Ապրիլ 03, 2019 20:36 Asia/Yerevan

Թավրիզ քաղաքի կարևորագույն արհեստներից մեկն է գորգագործությունը, որը համաշխարհային համբավ ունի: Թավրիզի գորգը հարուստ բազմազանություն ունեցող իրանական գորգերի տեսակներից մեկն է: Համաշխարհային Ձեռարվեստի խորհրդի կողմից Թավրիզն ընտրվել է` որպես գորգագործության համաշխարհային քաղաք:

Ատրպատականի տարածաշրջանը գորգագործության տեսակետից միշտ բարձր դիրք է զբաղեցրել: Սեֆյանների ժամանակաշրջանում Թավրիզում գորգագործության մեծ արհեստանոցներ ստեղծելով, այնտեղ համախմբվեցին հմուտ գորգագործ վարպետներ, որոնց գործած թանկարժեք գորգերն այսօր զարդարում են աշխարհի մեծ թանգարանները:

Սեֆյանների մայրաքաղաքը Հերաթից Թավրիզ փոխադրվելով, հիմնադրվեց իրանական արվեստի երկրորդ դպրոցը համարվող՝ Թավրիզի դպրոցը: Այնուհետ Թավրիզ ժամանեցին տարբեր ոլորտներրի մեծ թվով արվեստագետներ և քաղաքը հայտնվեց մեծ ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում մեծ նկարիչների ու գծագրողների, այդ թվում Բեհզադի և Սուլթան Մոհամմադի ներկայության շնորհիվ, գորգագործությունը ևս մեծ թափ ստացավ: Հետագային աֆղանների հարձակումների հետևանքով իրանական գորգը կորցնում է իր դիրքը և այն վերականգնվում է ղաջարների օրոք: Ապա սկսվում է Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհով իրանական գորգի արտահանումը Եվրոպա: Երբ սպառվում էր Ատրպանականում արտադրված գորգը, թավրիզեցի առևտրականների ջանքերով, Իրանի մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մաշհադում, Քերմանում, Քաշանում, Արաքում և Համադանում  ևս սկսեց աճել գորգագործությունը: 19-րդ դարի երկրորդ կեսից Թավրիզի առևտրականները այդ քաղաքից գորգ էին արտահանում Ստամբուլ և այնտեղից էլ եվրոպական երկրներ:

Իրանի գորգի բաժնետիրական ընկերությունը գորգերի նախշերի առումով իրանական գորգերը բաժանել է 19 խմբերի, որոնց մեջ Թավրիզն ամենամեծ բազմազանությունն ունի: Այս նախշերից ոմանք ներառում են հին հնագիտական և իսլամական կառույցների քարտեզը, Շահ Աբբասի քարտեզը, արաբեսկի պլանը, ծառեր, որսորդական տարածքներ, երկրաչափական պատկերներ, բույսերի նմուշներ և ….:

Չնայած ավանդական նմուշների տարածմանը, վերջին տասնամյակների ընթացքում Թավրիզի գորգում եղել են նորարարություններ, որոնք հատուկ տեսք են շնորհել այդ գորգին: Այս նորարությունները ի հայտ են եկել նախշերում, գույներում ու հյուսվածքում, ստեղծելով գեղեցիկ ու թանկարժեք նմուշներ, որոնք նախկինում չեն եղել:

Թավրիզի ժամանակակից գորգերում երկչափ նախշերը առանձնահատուկ են դարձրել դրանք: Մյուս փոփոխությունը՝ ներդաշնակ գույներով, բաց տարածքները նախշերի փոխարեն գույնով լցնելն է:

Թավրիզի գորգում մյուս նորարարությունը գույների օգտագործմամբ ստվերի ստեղծումն է: Նույն ընտանիքի գույների անսահմանափակ օգտագործմամբ և լուսաստվեր ստեղծելով, խորության զգացողություն է առաջանում: Տաք և սառը գույների հակասությունը լուսաստվերում, ծավալայնություն է առաջացնում և ավելի ընդգծված են երևում նախշերը: Այդպիսով ծաղիկներն ավելի բնական են երևում:

Վերջին տարիներին ծաղիկներն ու տերևները սպիտակ մետաքսով պատելը Թավրիզի գորգերի մյուս առանձնահատկությունն է եղել: Թավրիզի գորգերում օգտագործվող հումքը սովորաբար պատրաստվում է բամբակից, բրդից կամ մետաքսից, որոնցից շատ որակյալ գորգ է ստացվում: Ամենամանր հյուսվածքով իրանական գորգերն արտադրվում են Թավրիզում: Թավրիզի գորգում միջնաթելը սովորաբար բամբակյա և ամուր է լինում, իսկ հենքը բրդյա է լինում: Թավրիզի մետաքսյա գորգերը ևս իրանական գորգերի ամենալավ տեսակներից են համարվում: Այդ գորգերում օգտագործվող մետաքսի մեծ մասը բերում են Խորասանից ու Թեհրանից, իսկ բուրդը Մակուի շրջանից: Մակուն գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում և շատ որակյալ ու մի քիչ կոշտ բուրդ ունի:

Թավրիզի գորգագործության մյուս բաղադրիչներից է Թավրիզի դանակի ու ճաղերի օգտագործումը: Թավրիզում գորգագործության ժամանակ օգտագործվող դանակը սուր սայրի և մի կեռիկի համադրություն է: Կեռիկն օգտվում են հանգույցներ առաջացնելու համար և սուր սայրով կտրում են թելը:

Թավրիզի գորգը գործում են ամենափոքր և ամենամեծ չափսերով:  Թավրիզի և ընդհանուր առմամբ Ատրպատականի գորգերի կարևորագույն առանձնահատությունն այն է, որ մանրակրկիտ ու կոկիկ գործելու ընթացքն իրականացվում է ինչպես սիմետրիկ, այնպես էլ ասիմետրիկ հանգույցով: Թավրիզի գորգերը շատ նուրբ և ամուր են լինում և շուտ չեն մաշվում: Հանգույցները ևս շատ պինդ են և մկրատելիս կարելի է խավերն այնքան կտրել, որ թավշյա տեսք ունենա և գորգի վրայով քայլելիս ավելի ընդգծված երևան նախշերը:

Հանգույցների չափման միավոր է ռաջը: Ատրպատականի գյուղերում հանգույցների չափման միավորը սովորաբար խոշոր է լինում 15-ից 25 ռաջ: Սակայն Թավրիզի գորգերում մեկ ռաջին բաժին է ընկնում 60 հանգույց, իսկ շատ թանկարժեք գորգերի դեպքում` 110 հանգույց: Որքան խիտ են լինում գորգի հանգույցները, գորգն ավելի բարձրորակ է լինում:

Թավրիզի գորգերը հիմնականում լինում են 2×3, 2.5×3.5 և 3×4 մետր չափսերով: Երբեմն լինում են ավելի փոքր կամ ավելի մեծ չափսերով: Վերջին տարիներին նաև տարածված է շրջանաձև ու բազմանկյուն գորգերի արտադրումը:

Թավրիզն ունի հմուտ ու հանրահայտ արհեստագործներ, նկարիչներ, երաժիշտներ ու գրողներ, որոնց շնորհիվ քաղաքը դարձել է Իրանի մշակութային բևեռներից մեկը: Թավրիզեցի արվեստագետները արվեստի ոլորտում ազգային շարժում են հիմնել, որը կոչվել է Թավրիզի ոճ:

Ներկայումս Թավրիզում ավելի քան 200 հազար գորգագործ վարպետներ, գորգագործության ճանապարհով հոգում են իրենց ապրուստը: Այսօր Իրանի ձեռագործ գորգի արդյունաբերության 30 տոկոսը Թավրիզին է պատկանում, որովհետև ձեռագործ գորգերի գնորդների մեկ երրորդը Թավրիզի գորգեր են գնում:

Թավրիզի պատմական շուկան իրանական ամենահին և ամենահայտնի շուկաներից է համարվում: Թավրիզի փակ շուկան աշխարհի ամենաբարձր առաստաղ ունեցող շուկան է, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Շուկայում գորգավաճառների խանութներն ամենակարևոր մասն են կազմում, հատկապես «Մոզաֆարիեի պանդոկը» շուկայի ամենագեղեցիկ մասերից է, որտեղ գորգի առք ու վաճառք է տեղի ունենում:

130 տարվա անցյալ ունեցող այդ պանդոկը երկու հարկում է կառուցված, ամեն հարկում կան 26 խանութներ: Պանդոկի երկար միջանցքի երկու կողմում 13 խանութներ կան: Երկու կողմից ճանապարհ կա դեպի վերևի հարկը: Առաջին հարկում գորգավաճառներն են, իսկ վերևի հարկում կողմնակի աշխատանքներ են արվում, այդ թվում գորգերի դիզայն ու վերանորոգում: Այդ հարկում են աշխատում ամենահմուտ գորգ վերանորոգող, պատկերազարդ գորգեր պատրաստող, նախշեր առաջարկող ու թելեր ներկող վարպետները: Այս շուկայում առաջարկվող բոլոր գորգերը ձեռագործ են:

Թավրիզի գորգի շուկան

Թավրիզը 2015թ. Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից ճանաչվել է գորգագործության համաշխարհային քաղաք: Հետաքրքիրն այն է, որ Թավրիզի գորգի ամենահայտնի նախշը և իրանական գորգերի 47 նախշեր գրանցվել են որպես ազգային ժառանգություն: Պատիվ է նաև, որ Թավրիզի և Իրանի գորգագործության 28 շրջանների գորգերի գծագրությունն ու նախշերը գրանցվել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից:

Թավրիզի քաղաքապետարանի թանգարանի գորգի դահլիճում պահվում է Իրանի ամենամեծ գորգը՝ 111 քմ տարածքով, գործված 1941թ.: Գորգը գործվել է հատուկ բուսական ներկերով և տեղադրված է թանգարանի հատակին՝ հատուկ տախտակի վրա:

Թավրիզը գորգագործության համաշխարհային քաղաք ընտրվելով, Թավրիզի քաղաքապետարանը և Ձեռարվեստի ու մշակութային ժառանգության կազմակերպությունը, քաղաքում Քյալքաթեչի պատմական բնակարանում հիմնում են «Թավրիզը՝ աշխարհի ձեռագործ գորգի քաղաք» անունով մշտական գրասենյակը:

 

Պիտակ