Մի գավաթ անդորր (145. Երկրորդ երեխայի ծնունդը)
Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում կարևոր իրադարձություն է, բայց հիշեք, որ նրան սպասում եք ոչ միայն դուք` ծնողներդ, այլ նաև ձեր առաջնեկը: Այս թեմայով մենք ավելի վաղ խոսել ենք: Այս զրույցում քննարկելու ենք երևույթի տարբեր կողմերը: Մեր հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Ընտանիքում երկրորդ երեխայի ի հայտ գալը հաճախ հոգեբանորեն դժվար է լինում ավագ երեխայի համար: Ընդամենը վերջերս դուք ունեիք մեկ երեխա, և ողջ խնամքը բաժին էր հասնում միայն նրան, բայց ահա հայտվում է երկար սպասված երկրորդ երեխան, և անհրաժեշտ է բաժանել ուշադրությունն ու ժամանակը երկու երեխաների միջև:
Հայտնի հոգեբան Ադլերը առաջնեկի դիրքը երկրորդ երեխայի ծնվելուց հետո նկարագրում է իբրև «գահից զրկվածի» և ընդգծում, որ նման փորձը կարող է շատ տրավմատիկ լինել նրա համար: Սակայն շատ ու շատ դժվարություններից կարելի է խուսափել, եթե ճիշտ նախապատրաստեք երեխային փոքրիկ եղբոր կամ քրոջ հայտնվելուն:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
.................................
Ամենից առաջ, ավագ երեխային, որքան էլ նա փոքր լինի, անհրաժեշտ է նախապատրաստել եղբոր կամ քրոջ ծնվելուն: Դա պետք է անել նախապես, որպեսզի նա ժամանակ ունենա կողմնորոշվելու իր զգացմունքներում, նախապատրաստվի իր նոր կարգավիճակին: Հարկավոր է երեխային պատմել մայրիկի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին` իրեն մատչելի ձևով:
Ժամանակ հատկացրեք, որպեսզի զրուցեք երեխայի հետ նրա ապագա քույրիկի կամ եղբոր մասին: Ձեր առաջնեկին ասեք, որ ընտանիքում փոքրիկի հայտնվելով նրա կյանքը կփոխվի միայն դեպի դրականը: Բացատրեք, որ դա հրաշալի ժամանակ է լինելու, և որ ինքը հարազատ եղբայր կամ քույր է ունենալու, ում հետ կխաղա կամ ժամանակ կանցկացնի: Երեխային ասեք, որ ձեր երկրորդ երեխայի բախտը բերել է, որ նա ավագ եղբայր կամ քույրիկ ունի:
Ավագ երեխան արդեն ունի իր կյանքը, իր հետաքրքրություններն ու հակումները: Պետք չէ նրան փաթաթել խոսակցություններ այն մասին, ինչը տվյալ պահին նրան հետաքրքիր չէ, նույնիսկ եթե դա նրա ապագա խաղընկերոջ մասին է:
Լսենք օրվա հոգեբան հյուրին:
.....................
Փորձեք այնպես անել, որ նորածնի ծնվելուն զուգահեռ ձեր առաջնեկի կյանքում այլ կտրուկ փոփոխություններ չլինեն: Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է բարդացնել իրավիճակը, այդ իսկ պատճառով հարկավոր է ամեն ինչ անել նախապես, կամ չշտապել:
Սկսեք մտածել այն մասին, թե ինչպես ձեր առաջնեկին ներգրավեք փոքրիկ քրոջ կամ եղբոր խնամքի գործում: Պատմեք նրան, թե ինչպես պետք է հոգ տանի փոքրիկի մասին, երբեմն խնդրեք օգնել ձեզ այս կամ այն հարցում:
Եվ որպեսզի երեխային հետաքրքիր լինի սպասել ապագա փոքրիկի ծնվելուն, նրան ևս ներգրավեք համատեղ նախապատրաստական աշխատանքներում. հարցրեք ձեր առաջնեկին, թե ինչպես կուզենար անվանել իր եղբորը կամ քրոջը:
Նյութը ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը: