Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (120)
https://parstoday.ir/hy/radio/iran-i196194-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(120)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում» հաղորդաշարի վերջին համարը: Աստծո կամոք այլ հաղորդաշարերի ընթացքում միասին կթերթենք ու կվերընթերցենք Սրբազան պաշտպանության ծավալուն գիրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 06:55 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում» հաղորդաշարի վերջին համարը: Աստծո կամոք այլ հաղորդաշարերի ընթացքում միասին կթերթենք ու կվերընթերցենք Սրբազան պաշտպանության ծավալուն գիրքը:

Ինչպես մեծանուն բանաստեղ Սաադին է ասում «Հեքիաթն անավարտ այս գիրքն էլ փակվեց»: Սիրելի ռադիոլսող բարեկամներ 120 հաղորդումների ընթացքում փորձեցինք ձեզ համար վերընթերցել Իրանի Իսլամական հեղափոխության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 8-ամյա Սրբազան պաշտպանությունը իրանական պատմության կարևորագույն իրադարձությունն է Իրանի ու տարածաշրջանի մասշտաբով: Պարտադրված պատերազմի ավարտից ավելի քան երեք տասնամյակ անցնելուց հետո այս պատերազմի հետևանքներն ու ազդեցությունները դեռևս շարունակվում են Իրանում և տարածաշրջանում։ Սրբազան պաշտպանության ութ տարիներն Իրանում մեծ փոփոխություններ են առաջացրել ռազմական և տնտեսական կառուցվածքում, ունեցել են մշակութային ու սոցիալական խոր ազդեցություններ և ազգային միասնության ու համախմբման ամրապնդման պատճառ են դարձել: Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է այնպիսի զսպող ուժի, որ ոչ մի երկիր, այլևս չի համարձակվի ներխուժել Իրան։ 120 հաղորդումներում մեր ասածը միայն նկարագրական և վերլուծական ակնարկ էր Իրանի ժողովրդի ութամյա սրբազան պաշտպանության ընթացքի մասին՝ ընդդեմ թշնամու ագրեսիայի, որին աջակցում էին Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունները և նրանց արբանյակները։ Սադամի բաասական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը պարտադրված ութամյա պատերազմն ունի ծավալուն հարթություններ և ձեռքբերումներ։ Աստծո կամոք այլ հաղորդաշարերում ձեզ համար կպատմենք մի անհավասար մարտում իրանցի երիտասարդների 8-ամյա մնայուն հերոսապատման տարբեր հարթությունների մասին:

****************************** երաժշտություն ***********************************

Սրբազան պաշտպանության ութ տարիները Իրանի Իսլամական հեղափոխության իդեալները պաշտպանելու ճանապարհին զոհաբերության, էպոսի և նահատակության գագաթները բարձրացած և այս սահմանի ու իսլամական երկրի պատմությունը տող առ տող իրենց արյամբ գրած քաջերի մնայուն պայքարն է։ Իրանի ժողովրդի համար պատերազմն իր բոլոր դժվարություններով, դառնություններով ու ավերածություններով թողեց եզակի ու հիշարժան էպոսներ և հավերժական պարծանքներ Սրբազան պաշտպանության դարաշրջանից: Սրբազան պաշտպանության ութ տարիները հսկայական փոփոխություններ են առաջացրել Իրանի կառավարության և հասարակության նյութական և հոգևոր հարթություններում: Իմամ Խոմեյնին պատերազմի ավարտից վեց ամիս անց և իր մահից երեք ամիս առաջ հոգևորականներին ուղղված ուղերձում ասաց.«Պատերազմում ամեն օր մի օրհնություն ենք ունեցել, որից օգուտ ենք քաղել բոլոր ասպարեզներում։ Մենք պատերազմով աշխարհ ենք արտահանել մեր հեղափոխությունը։ Մենք ապացուցել ենք մեր ճնշվածությունը և ագրեսորների կողմից գործադրվող ճնշումը պատերազմում։ Պատերազմում բռնակալների և օկուպանտների կեղծ դեմքից մենք հանեցինք շղարշը: Մենք պատերազմում ճանաչել ենք մեր ընկերներին և թշնամիներին: Պատերազմում մենք եկանք այն եզրակացության, որ պետք է մեր ոտքի վրա կանգնենք։ Մենք պատերազմում հաղթեցինք երկու գերտերություններին՝ Արեւելքին եւ Արեւմուտքին։ Մենք պատերազմում ամրապնդեցինք մեր բեղմնավոր իսլամական հեղափոխության արմատները: Պատերազմի ժամանակ մենք բեղմնավորեցինք եղբայրության ու հայրենասիրության զգացումը ժողովուրդների հոգու մեջ։ Պատերազմում մենք աշխարհի և հատկապես տարածաշրջանի մարդկանց ցույց տվեցինք, որ կարող ենք տարիներ շարունակ պայքարել բոլոր տերությունների և գերտերությունների դեմ։ Մեր պատերազմը հանգեցրեց Աֆղանստանի նվաճմանը։ Մեր պատերազմը կբերի Պաղեստինի ազատագրմանը»:

 Այաթոլլահ Խամենեին երկու գերտերությունների՝ Արևելքի և Արևմուտքի կողմից Սադդամին ցուցաբերված աջակցության մասին ասում է.«Սառը պատերազմի ժամանակաշրջանում չկար այնպիսի խնդիր, որի շուրջ երկու համաշխարհային գերտերությունները (ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն) համաձայնության հասնեին այն էլ այն աստիճան, որ երկուսն էլ ռազմական տեխնիկա տային պատերազմի մի կողմին: Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Սրբազան պաշտպանության դարաշրջանը հազվադեպ է հանդիպում նման հատուկ պայմանների: Բացառություն էր, որ Սադամը որոշ չափով վայելում էր նաև Արևմուտքի տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական աջակցությունը, իսկ մյուս կողմից՝ լայնածավալ ռազմական աջակցություն կար Արևելքից։ Սադամի ողջ բանակը հագեցած էր ԽՍՀՄ-ի և նրա արևելաեվրոպական արբանյակների արտադրության զենքերով, որոնք այդ օրը Վարշավայի պայմանագրի և խորհրդային գերտերության մաս էին կազմում: Սա շատ տարօրինակ բան էր։ Այս պատերազմում մենք բառացիորեն ճնշված կողմն էինք։ Մի անգամ համակարգի պաշտոնյաներից մեկը բացատրեց, որ մենք ուզում ենք անցնել խորհրդային տարածքից, որպեսզի ներկրենք մի երկրից գնած փշալարերը, բայց նրանք թույլ չեն տվել անցնել։ Անգամ հեղափոխական երկիրը, որն այսպես կանգնած է ԱՄՆ-ի դիմաց, նախկին Խորհրդային Միությունը պետք է իր վրա նման սահմանափակումներ դնի։ Սա մեր ժամանակակից դարաշրջանի հազվագյուտ դեպքերից է»:

Արևելքի և արևմուտքի երկու բլոկները և երկբևեռ համակարգի հարաբերությունները կարգավորող տրամաբանությունը կրոնական և իսլամական բնույթի ցանկացած հեղափոխություն գնահատեցին իրենց շահերին հակասող։ Արդյունքում թույլ չտվեցին անկախ բևեռի ծնունդ, որի սաղմը ձևավորվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով։ Մյուս կողմից, Իսրայելը և հետադիմական արաբական երկրներն անհանգստացած էին Իսլամական հեղափոխության հաղթանակից՝ ժողովրդի մոտ իրենց ոչ լեգիտիմության պատճառով և վախենում էին տարածաշրջանի մուսուլմանների վրա այս հեղափոխության թողած ազդեցությունից: Այդ իսկ պատճառով երկու բլոկները՝ Արևելքը և Արևմուտքը, իրենց բոլոր հակասություններով հանդերձ, չխնայեցին Սադամի վարչակարգին ցուցաբերվելիք ցանկացած օգնություն Իրան ներխուժելու հարցում: Սադամն Իրանի տարածք ներխուժելու հրաման արձակեց այն ժամանակ, երբ Իսլամական հեղափոխության հաղթանակից ոչ ավելի, քան 19 ամիս էր անցել, Իսլամական Հանրապետության համակարգը չէր հաստատվել, և երկրի բոլոր ծայրերում տեղի էին ունենում տարբեր անջատողական միջադեպեր և անկարգություններ։ Սա այն դեպքում, երբ ԻՀՊԿ-ն և Իսլամական հեղափոխության կոմիտեն ժողովրդական ուժերի հետ միասին պատասխանատու էին երկրի անվտանգության համար, իսկ բանակը դեռ հեռու էր նոր ու հեղափոխական իրավիճակին հարմարվելուց։ Իրաքյան բաասական ռեժիմի ներխուժումից մեկ տարի անց, երկար ժամանակ չպահանջվեց, որ իրաքյան պատերազմի մեքենան արգելափակվեց դիմադրության խմբերի ձևավորմամբ, որը բաղկացած էր ժողովրդից և հեղափոխական զինված ուժերից, ինչպես ԻՀՊԿ-ից, այնպես էլ բանակից:

***************************** երաժշտություն **********************************

Մինչև պատերազմի յոթերորդ տարվա ավարտը, չնայած Իրանի համար բոլոր սահմանափակումներին ու պատժամիջոցներին և Իրաքի համակողմանի աջակցությանը, Իրանը գտնվում էր հարձակողական դիրքում։ Երբ պատերազմի հավասարակշռությունը փոխելու հարցում Սադամի անկարողությունը ակնհայտ դարձավ, Սադամի կողմնակիցները մեծացրին իրենց աջակցությունը իրաքյան բաասական բանակին, և ԱՄՆ-ն ​​ուղղակի պատերազմի մեջ մտավ Իրանի հետ Պարսից ծոցում: Միացյալ Նահանգները ուղղակի պատերազմի մեջ մտավ Իրանի հետ՝ ի պաշտպանություն Սադամի վարչակարգի: Այս ժամանակ դեռ շարունակվում էին այն սահմանափակումները, որ Իրանը ուներ իր զորամասերը վերականգնելու համար, ուստի պատերազմի շարունակությունը կարող է ոչնչացնել Իրանի դիմադրության բոլոր ձեռքբերումները: Նման պայմաններում Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ և Իրանի Իսլամական Հանրապետության  Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Իմամ Խոմեյնին, տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման համար, նպատակահարմար համարեց ընդունել զինադադարը և թիվ 598  բանաձևը՝ հանուն Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման և պահպանության։ Իմամ Խոմեյնին խելամտորեն ավարտեց պարտադրված պատերազմը՝ իրաքյան բաասական բանակը վտարելով Իրանի տարածքից և ոչ մի թիզ իրանական հողից չկորցնելով։ Սադամի Քուվեյթ ներխուժմամբ պարտադրված պատերազմի ավարտից երկու տարի անց բացահայտվեցին Իմամ Խոմեյնիի կանխատեսումները տարածաշրջանում Սադամի կողմից արաբական ռեժիմներին սպառնացող վտանգի մասին, և տարածաշրջանի արաբական կառավարությունները խոստովանեցին և ափսոսանք հայտնեցին Սադամի ռեժիմին աջակցելու համար: Միջազգային համակարգի ասպարեզում աստիճանաբար բացահայտվեցին Սադդամի վարչակարգի ագրեսիայի և Քուվեյթի վրա հարձակման դեմ Իրանի ժողովրդի ութամյա դիմադրության և կեցվածքի հետևանքները։ Միջազգային ասպարեզում աշխարհը կարողացավ հասկանալ, որ իսլամական հեղափոխությունն իսկական հեղափոխություն է Աստծո և ժողովրդի աջակցությամբ, և կարճաժամկետ հեռանկարում այս հեղափոխության ձախողման գաղափարը պատրանք է:

Ութ տարվա անխոնջ պաշտպանությունը ստիպեց տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերին ճանաչել Իսլամական Հանրապետությունը և ճանաչել նրա ազգային և միջազգային իրավունքները՝ որպես անկախ և հզոր քաղաքական համակարգ: Իրանցի երիտասարդության ութամյա կեցվածքն ու դիմադրությունը դառնության և քաղցրության ամբողջական հայելին են: Այն ասպարեզը, որը ցույց տվեց մարդկանց դիմադրությունն ու անձնազոհությունն ու մշտական ​​ներկայությունը , հավերժական հաջողության գրավականն է։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամությունը շարունակվել և ընդլայնվել է պարտադրված պատերազմի ավարտից հետո։ Այս թշնամությանը զուգահեռ աճել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունն ու հզորությունը։ Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտական ​​և ռազմական բազմաթիվ ոլորտներում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Իրանը հասել է միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի՝ խաղաղ օգտագործման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի արբանյակային հրթիռներով տիեզերք արբանյակներ արձակելու գիտելիքը։ Գիտելիքի վրա հիմնված որոշ ոլորտներում Իրանը առաջատար երկրների շարքում է: Իրանը աշխարհի նշանավոր երկրներից է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցողունային բջիջները կամ նանոտեխնոլոգիան: Այս բոլոր զարգացումները և տարածաշրջանում առաջին տնտեսական տերությանը հասնելու Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացը ութամյա պատերազմի ընթացքում ութ տարի տևած դիմադրության արդյունքն է: Եթե ​​չլինեին այդ դիմակայությունն ու դիմադրությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր չէր կարողանա դիմակայել ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներին։ Աշխարհում ոչ մի երկիր այս չափով պատժամիջոցների չի ենթարկվել։ Հարգելի բարեկամներ Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցումը ավարտում ենք լուսահոգի Իմամ Խոմեյնիի խոսքով.-«Պատերազմում մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ինքներս մեր ոտքի  վրա կանգնենք։ Մենք պատերազմում կոտրեցինք երկու գերտերությունների՝ Արեւելքի եւ Արեւմուտքի հեղինակությունը։ Մենք պատերազմում ամրապնդեցինք մեր իսլամական հեղափոխության բերքատու արմատները: Պատերազմի ժամանակ մենք զարգացրինք եղբայրության ու հայրենասիրության զգացումը ժողովուրդների սրտերում»: