Իրանահայ հանրահայտ գործիչներ (7.Դոկտոր Էմիլիա Ներսիսյանս)
(last modified Mon, 19 Jun 2023 03:54:04 GMT )
Հունիս 19, 2023 07:24 Asia/Tehran

Աշխարհում հնարավոր չէ գտնել միմյանց կրկնօրինակը հանդիսացող մարդիկ, մի խոսքով բոլորը տարբերվում են միմյանցից, աjնպես որ ամեն մի մարդ յուրօրինակ ստեղծագործություն է:

Այս խոսքը նաև ճիշտ է հնչում հասարակությունների, ազգությունների ու էթնիկ խմբերի համատեքստում: Տարբերություններ, որոնք միայն գեղեցկացնում են աշխարհը՝ այն հանելով միապաղաղ վիճակից ու դարձնելով ավելի հետաքրքիր ու հաճելի: Իհարկե չմոռանանք ասել, որ հասարակությունները միշտ էլ ազդեցություն են թողնում միմյանց վրա, որը նույնպես հետաքրքիր երևույթ է մարդկային կյանքում: Եվ այս բոլորը միասին դառնում են գիտնականների ուսումնասիրության թեմաներ, որոնք մեծ նշանակություն ունեն այդ հոլովույթի մեջ առաջացած խնդիրները հասկանալու և հավանական բարդությունները լուծելու և մարդկային հասարակության կյանքի խաղաղ ընթացքին նպաստելու համար:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մարդաբանության ոլորտի մասնագետ՝ իրանահայ հանրահայտ գիտնական մարդաբանության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էմիլիա Ներսիսյանսի մասին: Ընկերակցեք մեզ:

 

Դոկտոր Էմիլիա Ներսիսյանս

 

Էմիլիա Ներսիսյանսը ծնվել է գիր ու գրականության հետ հաղորդ ընտանիքում, ինչն էլ մեծ ազդեցություն է գործել վերջինիս կյանքի ու գիտական ապագայի վրա: Նա ծնվել է իրանական 1332թ.(1953 թ.)Թեհրանում, Լալեզար պողոտայում: Նախնական կրթությունն ստացել է բնակարանին մոտ գտնվող «Բուստան» դպրոցում: Միջնակարգ ուսումն ստանալու համար նա հաճախել է Քուշեշ-Մարիամյան Դպրոց: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու համար մեկնել է ԱՄՆ: ԱՄՆ-ում նա ընտրել է մարդաբանության ճյուղը: Ուսումնական շրջանից դեռ շատ չանցած նա ստիպված է եղել վերադառնալ Իրան: Իրանում Էմիլիա Նեսիսյանսը սովորել է Դամավանդի ֆակուլտետում: Այս ֆակուլտետում նա սովորել է Մշակույթի համեմատական պատմություն, որը մարդաբանություն ճյուղի մյուս անվանումն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում նա ավարտել է ուսումը բակալավրի մակարդակում:

Ուսումն ավարտելուց հետո նա սկսում է պրպտումները իր մասնագիտության համապատասխան աշխատանք գտնելու համար: Սկզբում նա ընդունվում է Իրանի կրթության ու գիտության նախարարությունում, որպես Ֆաշամ շրջանի գյուղերից մեկի պատմության ու անգլերեն լեզվի ուսուցչուհի: Աշխատանքից մի քանի ամիս անց նա հասկանում է, որ նաև ընդունվել է Սոմայե տեխնիկական համալիրի աշխատանքի ընդունելության քննությունում: Ներկայացնելով իրեն փոխարինող ուսուցչի նա թողնում է դպրոցի աշխատանքը և սկսում է դասավանդել Սոմայե համալիրում: Այդ ընթացքում իր ընկերներից մեկից իմանում է, որ կարող է նաև դասավանդել Թարբիաթ Մոալեմի համալսարանում: Սակայն աստիճանաբար հասկանում է, որ բակալավրի ուսման մակարդակը չի բավարարում համալսարանում դասավանդելու համար և զգում է ուսումը լրացնելու անհրաժեշտությունը: Այդ շրջանում Էմիլիա Ներսիսյանսի ամուսինն Իրանի ռոբոտիկայի հայր կոչմանն արժանացած հանգուցյալ դոկտ. Կարո Լուկասը աշխատանքի առաջարկ էր ստացել Լիբիայում: Իր կողակցի ուսման ծախսերը ապահովելու համար Կարո Լուկասը ընդունում է աշխատանքի առաջարկը և շուրջ մեկ տարի ապրում են այնտեղ: Այդտեղից Էմիլիա Ներսիսյանսը մեկնում է Բրիտանիա և Սալֆորդի համալսարանում սովորում է մարդաբանական հասարակագիտության ճյուղում և ներկայացնելով «Իրանում փոքրամասնությունների մշակութային մասնակցությունը» թեմայով ավարտաճառը ստանում է մագիստրոսական գիտական աստիճան:

Որոշ ժամանակ անց Իր ամուսնու համար առաջացած հետազոտությունների առիթի պատճառով մեկնում է ԱՄՆ և այնտեղ Էմիլիա Ներսիսյանսը հեռակա կարգով սովորում է Սենչրի համալսարանում և ստանում է մագիստրոսի և ապա գիտության դոկտորի գիտական աստիճան: Այնուհետև վերադառնում է Իրան և  ընդունվում Թեհրանի պետական համալսարանում որպես դասախոս և համալսարանի գիտական խորհրդի անդամ և մինչ օրս դասավանդում է Թեհրանի պետական համալսարանում:

Դոկտոր Էմիլիա Նարցիսյանսը եղել է Թեհրանի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի մարդաբանության ամբիոնի դոցենտ և տնօրեն:

Նրա հետազոտական ​​հետաքրքրությունները ներառում են թեմաներ սոցիալական լեզվաբանության, գենդերային մարդաբանության, մշակութային նշանագիտության կամ սեմիոտիկայի, կրթության մարդաբանության, երկլեզվության և բազմալեզվության ոլորտներում`մարդաբանական տեսանկյունից:

Դոկտոր Ներսիսյանսը իր ուսումնասիրության ոլորտում հեղինակել ու թարգմանել է բազմաթիվ գրքեր: Նա հրապարակել ու միջազգային համաժողովներում ներկայացրել է «Ճանաչողություն և հույզեր», «Լեզու և ճանաչողական մոդելավորում», «Լեզուն և սոցիալականացումը», «Գենդերային մարդաբանություն», «Հայ կանանց հաղորդակցությունների ազգագրություն» թեմաներով և տասնյակ այլ հոդվածներ: Նա ստանձնել է տասնյակ հետազոտական նախագծերի ու համաժողովների պատասխանատվությունը, որոնցից կարող ենք հիշել «Համակարգերի գիտության և ճարտարագիտության միջազգային գիտաժողովը», «Թեհրանում բազմալեզվության քննարկման հետազոտական նախագիծը», «Երկլեզվության թեմայով գիտաժողովը», «Երևանի պետական ​​համալսարանի հետ գիտական ​​և հետազոտական​​ համագործակցության զարգացման ծրագիրը»:

Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսը ամուսնու՝ դոկտոր Կարո Լուկասի հետ

 

Դոկտոր Էմիլիա ներսիսյանսի գիտական ու գործնական այլ ծառայություններից կարող ենք հիշել Իրանի սոցիոլոգիական ասոցիացիայի մշակութային մարդաբանության ուսումնասիրությունների խմբի ղեկավարումը, Տարբեր ոլորտների բակալավրիատի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության քննության հարցերի ընտրության հետ կապված աշխատանքային խմբերի անդամակցությունը և Հասարակական գիտությունների ֆակուլտետի Կրթական ծառայությունների բաժնի տնօրինությունը:

Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսի գրչին են պատկանում «Լեզուն մշակույթի տիրույթում», «Մարդը մշակույթի խորհրդանիշ», «Իրանցի մարդաբանների հուշերը», «Գենդերային մարդաբանություն», «Երկլեզվության խնդիրները հասարակական գիտությունների տեսանկյունից» և «Կանայք և մշակույթը» գրքերը:

Բարեկամներ հայերեն ռադիոժամը տարիներ առաջ պատիվ է ունեցել հյուրընկալել Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսին: Այժմ կներկայացնենք Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա պատասխանում է լրագրողի՝ Մայրենի լեզվի պահպանման ու որոշ իրանահայերի մոտ պարսկերենին ու հայերենին լավ չտիրապետելու մասին հարցին:

Պատասխանատու գիտնական լինելն ու  նախընտրած ոլորտին նվրիված լինելը մեծ պատասխանատվություն է, որ Դկոտոր Ներսիսյանսը կատարել ու մինչ օրս կատարում է պատասխանատվության մեծ զգացումով:

Իր ընտրած ոլորտի մասին նա ասում է, որ ազգագրագետը նա է, ով չափազանց մեծ սեր ունի մարդ արարածի նկատմամբ: Այնքան մեծ որ այդ սերը մղում է նրան, առանց նախապաշարումների հիմնվելով գիտական սկզբունքների վրա ուսումնասիրել տարբեր ազգերի ու էթնիկ խմբերի լեզուն և մշակույթը: Ավելացնելով նա ասում է, որ ինքը սովորել է, որ այս ոլորտի մասնագետը չպետք է հակվածություն ունենա որոշ ազգությունների կողմը, հատկապես իր ազգությունը բարձր դասի մյուսներից ու մյուսներին թերագնահատի կամ էլ հակառանը իր ազգությունը թերագնահատի և ուրիշներին ավելի բարձր դասի ինչն իր հերթին մի արատ է համարվում գիտնականի համար:

Բարեկամներ հաղորդման ավարտին Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսին մաղթում ենք քաջառողջություն, նորանոր վերելքների նվաճում և բեղուն ծառայություն: Թանկագին բարեկամներ մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան: