Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ ինչպես միշտ կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին: Մնացեք մեզ հետ:
Բաքվում գումարվել է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանապահ ուժերի հրամանատարների եռակողմ նիստը:
Այս նիստում երեք երկրի սահմանապահ ուժերի հրամանատարները մտքերի փոխանակում են կատարել Կասպից ծովի անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի, մարդու թրաֆիկինգի և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի շուրջ և մի համաձայնագիր ստորագրելով ընդգծեցին եռակողմ համագործակցությունների ընդլայնումը:
Եռակողմ նիստում առաջարկվե է այսուհետ Ղազախստանի ու Թուրքմենստանի սահմանապահ ուժերի հրամանատարների մասնակցությամբ նիստերը գումարել հնգակողմ ֆորմատով:
Եռակողմ նիստին զուգահեռ նաև գումարվել է Իրանի ու Ռուսաստանի սահմանապահ ուժերի հրամանատարների երկկողմ նիստը, որի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել ահաբեկչության ու թաքֆիրականների, ինչպես նաև թմրաբիզնեսի դեմ պայքարի կապակցությամբ:
--------------------
Ներկա իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների համար ամենաիրական սպառնալիքը Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներն են, որոնք գործում են Սիրիայում և ընդհանրապես այդ պայթյունավտանգ տարածաշրջանում:
Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպանում է մարդկանց, ոչնչացնում է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներ, փորձում է թաքնվել իսլամի հետևում, սակայն իսլամի հետ որևէ կապ չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նարիշկինը:
Նա նշեց, որ Երևանում կայացած արտագնա նիստի ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ում ստեղծվել է բավարար նորմատիվ բազա՝ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները չեզոքացնելու համար: Այսօր մենք այդ սպառնալիքները կանխելու հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվություն ենք ստացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից»,- հավելեց ՀԱՊԿ ԽՎ նախագահը:
ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստին որպես դիտորդ մասնակցել է նաև Սերբիայից ժամանած պատվիրակությունը: Եզրափակելով խոսքը՝ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
---------------------------
Բաքուն ու Թբիլիսին համաձայնագիր ստորագրելով մինչև 2030 թվականը Վրաստանին անհրաժեշտ գազն ապահովելու հարցում համաձայնության են եկել:
Ադրբեջանի նավթի պետական ընկերություն՝ «Սոքար»-ի տնօրեն Ռովնաղ Աբդոլլաևը «Այնս» հեռուստակայանի «Հեսաբաթ» հաղորդման ընթացքում այդ մասին տեղեկացնելով, հայտարարել է. «Վրաստան գազ արտահանելու ուղղությամբ նոր հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանի համար: Այս պահին հնարավորություն է ստեղծվել, որպեսզի երկու խողովակագծերի միջոցով տարեկան երեք միլիարդ խմ գազ արտահանվի Վրաստան»:
«Ադրբեջանն իր գազը հարմար գնով է վաճառում Վրաստանին: Այս պահին Եվրոպայում գները իջել են, սակայն մեր համաձայնեցրած գինը ավելի բարձր է»,-ասել է Ռովնաղ Աբդոլլաևը:
Նա հավելել է. «Ադրբեջանը միանում է նավթի արտադրաչափի իջեցման ուղղությամբ ներկայացված առաջարկներին և այդ պատճառով էլ դադարեցվել է արտադրաչափի ավելացման հետ կապված նախագծերի գործադրումը»:
-------------------------------------
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Բաքվում կայացել է այդ երկրի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի զինվորական փորձագետների համատեղ նիստը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել է միջազգային ոլորտում Բաքվի զինվորական համագործակցությունների շարունակման և ռազմավարական ծրագրավորումների ու վերլուծությունների նախագծերի շրջանակում կողմերի հանձնառությունների և նպատակների գործադրման եղանակները և Խաղաղապահ գործողությունները:
Հաղորդման համաձայն, նիստի ընթացքում նույնպես քննարկվել է զինվորական ուսուցումների և վարժանքների ոլորտում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համատեղ ծրագիրն ու Աֆղանստանում անցկացվող խաղաղապահ առաքելություններին Ադրբեջանի Հանրապետության ներկայությունը:
-----------------------------------
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նիստում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով նոր զեկուցող է նշանակվել։
ԵԽԽՎ նախագահող դարձած Պեդրո Ագրամունտի փոխարեն նոր զեկուցող է նշանակվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեքսեն, հաղորդում է Turan գործակալությունը։
Դեստեքսեն հայտնի է որպես մարդու իրավունքների հարցերով փորձագետ։ Մասնավորապես՝ նա Ռուանդայի ցեղասպանության մասին գրքի հեղինակ է, որտեղ նա աշխատել է միջազգային կազմակերպության առաքելության շրջանակում։
Նշվում է, որ ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հարցերով զեկուցողի ինստիտուտը հիմնվել է 2014 թվականի հունիսին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զբաղվելու քաղաքացիական հասարակության ակտիվիստների կոչերից հետո։
Ի դեպ, Ադրբեջանի մի դատարան մերժել է արտասահման մեկնելու արգելքը վերցվելու կապակցությամբ առողջական ծանր պայմաններում գտնվող Բաքվի կառավարության երկու ընդդիմադիրների միջնորդությունը:
Համաձայն «Արիա» լրատվական գործակալության հաղորդման, Լեյլա և Արիֆ Յունեսների պաշտպան փաստաբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Բաքվի վերաքննիչ ատյանը հրաժարվել է թույլատրել նրանց մեկնել Գերմանիա:
Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում առաջատար խմբերից համարվող «Խաղաղություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության տնօրեն 60-ամյա Լեյլա Յունեսն ավելի քան 15 ամիս ազատազրկման մեջ է եղել:
Նրա 61-ամյա ամուսինը նույնպես, որ 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել նոյեմբերին ազատ արձակվեց:
Զույգն ու նրանց կողմնակիցները մերժում են իրենց առաջադրված մեղադրանքները և դրանք քաղաքականացված են համարում:
Նրանց առանձին գործերով մեղադրել են դավաճանության մեջ :
------------------------------
Միջին Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը իր տարածաշրջանային շրջագայությունն սկսել է Թուրքմենիայի մայրաքաղաք՝ Աշխաբադից:
Այդ այցի ընթացքում, Եվրամիության ավագ դիվանագետ՝ Փիթեր Բուրիանը և Թուրքմենիայի արտգործնախարարը քննարկել են բազմակողմ հարաբերությունների ընդլայնման եղանակները:
Նշելով, որ Եվրամիությունը շահագրգռված է կայացած համաձայնագրերի և երկարաժամկետ ծրագրերի շրջանակում Թուրքմենիայի հետ ընդլայնել հարաբերությունները, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել քան երբևէ կընդլայնվեն Եվրամիություն-Թուրքմենիա համատեղ կոմիտեի աշխատանքները:
Բանակցությունների ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարը և հաստատել են համագործակցությունների զարգացման համար բազում պոտենցիալների գոյությունը:
Միջին Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ՝ սլովակ դիվանագետը ձգտում է ամրապնդել Եվրամիության հետ այդ տարածաշրջանի երկրների քաղաքական համագործակցությունը և վերահսկելով Եվրամիության ռազմավարությունը, նպաստել տարածաշրջանի անվտանգության պահպանմանը: