Մայիս 05, 2024 11:43 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք Նադերի և Ղաջարական Սիրամարգ գահերի (Թախտ-ե Թավուսի)  և նրանց տարբերության մասին։

Բարև Ձեզ։Հավանաբար լսել եք երկու գահերի մասին, որոնք մարդիկ սովորաբար շփոթում են միմյանց հետ։Երկու հիասքանչ գահեր ,որոնք պատրաստվել են իրանցի արվեստագետների կողմից։ Դրանցից մեկը կառուցվել է Հնդկաստանում և դրա վրա նստում էր Գուրքանիի դինաստիայի թագավորը, իսկ մյուսն Իրանում,որը նախատեսված էր Ղաջարական թագավորի համար։

Այս երկու հոյակերտ գահերի պատմությանը ծանոթանալու համար ընկերակցեք մեզ «Իրանի պատմական գանձերի հետքերով» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում։

--------

Ես Արտույտ Զոհրաբյանն եմ և այժմ ձեզ կպատմեմ երկու գահերի մասին, որոնցից մեկը Նադերի Սիրամարգ գահն է, մյուսը՝ Ղաջարների Սիրամարգ  գահը։ Այն նաև անվանում են Արևի գահ։

Ոմանք կարծում են, որ երկու գահերը նույնն են և Նադերի գահը որոշ փոփոխություններից հետո վերածվել է Ղաջարների գահին։ Իրականում գահերից մեկն Իրան է բերել Նադեր շահ Աֆշարը, Հնդկաստանի գրավումից հետո։ Իսկ Ֆաթհ ​​Ալի Շահ Ղաջարը հրամայել է կառուցել մյուս գահը։

Հնդկաստանի վրա Նադեր շահի հարձակումից և Գուրքանի դինաստիայի թագավորի պարտությունից հետո   այս գահն անվանեցին Նադեր շահի գահ։ Իրականում Նադեր շահի գահը նախկինում պատկանում էր Հնդկաստանի թագավոր Շահ Ջահանին, ով իշխում էր 17-րդ դարում։ Նա պատվիրել էր գահի վրա ամրացնել Քուհե Նուռ անունով ադամանդը։ Այս գահը Շահ Ջահանի ամենասիրելի գահն էր։

Մոհամմադ Շահ Գուրքանին Հնդկաստանի Մոնղոլների կայսրության վերջին թագավորն էր, ով նստեց այս գահին: 1738 թվականին Նադեր շահի հարձակումից հետո նա պարտություն կրեց։ Նադեր շահը գրավեց Դելին և 1739 թվականին վերադարձավ Իրան՝ իր հետ բերելով նաև գահը։

Այն սիրամարգ գահ են կոչում, քանի որ դրա վրա փորագրված են բաց փետուրներով երկու սիրամարգեր։  Սիրամարգերի փետուրները զարդարված են զմրուխտներով, շափյուղաներով և այլ թանկարժեք քարերով։ Սակայն ամենակարևոր քարը որը զարդարում էր այս գահը, Քուհե Նուռ՝ (լույսի լեռ)  ադամանդն էր։

Գահը կառուցել է  Մոհամմադ Սաիդ Լահիջին, որը հայտնի է որպես Սաիդ Գիլանի։ Նա Սեֆյանների օրոք Իրանի նշանավոր բանաստեղծներից ու արվեստագետներից էր, ով գնացել էր Հնդկաստան։ Հդնկական արքունիքում նրան կոչում էին Բի Բադալ Խան, ինչը նշանակում է, որ նա հավասարը չունի։

Սովորության համաձայն՝ Հնդկաստանում իշխանության եկած յուրաքանչյուր թագավոր գահին ավելացրել է նոր զարդեր։ Այս գահը, որն իր հետ Հնդկաստանից բերեց Նադեր շահը, անհայտ  պատմություն ունի։

Որոշ պատմությունների համաձայն՝ Նադեր Շահ Աֆշարի մահից հետո Սիրամարգ գահը գողացել են ու տարել Աֆղանստան։ Այնտեղ գահի վրայից հանվել է խոշոր ադամանդը իսկ գահը ժամանակի հետ ավերվել է։

Մեկ այլ պատմության համաձայն՝ Նադեր Շահի սպանությունից հետո ադամանդը գողացել է Ալի Ղոլի Միրզան (Նադերի իրավահաջորդը), իսկ Սիրամարգ գահը  գողացել են Նադերի գեներալները և իրար մեջ բաժանել դրա վրա եղած թանկարժեք քարերը։

Նադերի Սիրամարգ գահը

 

Մյուս վարկածը, որը ներկայացրել է բրիտանացի քաղաքական գործիչ լորդ Ջորջ Քերզոնը,այն է, որ երբ Աղա Մոհամմադ խան Ղաջարը հարձակվել է Խորասանի վրա, Նադեր շահի թոռ Շահրոխից հազվագյուտ գոհարներ է պահանջել։ Բացի թանկարժեք քարերից, նրան տվել են նաև Նադեր շահի կոտրված գահից մնացած մասը։

Որոշ պատմաբաններ կարծում են, որ Աղա Մոհամմադ խան Ղաջարը Նադեր  շահի գահը ստացել է անվնաս վիճակում, սակայն դրա վրայի քարերը ծախսել է Իրանի համար։

Այսօր այս գահից մնացել է միայն Քուհե Նուռ ադամանդը, որը տեղադրված է Անգլիայի թագուհու թագի վրա։

------------------

Ինչպես արդեն ասացինք, գոյություն ունի մեկ ուրիշ գահ, որը շփոթում են Սիրամարգ գահի հետ։  Սակայն դրանք երկու տարբեր գահեր են։

Պատմությունն ասում է, որ Ղաջարների դինաստիան հիմնադրելուց և Իրանի գահին նստելուց հետո Աղա Մոհամմադ խանը թագադրման համար գահի կարիք ուներ։ Նա հրամայեց կառուցել պարզ գահ, որպեսզի թագադրման արարողության ժամանակ նստի դրա վրա։

Սակայն Ֆաթհ Ալի շահը իր հորեղբոր գահը արժանի չհամարեց Իրանի կայսրին և հրամայեց կառուցել Արևի գահը կամ Սիրամարգ գահը։  Սիրամարգ գահը պատրաստվել է Սպահանի ոսկերիչների կողմից 1801 թվականին՝ Ֆաթհ ​​Ալի շահի ճաշակով։ Գահի կառուցման համար պահանջվեց մեկ տարի, և Ֆաթհ ​​Ալի Շահը  դրա վրա նստեց 1802 թվականին: Այն անվանվել է Արևի գահ, քանի որ դրա գագաթին արևի նշան է:

1845թ․ հետո այն անվանվեց Թավուսի գահ, երբ Ֆաթհ ​​Ալի Շահն ամուսնացավ Թավուս Թաջ ալ-Դոլեի հետ: Գահը զարդարված է թանկարժեք քարերով և ադամանդներով։

Գահն ուղղանկյունաձև է։ Այն ունի մոտ 3,5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն։ Թագավորի հրամանով գահը պատրաստվել է փայտից և ծածկվել մաքուր ոսկով,  զարդարվել կարմիր ոսկով, զմրուխտներով և մարգարիտներով։ Ղաջարական շահի գահը պատրաստված է  տարբեր կտորներից, որոնք պտուտակներով ամրացված են իրար և ունի երկու աստիճան՝ դրա վրա բարձրանալու համար։ Գահը զարդարված է 22 հազար կտոր քարով, 4527 թանկարժեք զարդով, 1444 ադամանդով, 1431 զմրուխտով, 885 հակինթով, 797 սուտակով։

Գահի շուրջը գրված են ղաջարական շահերին գովերգող տեքստեր, իսկ ներքևում  կա վիշապի պատկեր։ Վերևում ադամանդից արև է, որը կարող է պտտվել, և այդ պատճառով այն հայտնի է նաև որպես Արևի գահ։

Գահի պատրաստման համար այն ժամանակ ծախսվել է 100 հազար թուման։ Այն նմանեցնում են երկնքին, իսկ դրա վրա եղած արևը երկնքի արևն է։

Նասերեդդին Շահ Ղաջարը, իշխանության  գալուց հետո, հրամայեց վերանորոգել գահը և դրա վրա նոր թանկարժեք քարեր ավելացնել։ Բացի այդ, քարի վրա ավելացվեցին նաև շահին գովերգող նասթալիղով գրված տողեր։

Երկար տարիներ շատերը կարծում էին, թե սա Նադեր շահի սիրամարգ գահն է։ Ղաջարների ժամանակաշրջանի ճանապարհորդագիր Ժան-Բատիստ Տավերնիյերն Նասերեդդին շահի հետ զրուցել է Սիրամարգ գահի մասին։

Շահն ասել է, որ Սիրամարգ գահը կառուցվել է Ֆաթհ ​​Ալի Շահ Ղաջարի հրամանով։ Այդպիսով պարզ դարձավ, որ երկու գահերը տարբեր են։

Հետաքրքիրր է, որ Ֆաթհ ​​Ալի Շահը հրամայել էր կառուցել ևս մեկ գահ՝ տարբեր երկրների ղեկավարների հետ իր հանդիպումների համար։ Այն նույնպես հայտնի է Նադերի գահ անունով։ Թագավորն այս գահն իր հետ տանում էր, երբ Թեհրանի մերձակայքում գտնվող պալատում հանդիպում էր կարևոր մարդկանց հետ։ Ուստի գահը պատրաստված է տարբեր կտորներից։ Դրա վրա կա 26 հազար 733 թանկարժեք քար։

Նադերի գահը

 

------------------------------

Պատմության կեղևը կազմում են իրարահաջորդ իրադարձությունները։ Սակայն ավելի գրավիչ են պատմական  քաղաքական իրադարձություններին զուգահեռ տեղի ունեցող արկածները, որոնք դառնում են պատմության էությունը։ Հեռավոր անցյալի մասին, որտեղ իրադարձությունների հաջորդականությունը այնքան էլ պարզ չէ, քանի որ չունենք ճշգրիտ փաստաթղթեր ու ապացույցներ, մենք ունենք ենթադրություններ։ Սակայն որքան մոտենում ենք ժամանակակից դարաշրջանին, գործն ինչ-որ առումով հեշտանում է։

Ղաջարի սիրամարգ գահի գողության մասին փաստերից մեկին առընչություն ունի նաև  իրանցի հայտնի նկարիչ Քամալ ալ-Մոլքը։ Լսեք այդ պատմությունը։

Երբ Քամալ ալ-Մոլքը Նասերեդդին շահի պալատական ​​նկարիչն էր, նա առավոտից երեկո աշխատում էր Գոլեստան պալատում և նկարազարդում այն թագավորի հրամանով։ Այսօր էլ Գոլեստան պալատ այեցելելու դեպքում կարող եք տեսնել նրա աննկարագրելի գեղեցիկ աշխատանքները։ Սակայն վերադառնանք պատմությանը։ Երբ թագավորի Սիրամարգ գահը դրված էր Գոլեստան պալատի Հայելիների սրահում, Քամալ ալ-Մոլքը նկարում էր  Հայելիների սրահը և առավոտից երեկո այնտեղ էր։ Դա նրանից պահանջեց  մոտ 5 տարի։

Նկարն այսօր կախված է «Սալամ» սրահում։ Սակայն մի օր նկարիչը ժամանակից շուտ է գնում տուն, իսկ հաջորդ օրը, երբ վերադառնում է, տեսնում է, որ Սիրամարգ գահից մի գոհար են գողացել։

Պալատականները փնտրում էին քարն, իսկ թագավորը  զայրացած էր։ Բոլոր մեղադրյալներին հավաքում են մի տեղ՝ գողին հայտնաբերելու համար։ Ու քանի որ Քամալ ալ-Մոլքն աշխատում էր Հայելիների սրահում և այնտեղ էր նաև Սիրամարգ գահը, նա ներառվեց մեղադրյալների ցուցակում։ Գողությունն այնքան էր զայրացրել թագավորին, որ նա կասկածում էր անգամ իր պալատական նկարչին։

Ավելի ուշ պարզվեց, որ գողը բարձրաստիճան պալատականներից էր։ Քանի որ նա հեշտությամբ չէր կարող գոհարը դուրս բերել պալատից,  այն թաղել էր պալատի դիմացի այգում, որպեսզի երբ հարմար պայմաններ ստեղծվեին,  այնտեղից դուրս բերեր։

Գողացված քարը կրկին ամրացվեց գահին ու այն տեղափոխվեց ավելի ապահով վայր։ Այն շատ կարևոր նշանակություն ուներ թագավորի համար, քանի որ զարդարված էր թանկարժեք գոհարներով ու անցնում էր որպես ժառանգություն մի շահից մյուսին։

Այսօր գահը գտնվում է Թեհրանում, Իրանի ոսկերչության ազգային թանգարանում։ Իսկ կրկնօրինակը տեղադրված է Գոլեստան պալատի «Սալամ» սրահում։

Քամալ  Ալ-Մոլք

 

Թանկագին բարեկամներ, շնորհակալություն ձեզ «Իրանի պատմական գանձերի հետքերով» փոդքաստի 9-րդ  էպիզոդի ընթացքում մեզ ընկերակցելու համար։

Հաղորդման շրջանակում խոսեցինք երկու շատ գեղեցիկ գահերի մասին, որոնցից մեկը հայտնի է որպես Նադերի Սիրամարգ գահ, մյուսը՝ Ղաջարների Սիրամարգ գահ:

Հուսով ենք, որ այս հաղորդումը ձեզ դուր եկավ։

Դուք կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում` Ֆեյսբուքում, X-ի հարթակում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

X.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի հայերեն ռադիոժամի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքները այս փոդքաստի վերաբերյալ։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ դուր եկավ,առաջարկում ենք այն ներկայացնել ձեր ընկերներին և տարածել սոցիալական էջերում։  

Աստված պահապան լինի բոլորիդ սիրելի բարեկամներ։