Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի յուրացումը Իսրայելի ռեժիմի կողմից (2)
Հանուն Աստծո։ Ողջույն հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Եթե հիշում եք այս հաղորդման նախորդ համարում անդրադարձանք Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական անցյալին, և հայկական թաղամասի մեկ քառորդի 99 տարով վարձակալության տրվելու վերաբերյալ տարածված լուրերին։ Նաև ներկայացրեցինք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանի հետ մեր թղթակցի վարած հարցազրույցի առաջին մասը այս թեմաների շուրջ։
Այս թողարկման ընթացքում կշարունակենք մեր զրույցը Իսրայելի ռեժիմի կողմից հայկական թաղամասի հողերի յուրացման և այնտեղ բնակվող հայերի ցույցերի մասին։Նաև կներկայացնենք Սրբազան հոր հարցազրույցի վերջին մասը։
Վերջին քանի ամիսների ընթացքում, ցուցարարները ամեն ուրբաթ մարդկային շղթա են կազմել թաղամասի շուրջ և հավաքվել արք․եպիսկոպոս Նուրհան Մանուկյանի պատուհանի տակ՝ պահանջելով պարզել, թե ով և ինչպես է վարձակալել հողը:Ցուցարարները պատրիարքարանից պահանջում են,որ չեղարկվի գործարքը։

Ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար: Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ երուսաղեմի զայրացած հայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Արցախում և այստեղ կատարվողի միջև զուգահեռները շատ են,- Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ:
«Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի»,-ասել է նա:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով:
Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։
Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։
Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։
Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:
Այսօր Երուսաղեմում բնակվում է մոտ 2 հազար հայ։ Մինչդեռ մեկ դար առաջ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից փրկվող հայերը ապաստան էին գտնում սուրբ քաղաքում, հայերի թիվը հասնում էր 25 հազարի։
Հայկական համայնքում ոմանք մտավախություններ ունեն, որ հողային գործարքը կարող է կնքված լինել աշխարհաքաղաքական շահերի պատճառով:
«Ես չեմ կարող ասածս ապացուցել, բայց ակնհայտորեն այս հարցը նաև քաղաքական կողմ ունի»,-ասում է Սեդրագ Բալյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի՝ կատաղի վեճի առարկա հանդիսացող Հին քաղաքի ամենաբարձր կետին՝ Հայկական թաղամասին «աչք են դրել շատ կայսրություններն ու օկուպացիոն ուժեր»։
Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում պատասխանելով սիոնիստներից հետո հայ համայնքի վիճակի մասին հարցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանն ասաց,-«Սիոնիստներից հետո, վերջին երեսուն տարիներին, ես երկու անգամ եղել եմ Երուսաղեմում, հատուկ հրավերներով և նկատել եմ սիոնիստական կառավարության ճնշումը ոչ միայն մեր համայնքի վրա,այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի վրա և իրենք այն եկեղեցականները ,որոնք իրենց հետ են և համաձայն ու համակարծիք են իրենց, տեղ ունեն ,իսկ այն եկեղեցականները որոնք համակարծիք չեն հազար ու մեկ պատճառաբանություններով երբեմն դժբախտաբար կեղծ թղթածրարներով փորձում են վատահամբավ վիճակի մեջ դնել իրենց:Սիոնիստական պետության գոյության գալուց առաջ,Օսմանյան խալիֆայության շրջանում, Երուսաղեմը անուղղակի կերպով հովանավորվում էր Պոլսո պատրիարքության կողմից և Պոլսո պատրիարքությունը փորձում էր որքան հնարավոր էր թև և թիկունք կանգնել Երուսաղեմի պատրիարքության»:
Պաղեստինյան ինքնավարության Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովը նամակ է հղել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ պահանջելով բացատրություն տալ վերջինիս՝ իսրայելական շահերի հետ կապված անշարժ գույքի կասկածելի գործարքների համար (վարձակալություն կամ վաճառք):Նամակում ասված է,- «Կովերի այգին (հայերին պատկանող «Goveroun Bardez», որն ըստ երևույթին պատրիարքը վարձակալել է ի նպաստ Իսրայելի շահերին) և նրա շրջակայքը զգայուն են Երուսաղեմում հայերի և քրիստոնյաների ներկայության համար, և դրանց վաճառքը/վարձույթը հօգուտ Իսրայելի շահերին, նշանակում է իսրայելական ծրագրի իրականացում, որ չհաջողվեց հաստատել Քեմփ Դեյվիդում 2000 թ.»։
(Նշենք, որ 2000թ. Քեմփ Դեւիդում կայացած բանակցությունների ժամանակ նախատեսվում էր Հին քաղաքի բաժանումը երկու մասի: Այդ բանաձեւի համաձայն, հրեական եւ հայկական հատվածները անցնում էին Իսրայելի, իսկ քրիստոնեական եւ մահմեդական հատվածները` Պաղեստինյան ինքնավարության հսկողության տակ) ։
Նամակի մյուս հատվածում ասված է,-«Նուրհան պատրիարքի անշարժ գույքի նախագծերը մերժվել են Սուրբ Երկրի և արտերկրի հայ համայնքների կողմից մանրամասն կերպով և ամբողջությամբ։ Այս ծրագրերը ներառում են հայկական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքը կամ վարձակալությունը Երուսաղեմի Հին քաղաքում և քաղաքի պարիսպներից դուրս:Նուրհան պատրիարքի անշարժ գույքի հետ կապված գործարքները կտրականապես մերժել են Սբ. Հակոբյանց միաբանական ընդհանուր ժողովը և Պատրիարքարանի Տնօրեն ժողովը: Նուրհան պատրիարքի անշարժ գույքի գործարքները մերժվել են Պաղեստին-Հորդանան-Հայ եռակողմ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը պահանջել է նաև չեղարկել դրանք։
Պաղեստինյան հանձնաժողովը տեղեկացրել է Նուրհան պատրիարքին, որ իր նամակը պատրիարքի համար վերջին հնարավորությունն է՝ ամբողջությամբ պարզաբանելու պատրիարքարանի անշարժ գույքի գաղտնի գործարքները, որոնք կասկածելի են անվանվել։
Ստացված վերջին լուրերի համաձայն՝ ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանը, Գառնիկ Քերքոնյանը և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Երուսաղեմում են՝ օգնելու լուծել Երուսաղեմի հայկական հողատարածքների հարցը։
Ճգնաժամը խորանում է Երուսաղեմի հայ համայնքի վրա ծայրահեղական հրեաների կողմից վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած բռնի հարձակումների ֆոնին:
Պատասխանելով Արցախի բռնագրավված տարածքներում Ադրբեջանի հետ համագործացկությամբ Իրանի սահմանամերձ շրջաններում սիոնիստական ուժերի տեղակայման մասին հարցին, Սրբազան հայրն ասաց․-«Մեզ համար նորություն չէ Իսրայելի կառավարության կայսերապաշտական ծավալողական քաղաքականությունը եւ, հետեւաբար, այնտեղ, ուր ինքը իրեն համակարծիք պետություն եւ իշխանություն է գտնում, առիթը լավագույնս օգտագործում է մեր ժողովրդի իրավունքները ոտնահարելու համար: Բոլորս էլ գիտենք, աշխարհն էլ արդեն իմացավ, որ Արցախը հայկական տարածք է, բայց այսօր, դժբախտաբար, ուժը իրենց կողքին է եւ Արցախը ջարդեցին: Արցախի 75 տոկոսը գրավված է ադրբեջանցիների կողմից եւ այսօր Իսրայելի պետությունը համագործակցաբար Ադրբեջանի կառավարության հետ ոչ միայն փորձում է ինքն այդ գրավյալ տարածքների վրա իր շահերը հետապնդելով աշխատանք տանել, այլ, նաեւ, փորձում է դժբախտաբար իրանյան տարածքներում իր ուզածը առաջ տանել: Բայց ես հավատացած եմ, որ Իրանի ժողովուրդը եւ պետությունը կանդրադառնա այդ դառը իրականությանը եւ երբեք ընթացք չի տալու իսրայելյան պետության այս արշավանքին»: