Լարվածության աճը թերակղզում․ Կիբեր և ռազմական գործողություններ Հնդկաստանի և Պակիստանի միջև
Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության աճին զուգահեռ, շատ երկրներ երկու կողմերին էլ զսպվածության կոչ են արել։ Չինաստանը, մտահոգություն հայտնելով, կոչ արեց երկու երկրներին զերծ մնալ հակամարտության սրումից։
Վերջին զարգացումներին ի պատասխան՝ Պակիստանը փակեց իր օդային տարածքը մինչև կիրակի կեսօր։ Այդ երկրի զինված ուժերը հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է իր ռազմաօդային բազաների վրա։ Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է օդային տարածքի լիակատար փակման մասին բոլոր չվերթների համար։
Դիվանագիտական մակարդակում, Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում հայտարարել է, որ Պակիստանը նույնպես պատրաստ է խաղաղության, եթե Հնդկաստանը դադարեցնի ռազմական գործողությունները։ Միաժամանակ, Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Ջամմու շրջանում Պակիստանի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Քաշմիրում հնդկական լրատվամիջոցները հայտնել են հզոր պայթյունների և Դալ լճի մեջ հրթիռանման առարկայի ընկնելու մասին։ Բացի այդ, Պակիստանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է Հնդկաստանի էլեկտրացանցի վրա հաջող կիբերհարձակման մասին։
Հաղորդվել է, որ Պակիստանում նույնպես լարված անվտանգային իրավիճակ է։ Պայթյունների ձայներ են լսվել Լահոր և Կարաչի քաղաքներում, իսկ Սիալկոտում գրանցվել են ծանր բախումներ։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում 77 անօդաչու թռչող սարք է խոցել։
Վերլուծաբանները ներկայիս իրավիճակը գնահատել են որպես լիարժեք պատերազմին մոտ վիճակ։ Հարավային Ասիայի հարցերով փորձագետ Մայքլ Կուգելմանն ասել է, որ չնայած պատերազմ պաշտոնապես հայտարարված չէ, բայց շարունակվող հակամարտությունը նման է իրական մարտի։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել երկրի Ազգային հրամանատարության պաշտոնյաների հետ, որը երկրի միջուկային զենքի վերաբերյալ որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է։
Հնդկաստանի բանակն էլ հայտարարել է նոր ուժերի մոբիլիզացիայի և 14 հետևակային գումարտակների ակտիվացման մասին՝ մինչև 2028 թվականը լայնածավալ տեղակայման համար։
Միևնույն ժամանակ, «Յոթի խումբը» զգուշացրել է, որ շարունակվող լարվածությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։