Իրանի հաջողակ կանայք(22)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ:Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում ծանոթանալու ենք իրանցի երկու հրշեջ կանանց հետ։ Կին հրշեջները մի քանի տարի է, ինչ մասնակցում են տարբեր գործողությունների։ Հրդեհը, ավերածություններն ու դժբախտ պատահարները նրանց համար ոչ մի տարբերություն չունեն:
Նրանք մեծ ոգևորությամբ են կատարում իրենց աշխատանքը, նրանք ամեն ինչ անում են որպեսզի մարդկանց օգնեն դժվարին և արտակարգ իրավիճակներում։Նրանք տարիներ մեծ ջանք են գործադրել այս աշխատանքով զբաղվելու համար:
Անցյալում հրդեհաշիջումը զուտ տղամարդկային մասնագիտություն էր: Այսօր,այն դեպքում,երբ այս ճյուղում մասնագիտական և կամավոր ոլորտներում գերակշռում են տղամարդիկ, կան կանայք, ովքեր մրցում են իրենց տղամարդ գործընկերների հետ: Փաստորեն, այս հոսքը գնացել է այն ուղղությամբ, որ այս ոլորտում կանայք ներկայումս աշխատում են աշխարհի տարբեր երկրներում։ Իրանում արդեն մի քանի տարի է, ինչ կին կամավոր հրշեջները, տղամարդ հրշեջների հետ միասին, հսկում են կրակը, ինչպես մոմը ձեռքին, և ըստ նրանց՝ մարդուն փրկելու լավ զգացողությունը նման է կրակի վրա ջուր լցնելուն։Երբ հրդեհ է բռնկվում, մարդկանց հույսն այն հերոսներն են,որոնք չեն վախենում սանձարձակ կրակի բոցերից և կրակի ու ծխի ահագնացող գրոհի ընթացքում հույսի դռներ են բացում:
Ներկայումս Իրանում այս կանանց մասնակցությամբ գործում են մի քանի հրշեջ կայաններ։
Քարաջի «117» հրշեջ կայանը Մերձավոր Արևելքում առաջին կանանց հրշեջ կայանն է, աշխարհում ոչ մի տեղ չկա կանանց հատուկ կայան, և փաստորեն աշխարհի բոլոր հրշեջ կայաններում տղամարդիկ և կայանք աշխատում են համատեղ: Քարաջի հրշեջ կայանը լիարժեք անկախություն ունի, համարվում է կանանց միակ և ամենահին հրշեջ կայանը Իրանում: Այս կայանի գործունեությունը սկսվել է 2003թ. փետրվարից (Իրանական 1381թ. բահման ամսից), իսկ 2003թ. ապրիլին (1381թ. ֆարվարդին ամսին) այս թիմը 11 հոգով պաշտոնապես սկսել է իր գործունեությունը, որից անցել է ավելի քան 19 տարի և այսօր 16 կին 5 հոգանոց խմբերով, 3 հերթափոխով և մեկ ղեկավարով ծառայում է ժողովրդին։
36-ամյա Էլհամ Խալաջին Քարաջի «117» հրշեջ կայանի հերթափոխի հրամանատարն է։ Նա չորս այլ կանանց հետ միասին 24 ժամ պատրաստ դրության մեջ է վտանգին դիմակայելու համար: Հրդեհից և ավերածություններից սկսած մինչև ճանապարհատրանսպորտային պատահարներ, փոքր և խոշոր միջադեպեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հուզիչ ֆիլմի կամ պատմության թեմա: Տագնապով ուղեկցվող ապրումների պատճառով Էլհամը որոշեց ընտրել այս մասնագիտությունը, թեև ընտանիքը համաձայն չէր նրա որոշմանը. «Ծնողներս սկզբում շատ դեմ էին։ Հիմա էլ, երբ 6 տարի 2 ամիս է այս մասնագիտությամբ եմ զբաղված, էլի անհանգստանում են», ասում է նա:
Նա դեռահաս տարիքից սիրում էր բուռն ապրումներով ուղեկցվող աշխատանքը։ Արագությամբ և ճշգրտությամբ մի գործ անել, որ ամեն պահը լի լինի տագնապով ու վախով: Թեև նա միջնակարգ դպրոցում ընտրեց մաթեմատիկա և ֆիզիկա և ընդունվեց քաղաքացիական-ճարտարագիտություն ճյուղում, սակայն նրա հետաքրքրությունը հրդեհաշիջման նկատմամբ չպակասեց։ Հրշեջը միշտ պետք է ֆիզիկապես պատրաստված լինի: Էլհամը նախքան հրշեջ դառնալը սպորտով էր զբաղվում: Նա ասում է.«Մի քանի մարտարվեստով եմ զբաղվել։ Երկրի և նահանգի մակարդակում նվաճել եմ քանի մրցանակներ։ «Երբ մասնակցեցի գործնական քննությանը, շատ լավ գնահատական ստացա»։ Էլհամը,որ դեռ պահպանում է իր ֆիզիկական պատրաստվածությունը, ասում է, որ օրական մի քանի ժամ պարապում է, 6 ամիսը մեկ պարբերական ֆիզիկական ստուգումների է մասնակցում։
Հրդեհը վտանգավոր է: Յուրաքանչյուր գործողություն ունի իր պայմանները: Քարաջի միակ կանանց կայանը տարբեր գործողություններ է իրականացնում, այդ թվում են՝ հրդեհաշիջումը,փրկարարական աշխատանքները, տարբեր խավերին անվտանգության և հրդեհաշիջման ուսուցումները և այլն։ Վերջում տիկին Խալաջին նշում է. «Բացի հրդեհաշիջումից, մենք ունենք փրկարարական առաքելություններ, ճանապարհատրանսպորտային պատահարների, վերելակների ընկնելու, հորերի փլուզման, ավերածությունների ժամանակ, և մինչ այժմ ես իրականացրել եմ գրեթե 800 առաքելություն։ «Հրդեհաշիջումը հղի է վտանգներով, բայց ես չեմ զղջում իմ ընտրության համար, առավել ևս մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»:
Մարիամ Ղանին ծնվել է 1984 թվականին(1363 Ֆարվարդին ամսին) ։ Նա մանկուց սիրում էր ուսուցիչ դառնալ, և նրա ցանկությունը իրականացավ,և նա դարձավ համալսարանի դասախոս՝ ստանալով ֆիզկուլտուրայի և ռազմավարական կառավարման մագիստրոսի կոչում։ Մարիամը երբեք չէր մտածում, որ մի օր հրշեջ կդառնա: Բայց այժմ նա Խորասան Ռազավիի հրշեջների և բուժօգնության կոմիտեի փոխնախագահն է։ Կանանց հրշեջ կարիերային Մարիամի ծանոթությունը սկսվում է 90-ականների սկզբից, երբ հրշեջ կայաններից մեկում պատահաբար տեսավ կամավոր հրշեջների վերապատրաստման դասընթացների մասին հայտարարությունը։ Նա ասում է. «Մինչ հրշեջ ծառայության անցնելը ես քիչ բան գիտեի այս աշխատանքի մասին, ինչպես մյուս քաղաքացիները, բայց փրկարարական ոգու շնորհիվ, որը միշտ ինձ ուղեկցում էր, նախնական և գործնական պարապմունքներ անցկացրի, որը տևեց 3-ից 6 ամիս»:
Այս դասընթացներն ավարտելուց հետո մոտ 70 կամավոր հրշեջներ ներգրավվեցին հրշեջ ծառայությունում։ 70 կին հրշեջ, ովքեր մոռանալով աշխատանքի բարդությունները լծվեցին հրդեհը մարելու և կյանքեր փրկելու աշխատանքին: Անցկացրած դասընթացների մասին Մարիամ Ղանին ասում է. «Ես հիշում եմ, որ օպերատիվ վարժությունների ժամանակ մենք ծանր շնչառական ապարատով բարձրանում էինք տասներկու հարկանի աշտարակներ։ Այդ վարժությունները կա՛մ մեր աերոբիկ կարողությունը որոշելու համար էին, կա՛մ մանևր էին, և մենք պետք է կատարեինք դրանք: Մենք այս վարժություններն անում էինք օրական 2 կամ 3 անգամ։ Թեև չհրկիզվող հագուստը բավականաչափ տաք է, և մենք շատ էինք քրտնում,բայց այս վարժություններն արել ենք նույնիսկ ամառվա սարսափելի շոգին։ Մենք աշտարակների մեծ մասում կամ նույնիսկ կիսավարտ շենքերում,որոնք անգամ կարգին աստիճաններ չունեին, վարժություններ էինք անում։ Ժամեր շարունակ պարապում էինք և չնայած շատ էինք հոգնում, բայց մեզ շատ լավ էինք զգում»։
2013 –ից մինչև 2019 թվականը ( իրանական 1392-1398 թ․) Մարիամ Ղանին եղել է նաև կին հրշեջների ֆիզիկական դաստիարակության պատասխանատուն։ Կին հրշեջներն անցնում են ուսուցման և օպերատիվ ծանր դասընթացներ՝ ինչպես վարժության, այնպես էլ ծառայության ընթացքում: Այդ իսկ պատճառով նրանք միշտ բարձր պատրաստվածության վրա են։ Մարիամ Ղանին նշում է. «Հրշեջների հագուստի քաշը տատանվում է 7-ից 11 կգ-ի սահմաններում, ըստ դրանց շերտավորման, իսկ օպերատիվ սարքավորումներով, ինչպիսիք են շնչառական ապարատը, հիդրավլիկ սարքը, կտրիչը, հրդեհային գուլպանը և կրակմարիչը, այդ քաշը կարող է հասնել մինչև 21 կգ-ի։ Բացի այդ, երբ վթար է տեղի ունենում, մենք պետք է հագնենք մեր հագուստը մեկ րոպեից էլ քիչ ժամանակում։ Իսկ գործողությունները ծանր են ու սթրեսային»։
Բայց Մարիամ Ղանին հնարավոր է համարում այս բոլոր դժվարությունները մեկ նախադասությամբ տանել՝ «եթե սիրես քո աշխատանքը, կդիմանաս»։ Նա ասում է. «3 տարածք վերապահված է կին հրշեջներին։ Ես պատկանում եմ առաջին տարածքին և 4 օրը մեկ պետք է հայտարարեմ հերթափոխի իմ պատրաստակամության մասին։ Յուրաքանչյուր հերթափոխում կան 8-ից 10 կին հրշեջներ, որոնք կայանում են մնում առավոտյան ժամը 8-ից մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 8-ը: Շաբաթվա մյուս օրերին ես պետք է լինեմ տանը կամ տան մոտակայքում, որպեսզի եթե դժբախտ պատահար լինի և հրշեջ կարիք լինի, ես այնտեղ լինեմ»:
Մարիամ Ղանին ձեռքից բաց է թողել իր կատարած գործողությունների թիվը։ Նա հրդեհաշիջման աշխատանքի միջոցով ծանոթացել է անվտանգության կետերին և դրանք փոխանցել է իր ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Նա նույնիսկ հասարական վայրերում զգուշացնում է մյուսներին։ Նա ասում է․-«Մի օր երբ մենք հյուր էինք գնացել, այնտեղ ընկերոջս երեխայի կոկորդում ինչ-ոչ բան մնաց,և քանի որ ես առաջին բուժօգնության և ճգնաժամային կառավարման դասընթացներ էի անցկացրել , մի ակնթարթում երեխայի կոկորդից հանեցի այն ինչ մնացել էր նրա կոկորդում։ Երեխայի մայրն ու շրջապատը շփոթվել էին ,մինչև նրանք ուշքի եկան, երեխան առողջ ու կենսուրախ կանգնած էր նրանց առջև։ Դա շատ հաճելի զգացողություն պարգևեց ինձ։ Ինձանից առաջ, մեր շրջապատում որևէ մեկը հրդեհաշիջման աշխատանքով չէր զբաղվել, բոլորի համար շատ հետաքրքիր էր։ Երբ ես հրշեջ դարձա , հարազատներս, ծանոթներս ինձանից հարցնում էին հրդեհաշիջման աշխատանքի ու այդ ասպարեզ մտնելու մասին»։
8 տարի անց Մարիամը դեռ լարում է ժամանացույցը, որպեսզի հերթափոխի նախորդ օրը ճիշտ ժամանակին հայտարարի իր պատրաստակամության մասին, և ինչպես ինքն է ասում՝ 4 օրը մեկ անգամ սիրով իր հերթափոխի օրը նշանակում է օրացույցում։ Ասում է՝ 8 տարի անց դեռ լավ եմ զգում այս աշխատանքը կատարելիս և չեմ ափսոսում, որ մտել եմ հրդեհաշիջման աշխարհ։ Հիմա երբ իմ կյանքի 8 տարիները հատկացրել են այս գործին , շատ եմ ափսոսում լքել այն»։