Արաս գեոպարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային երկրապարկերի ցանցում
Արաս գեոպարկն ունի 1670 քառակուսի կիլոմետր մակերես և 31 գեոսայթ։ Այն գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջուլֆա քաղաքում և որպես Իրանի համաշխարհային երրորդ երկրապարկ ներկայացվել է աշխարհին:
Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 216-րդ նիստը։ Այս նիստում հավանություն է տրվել Իրանի Արաս գեոպարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային երկրապարկերի ցանցում ներառելու որոշմանը։ Համաշխարհային երկրապարկերի ցանցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ ձևավորվել է 2004 թվականին որի առաջին անդամներն են եղել 17 գեոպարկեր Եվրոպայից և 8 գեոպարկեր Չինաստանից։ Մինչև 2022 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային երկրապարկերի ցանցին (GGN) անդամակցել են 46 երկրների 177 գեոպարկեր։
Գեոպարկերը և այլ կերպ ասած երկրաբանական պարկերը երկրաբանական երևույթների և ժառանգության, արժեքավոր բնական, պատմական և մշակութային տեսարժան վայրերի շարք են, որոնց հիմնական առանձնահատկությունն է կարևոր գեոսայթերի առկայությունը, հարուստ բնությունն ու շրջակա միջավայրը, գրավիչ մշակութային առանձնահատկությունները և ամենակարևորը համայնքի ակտիվ ներկայությունն է զարգացման, պաշտպանության և կայունության ծրագրերում: Ի տարբերություն այլ տեսակի բնական պահպանված տարածքների՝ գեոպարկերը ոչ միայն չեն սահմանափակում այցելուների մուտքն ու ներկայությունը, այլ նախատեսված են մարդկանց համար։ Զբոսաշրջիկները ներկայություն ունեն գեոպարկերում՝ գեոսայթեր և բնական ու մշակութային վայրեր այցելելու նպատակով, և այդ ներկայությունը կհանգեցնի տեղական համայնքների կայուն տնտեսական բարգավաճմանը: Գեոպարկերի հաջողության կարևոր պայմանը դրանց կառավարման մեջ համապատասխան և ճշգրիտ պլանների և ռազմավարությունների առկայությունն է և գեոպարկի պաշտպանության, պատշաճ շահագործման, տեղական համայնքի հզորացման և կայուն զարգացման ռազմավարությունների մշակումը։
Մեկ այլ տեսանկյունից կարելի է ասել,որ գեոպարկերը ցույց են տալիս Երկրի 4 միլիարդ 600 միլիոն տարվա պատմությունը և նրա երկրաբանական բազմազանությունը և արդյունավետ են եղել մարդկային կյանքի և մարդկային հասարակությունների ձևավորման գործում։
Գեոպարկերն օգնում են բարձրացնել իրազեկությունը կլիմայի փոփոխության և բնական աղետների մասին, ինչպես նաև վերահսկել այդ երևույթները, և դրանցից շատերը հնարավորություն են տալիս տեղական համայնքների համար մշակել բնական աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններ:
1670 քառակուսի կիլոմետր տարածքով Արաս գեոպարկը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգում, որն ընդգրկում է Ջուլֆա քաղաքի ամբողջ տարածքը։ Երկրաբանական կամ տեկտոնիկ կառույցների բազմազանությունն իր լեռնային բնույթի և նստվածքային ու հրային ապարների տարբեր տեսակների առկայության պատճառով ունի հարմար զբոսաշրջային գրավչություններ։
Այս տարածաշրջանում կարելի է տեսնել եզակի երկրաբանական երևույթներ, ինչպիսին է Գույ Դառեում գտնվող Պերմի-Տրիասյան սահմանը,, որն ունի միջազգային արժեք և նշանակություն: Բացի երկրաբանական տեսարժան վայրերից, այս գեոպարկում առկա են նաև պատմամշակութային տեսարժան վայրեր, ինչպիսին է Սուրբ Ստեփանոս վանքը, որն իր հնության, կրոնական նշանակության և ճարտարապետական ուրույն ոճի շնորհիվ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Պատմական մետաքսի ճանապարհին Ջուլֆա քաղաքի գտնվելու վայրը մեծ նշանակություն է տալիս այս գեոպարկին՝ այն գեոպարկերի շարքում, որոնք ինչ-որ կերպ կապված են այս ճանապարհի հետ:
Արաս սահմանային գետը կարևոր դեր է խաղացել երթուղու երկայնքով քաղաքակրթության և քաղաքների ձևավորման գործում, և նրա աշխարհագրական և կլիմայական ազդեցությունները տարածաշրջանի վրա բավականին ակնհայտ են: Այս տարածքում կլիմայի և բուսականության բազմազանությունը շատ նշանակալի է։ Արաս գետի հովիտը ծածկված է մերձարևադարձային ծառերով, նրա արևմտյան և միջին տարածքների հողերը ծածկված են տափաստաններով, իսկ արևելյան լեռների լանջերին տեսանելի են Արասբարանի խիտ անտառները։ Այս տարածքում կենդանական աշխարհի բազմազանությունը մեծ է, և անհետացման եզրին գտնվող կենդանիների՝ սև աքաղաղի, մարալի, հայկական խոյի և ընձառյուծի առկայությունը կրկնապատկել է այս կենդանատեսակների պաշտպանության կարևորությունը:
Այս գեոպարկը ներառում է հինգ գեոսայթեր՝ Ալի Բաշի լեռ, Քիամկի լեռ, Գեչի Ղալասի լեռ, Մահարանի ջրվեժ և Ասիաբ-Խարաբե ջրվեժ, որոնք երկրաբանական բացառիկ նմուշներ են:
Այս տարածքի եզակի երևույթներից է հրաբխային հանքավայրերում պրիզմատիկ միացման համակարգի ձևավորումը։ Ղեշլաղ գյուղի հովտում բնական սառցադաշտի գոյության վկայություններն այս շրջանի մյուս գեղեցկություններից են։ Այս հովիտը մեծ իջվածքի և ամֆիթատրոնի տեսք ունի, և դրա ձևը վկայում է սառցադաշտային կրկեսի գործունեության մասին։
Գեչի Ղալասի լեռը, որը պարսկերեն նշանակում է «այծի ամրոց», գտնվում է Ջուլֆա քաղաքի հարավ-արևելյան ծայրամասում և կոնանման տեսք ունի։ Այս լեռը պատկանում է Օլիգոցենի դարաշրջանին (33,9 - 23 միլիոն տարի առաջ) և իրականում հրաբխային գմբեթ է՝ շրջապատված նստվածքային ապարներով։ Այս լեռան լանջերին կան կանաչ մարմարի գեղատեսիլ շերտեր, ինչը վկայում է ներքին ջերմության պատճառով այս լեռան շուրջ ժայռերի վերափոխման մասին։
Գեչի Ղալասի տրավերտինային աղբյուրը գտնվում է Ջուլֆա քաղաքին նայող Գեչի Ղալասի լեռան հարավային լանջին։ Երկրից ջրի արտահոսքն այս տարածքում ձևավորել է բազմաթիվ տրավերտինե տեռասներ և լճակներ: Գեչի Ղալասի գեոսայթը համարվում է Ջուլֆայի տարածաշրջանի ամենագեղեցիկ և եզակի գեոսայթերից մեկը, որի տրավերտինային շերտերը բաց դեղինից մինչև դարչնագույն կարմիր են, և այս տրավերտինային նստվածքների հետ մեկտեղ այս աղբյուրի մեջ կուտակվել են նաև կանաչ օնիքս մարմարներ։
Տրավերտինը կրաքարային միացության տեսակ է, որն առաջանում է հանքային ջրերի (տաք և սառը) աղբյուրների գործունեությամբ։ Տրավերտինի քարերը հաճախ անգույն են, բայց ջուրը լուծարում է այլ նյութեր՝ անցնելով երկրի շերտերի միջև եղած ճեղքերով, և դա հանգեցնում է նրան, որ տրավերտինի նստվածքային շերտերը տարբեր գույներ են ստանում։
Ասիաբ-Խարաբե ջրվեժը գտնվում է Ջուլֆայից 35 կմ դեպի արևելք։ Այս վայրում՝ լքված ջրաղացի կողքին, հոսում է տրավերտինե աղբյուր։ Ասիաբ-Խարաբեի կողքով անցնելուց հետո այս աղբյուրի ջուրը հոսում է դեպի ջրվեժ, որը գոյացել է նրա տրավերտինի հանքավայրերի նստվածքից։
Ասիաբ-Խարաբե հովտի գեղատեսիլ տեսարաններից մեկը նրա ձախ լանջին կավճի ժամանակաշրջանի ֆլիշի հանքավայրերի ալիքավոր ծալքերն են: Այս ծալքերը հաճախ տատանվում են: Ավազաքարերի շերտերի ստորին մակերեսին գտնվող բրածոները և բազմաթիվ նստվածքային շինություններն այս տարածքի մյուս տեսարժան վայրերից են, որոնք պատմում են կենդանիների կենսաբանական գործունեության մասին, որոնք ապրել են Նեոտետիս ծովի հատակին մոտ 70 միլիոն տարի առաջ և հանդիսանում են այսօրվա որոշ կենդանիների նախնիները:
Իրանական 1354 թվականին Արասբարանի շրջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացել է «կենսոլորտային արգելոց» կոչումը և համաշխարհային հռչակ ձեռք բերել։ 80 հազար 427 հեկտար տարածքով այս պահպանված տարածքը գտնվում է Արաս գետի հարավային ափին ,որտեղ հայտնաբերվել են 180 տարբեր բուսատեսակներ։ Այս շրջանի կարևոր ծառերից են կաղնին, հոնենին, ընկուզենին, և կեռասենին։ Արասբարանի տարածքում կան 320 կենդանատեսակներ, այդ թվում են նշանավոր կաթնասուններ՝ այծեր, ընձառյուծներ, վայրի կատուներ, գորշ արջեր, լուսաններ։ Այս տարածքում ապրում են ավելի քան 220 տեսակի թռչուններ, այդ թվում՝ սև թրթուրն ու փասիանը, որոնք հատուկ են Արասբարանին և համաշխարհային ճանաչում ունեն։ Արասբարանի տարածաշրջանում հայտնաբերվել են սողունների և երկկենցաղների 38 և ձկների 22 տեսակ։
Արասբարանի դյութիչ գեղեցկություններից է լանդշաֆտների մշտական փոփոխությունը և արոտավայրերի ու անտառային լանդշաֆտների փոխարինումն այս տարածաշրջանում:
Արասբարանի տարածաշրջանի կարևորությունը ոչ միայն պայմանավորված է նրա առանձնահատուկ էկոլոգիական և բնապահպանական հատկանիշներով, այլև նշանակալի է այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը։ Նաև Արասբարանում պատմական հուշարձանների, հատկապես անցյալի բազմաթիվ ամրոցների առկայությունը ցույց է տալիս այս տարածքում ապրող մարդկանց քաջությունն ու տոկունությունը։ Հեռավոր անցյալում այս շրջանի կարևորության մասին պատմող ամրոցներից են Բաբակ ամրոցը, Անդաբ ամրոցը, Փուշթու ամրոցը, Զահհակ ամրոցը,Ղըզ Ղալասի ամրոցը, Ավարսին ամրոցը, և Հոլակո ամրոցը ։ Կասկած չկա,որ Արասբարանի ամենահայտնի ամրոցը Բաբակի ամրոցն է։ Մի վայր, որը հիշեցնում է այս տարածքում երկար տարիներ իրենց երկիրը պաշտպանած Բաբակի հրամանատարությամբ քաջարի այրերի հայրենասիրական պայքարը։ Այս ամրոց թափանցելը շատ դժվար է։ Այս բերդի գագաթից կրակ վառելով են զինվորական ուղերձներ փոխանցվել այլ բերդեր։
Այնալույի շրջանում և Վինաք գյուղի մոտ լեռան գագաթին կառուցվել է մի գեղեցիկ առանձնատուն, որը հայտնի է որպես Թոմանյանների ապարանք և պատկանել է հայազգի Թումանյաններին։
Այս հին ապարանքը կառուցել է Սարգիս Թումանյանը։ Շենքի շինարարությունը սկսվել է 1901 թվականին և ավարտվել 1907 թվականին։ Շենքը քարե բլրի վրա գտնվելով ամրոցի տեսք է ստացել և այն տեղական լեզվով հայտնի է որպես Կանտոր։
Քարե բլրի վրա գտնվող Թումանյանների պատմական շենքը կառուցված է երկու հարկի վրա և ունի փորագրված քարերով գավիթ, հին ֆրանսիական ամրոցների պես վեց աշտարակներ։ Առաջին հարկում են գտնվում ախոռը, հացի փուռն ու հացատունը։
Այս շենքի ջուրը մատակարարվում էր Ղոպլո կոչվող վայրից՝ սափորանման խողովակներով։ Խմելու ջուրն ապահովվում էր սենյաներում տեղադրված խողովակների միջոցով։ Պատերի միջև կային կավե խողովակներ, որոնց մեջ տաք ջուր էր հոսում և տաքացնում սենյակները։
Նշենք, որ այժմ Իրանի երեք գեոպարկ գրանցված է համաշխարհային ժառանգության ցանկում։
22 հազար 771 քառակուսի կիլոմետր տարածությամբ Թաբասի գեոպարկն ունի 39 գեոսայթ։ Գտնվում է Հարավային Խորասանում։ Երկրաբանական եզակի երեւույթների բերումով այս գեոպարկը հայտնի է դարձել որպես «Իրանի երկրաբանական դրախտ»։
Հորմոզգանում գտնվող Ղեշմի գեոպարկն ընդգրկում է 25 գեոսայթ։ 2063 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս գեոպարկը զգալի կենսաբանական բազմազանություն ունի։ Այս տարածաշրջանը գտնվում է երկու բոլորովին տարբեր ծովային էկոհամակարգերի՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի սահմանին, և այս աշխարհագրական դիրքը նրա համար ստեղծել է յուրահատուկ կենսաբազմազանություն: