջողությունների հասնել միջազգային մակարդակում:
Իրանցի երիտասարդ մարզուհի Հաշեմիե Մոթթաղյան Մոավին ապացուցեց, որ չնայած հաշմանդամությանը, հնարավոր է գագաթները մեկը մյուսի հետևից նվաճել՝ հետևողական ու համառ ջանքերի շնորհիվ։ Նա Իրանի աթլետիկայի մարզիկ է սկավառակի և նիզակի նետում մարզաճյուղերում: Մոթթաղյանին հաջողվել է գերազանցել համաշխարհային ռեկորդը և 2020 թվականին անցկացված Տոկիոյի պարալիմպիկ խաղերի նիզակի վարժությունում նվաճել ոսկե մեդալ։ Այս մեդալը պարալիմպիկ խաղերում Իրանի կանանց աթլետիկայի առաջին ոսկե մեդալն է։
Հաշեմիե Մոթթաղյանը ծնվել է Ահվազում 1365 թվականին(1986 թ․)։ Նա 70 տոկոսով հաշմանդամ է և հպարտ իրանցի, հայրը զոդող է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Հաշիմիեն՝ մի աղջիկ է Ահվազ քաղաքից , Ահվազի արևմուտքում գտնվող ամենահարավային կետի՝ Մալաշիեի շրջանից։ Տոկիոյից Առաջնության ոսկե մեդալը Իրանին որպես հուշանվեր բերած Հաշեմիե Մոթթաղյանը Ահվազի քաղցր առոգանությամբ մեզ պատմում է իր հուշերը՝ մանկությունից մինչև ավագ դպրոց:
«Ես ծնվել եմ իրանական 1365 թվականի խորդադ ամսի 1-ին(1986 թվականի մայիսի 22-ին)։ Մինչեւ մեկ տարեկան ես ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Իմ հաշմանդամությունը սկսվել է, երբ ես 1 տարեկանում ընդունեցի պոլիոմիելիտի պատվաստանյութը: Պատճառն այն էր, որ ես այն ժամանակ, մրսած էի և ջերմություն ունեի, և երկու ոտքերս էլ մեկ օր անց պնդացան: Իհարկե, ֆիզիոթերապիայի միջոցով աջ ոտքս մի փոքր լավացավ, բայց ձախ ոտքիս մկանները ազդրից վար մնացին ընդմիշտ անշարժ։Այս դեպքի պատճառով ես ոչ մեկուսացա ,ոչ էլ դեպրեսիան ինձ պատեց: Երբ ես դպրոցական էի, ֆիզիկական այս վիճակիս պատճառով չէի կարողանում խաղալ երեխաների հետ, և սպրոտի դասաժամին ուսուցչի առաջարկով սովորաբար ընտրում էի շախմատը , բայց սա միայն գնահատական ստանալու համար էր, և շախմատով չէր լիցքաթափվում իմ մեջ կուտակված էներգիան»:
Հաշեմիեի զոդող հայրը՝ նրա համար երկաթե ձեռնափայտ է պատրաստում, որը տարիներ շարունակ դառնում է Հաշեմիեի ուղեկիցը։ Հետաքրքիր է, որ Հաշեմիեն նույն ձեռնափայտով իր ընկերների կողքին մարզվել է։ Ասում են, որ նա այնքան եռանդուն է եղել, որ ամեն օր մարզումների ժամանակ կոտրել է իր ձեռնափայտերից մեկը, որպեսզի կարողանա ոտքի կանգնել: Միջին դպրոցում նրա ուսուցչուհի տիկին Ֆարաջզադեն պատվիրել է նրա համար փայտե ձեռնափայտ պատրաստել, իսկ նրա քույրը,ով աշխատում էր «Կարմիր մահիկ» կազմակերպությունում , քրոջ համար բժշկական կոշիկ է հայթայթել... Հաշեմիեն այդ մասին ասում է. «Երբ ես հագա կոշիկները, կարծես աշխարհն ինձ տրված լիներ։ Երեք օր հետո փայտե ձեռնափայտը դեն նետեցի ու կարողացա քայլել, անգամ մեջքիս թեքությունը պակասեց»։
Երբ Հաշեմիեն մոտ 18 տարեկան էր, մի օր նա ավտոբուսի կայարանում սպասում էր քոլեջ գնալուն, երբ տեսնում է հաշմանդամ մարզուհիների։ Նրանցից խորհուրդ է ստանում, և այնուհետև գնում է հաշմանդամություն ունեցող մարզիկների կենտրոն ու սկսում է լրջորեն մարզվել: Նա ասում է. «Առաջին օրը , երբ մտա մարզադահլիճ՝ թեստ անցկացնելու համար, ամբողջ ոգով ու սրտով արեցի այն ինչ կարող էի»: Առաջին 2 տարին զբաղվել եմ նստած վոլեյբոլով, բայց քանի որ իմ կազմվածքը հարմար չէր և պարասիական խաղերում մրցակցի ձեռքերն ավելի երկար էին, քան իմը, ինձ հանեցին երիտասարդների ընտրանուց,որից հետո կորցրեցի մոտիվացիաս, բայց չհեռացա սպորտից և իմ մարզչի խրախուսմամբ 23 տարեկանում մտա աթլետիկայի ասպարեզ, աթլետիկայի ոլորտն ինձ համար նոր աշխարհ էր և ինձ դուր եկավ այդ միջավայրը: Այն, որ այս մարզաձեւում ամեն ինչ քեզ համար է, ու դու ապավինում ես քո ուժերին ու էներգիային, դա դարձավ մոտիվացիա կրկնակի ջանքեր գործադրելու համար։ Աթլետիկան շատ ենթաճյուղեր ունի, բայց ես ընտրել եմ նիզակի ու սկավառակի նետումը»։
Մոթթաղյանը Տոկիոյի պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալը նվաճելուց բացի,գերազանցեց համաշխարհային ռեկորդը։ Նա շատ է շեշտը դնում պրակտիկայի և կրկնության վրա և այս բառերի կողքին կարևորում է Աստծուն ապավինելը: Նա ասում է.-«Եթե ամեն մարդ դպրոցական ժամանակաշրջանից իր համար նպատակ է ընտրում ու որոշում իր ուղին, անհնար է կրկնելով ու պրակտիկայով չհասնել իր նպատակին։ Անգամ եթե նա ընկնի, պետք է ապավինի Աստծուն և նորից փորձի: Պրոֆեսիոնալ մարզիկը շատ աշխատանք է տանում այս դիրքին հասնելու համար: Օրինակ՝ հակառակ իմ ներքին ցանկության՝ ես տարիներ շարունակ հեռու էի մնում հարազատներիս հետ հավաքներից,որպեսզի հասնեմ իմ առջև դրած նպատակին։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ առավոտյան արթնանալու համար զարթուցիչից շուտ եմ արթնացել, ու փոխանակ ասելու, որ 5 րոպե ավել քնել ու արդարացումներ անել, վեր եմ կենում անկողնուց ու սկսում եմ իմ օրը»:
Մոթթաղյանի խոսքերում առկա բոլոր խորհուրդներն ու մոտիվացիան կարելի է տեսնել գործնականում, քանի որ արդյունքը լինում է աշխարհի գույնզգույն մեդալների նվաճումը:
Նա ասում է.- «Կան շատ կանայք, ովքեր թեև առողջ են, բայց ինչ-որ պատրվակով որևէ նպատակ չեն հետապնդում, և շատ մարդիկ, ովքեր վթարի կամ նույնիսկ բնածին խնդիրների պատճառով հաշմանդամ են, իրենց ծնկները գրկած տխուր նստում են տան անկյունում և կարծում են, որ աշխարհի վերջը հասել է, բայց իրականում այդպես չէ, հետևողականությունն ու վճռականությունը փակում են այս բոլոր բացասական մտքերի ճանապարհը և ստիպում պայքարել: Ասեմ նաև, որ հաշմանդամներից շատերը տեղյակ չեն հաշմանդամներին հատուկ սպորտի մասին, ուստի պետք է տեղեկատվություն տրամադրել, որպեսզի նրանք էլ մուտք գործեն այս ասպարեզ»։
Հաշեմիեն կարծում է, որ չնայած Իրանի ժողովրդի թշնամիների լրատվամիջոցների հարձակումներին, հաշմանդամների սպորտը զգալիորեն աճել է և չի կարող համեմատվել նախահեղափոխության շրջանի սպորտի հետ: Հատկապես , որ Իսլամական հեղափոխությունը վերացրեց աղջիկների ներկայության ճանապարհին առկա բազմաթիվ սահմանափակումներ և խոչընդոտներ, որոնք զգալի էին փոքր քաղաքներում և գյուղերում:
Այսօր մարզաձևերի աճելը և 30-ից 170-ի հասնելը, այս երկրի տարբեր մարզաճյուղերում մարզիկների նվաճած հաղթանակները և սպորտի ենթակառուցվածքների նկատմամբ ցուցաբերվող հատուկ ուշադրությունը այս ակնառու առաջընթացի ընդամենը մի մասն են։
Երկրին մեծ պատիվ բերած մարզուհիներից է Մոթթաղյանը, ով տեսել է իր համբերության և տոկունության պտուղները և այժմ հասել է մեծ հաջողությունների, նա ասում է.«Ես երկու արծաթե մեդալ եմ նվաճել 2014 թվականին Ինչոնում կայացած պարասիական խաղերում, երկու ոսկե մեդալ 2016 թ. ԱՄԷ-ի ասիական խաղերում եւ 2016 թվականին Ռիոյի պարալիմպիական խաղերում զբաղեցրի աղյուսակի չորրորդ հորիզոնականը:
2017 թվականին նա միակ մարզուհին էր, ով մասնակցել է Լոնդոնի աշխարհի առաջնությանը և գրավել երկրորդ տեղը: Իր նվաճած մյուս մրցանակների մասին նա ասում է. «2018-ին ես գերազանցեցի ռեկորդը և ոսկե մեդալ նվաճեցի Ջակարտայում անցկացված պարաասիական խաղերում սկավառակի նետում ձևում, իսկ Էմիրություններում անցկացված աշխարհի առաջնությունում ես միակ մարզուհին էի, ով նվաճեց արծաթե մեդալ նիզակի նետումում և քվոտա նվաճելով՝ ես անմիջապես մեկնեցի Տոկիո, մասնակցելու 2020 թվականի պարալիմպիկ խաղերին»։
Մոթթաղյանը շարունակում է պատմել իր նվաճումների մասին.-«2020 թվականին անցկացված Տոկիոյի պարալիմպիկ խաղերում նվաճելով ոսկե մեդալ, ես առաջին մարզուհին եմ,որ ոսկե մեդալ բերեցի իմ երկիր, քանի որ պարալիմպիկ խաղերի ողջ պատմության ընթացքում աթլետիկայի մարզաձևում մենք ոսկե մեդալ չէինք շահել, ես առաջին մարզուհին եմ, ով աթլետիկայի մարզաձևում ոսկե մեդալ է նվաճել»:
Մոթթաղյանը ոսկե մեդալով պարգևատրվելու պահին չափազանց ուրախ էր և ուրախությունից հուզվել էր, քանի որ դա 2016 թվականին Ռիոյում անցկացված պարալիմպիական խաղերում ձախողվելուց հետո հինգ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր, այն էլ մեծ հաղթանակ արձանագրելով և ռեկորդ սահմանելով , կարողացել էր մեծ ուրախություն պարգևել Իրանի ողջ ժողովրդին:
Այս հաջողակ իրանցի մարզուհին հավատացած է, որ իր մեջ ոչ մի հաշմանդամություն չի տեսնում, քանի որ ունի առողջ միտք և մարմին և ոչնչով չի տարբերվում առողջ քայլող մարդկանցից, և գուցե իր ոտքերում ինչ-որ արատ ունի, բայց դա չի զգում։ Նրա հետևյալ նախադասությունը խորհելու տեղիք է տալիս, նա ասում է.-«Աստված երբ մարդուն մի բանից զրկում է, այլ յուրահատկություններ է շնորհում նրան,որոնք քանի անգամ ավելի լավ են լինում։ Ես մշտապես նամազի ժամանակ փառաբանում եմ Աստծուն և ասում․-«Միգուցե Աստված ինձ մի ոտքից զրկեց,սակայն հարյուրավոր այլ հատկություններ շնորհեց ինձ,որոնցից կարևորագույններն են՝ կամքը և հետևողականությունը»։Այս մարզուհին չնայած իր բոլոր դժվարություններին ու զրկանքներին, հետապնդեց իր առջև դրած նպատակը և իրականացրեց իր երազանքը,որպեսզի ապացուցի,որ հաշմանդամությունը սահմանափակություն չէ և մարդը ցանկացած պայմանների ներքո կարող է հասնել մեծ բարձունքների»։