Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (24)
Ներկայացնում ենք «Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը» հաղորդաշարի վերջին զրույցը: 2018թ. Թավրիզն ընտրվել էր իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաք: Փորձել ենք այս հաղորդաշարի ընթացքում ձեզ ծանոթացնել այս գեղեցիկ ու տեսարժան քաղաքին: Իսկ հաղորդաշարի վերջին համարում կներկայացնենք Թավրիզի կեցության վայրերը և տուրիստներ գրավելու հնարավորությունները: Ընկերակցեք մեզ:
Թավրիզ մեգապոլիսը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է համարվում: Այս քաղաքը Իրանի Ատրպատականի շրջանում տնտեսական ամենամեծ բևեռն է, իսկ առևտրական, մշակութային ու քաղաքական տեսակետից Իրանի կարևոր կենտրոններից է հանդիսանում: Թավրիզը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում, Թեհրանից 631 կմ հեռավորության վրա: Տարբեր ճանապարհներով կարելի է այս քաղաք այցելել: Այց, որը կարող է հիշարժան լինել զբոսաշրջիկների համար:
Թավրիզում հյուրանոցային արդյունաբերությունն ավելի քան մեկ դարվա անցյալ ունի: 1904թ. Միրզա Էսհաղ Խան Մոազոլդոլեն, Թավրիզում կառուցել է նոր ոճով առաջին հյուրանոցը՝ «Նեզաֆաթ» անունով: Այս օրերին Թավրիզում կան տասնյակ հյուրանոցներ ու հանգստյան տներ, թե ավանդական և թե ժամանակակից ոճով, որոնք քաղաքի գրավչություններից են համարվում:
Եթե շատ եք ճամփորդում, գիտեք, որ հյուրանոցները միանման չեն և տարբեր ձևեր ունեն:Իրանում կան շատ հյուրանոցներ, որոնք կառուցվել են ծովի կամ գետի ափին, սարերում կամ ժայռերում և կամ ուխտավայրերի մոտ: Կան նաև մեծ ու փոքր քաղաքներում կառուցված ժամանակակից հյուրանոցներ: Իրանում շատ պահանջված են պատմական ու ավանդական հյուրանոցները, որոնք հիմնականում կիրառությունը փոխված վերանորոգված պատմական տներ են:
Թավրիզում ավելի քան 400 պատմական տներ կան, որոնցից շուրջ 100-ը գրանցվել են ազգային ժառանգության ցուցակում և որոշ բնակարաններ էլ ընտրվել են հյուրանոցի վերածվելու համար: Նեմաթզադեի պատմական բնակարանը ղաջարական շրջանի գեղեցիկ բնակարաններից է, որ անցյալ տարիների ընթացքում վերանորոգվել է և շահագործման է հանձնվել որպես Թավրիզի առաջին ավանդական հյուրանոցը:
Այս շինությունը կառուցվել է երկու հարկում, ունի բակն ու տան մուտքն իրար միացնող ծածկված մի տարածք: Շենքի ճակատը բաղկացած է դեկորատիվ ծածկույթով պատված երկու սյուներից ու պատշգամբից, արաբեսկ նախշերով ու գունավոր ապակիներով փայտե դռներից ու պատուհաններից, որոնք իրանական ավանդական այս հյուրանոցի գրավչություններից են համարվում:
Բնության գրկում ճանապարհորդության ցանկությունն աճելով և շրջակա միջավայրի ու զբոսաշրջային տարածքների մշակույթի պահպանման ուղղությամբ, առաջացել է էկոտուրիզմ հասկացությունը: Այս մոտեցման կարևոր ձեռքբերումներից է տեղաբնիկների համար աշխատատեղի ստեղծումը, ինչը բնակչությանը խրախուսում է պահպանել շրջակա միջավայրը և իրենց սովորույթները, որոնք գրավիչ են համարվում զբոսաշրջիկների համար:
Այդպիսով Էկոտուրիզմը կարող է ազդեցիկ լինել բնական և մարդկային միջավայրի պահպանման ու կայուն զարգացման համար:
Տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծելով՝ էկոտուրիզմը կարող է տարածաշրջանի ժողովրդի համար եկամուտի այլընտրանքային աղբյուր հանդիսանալ, որի արդյունքում տեղացիները չեն վաճառի իրենց ցանքսատարածքները և անխնա չեն շահագործի բնական ռեսուրսները:
Զբոսաշրջիկներին իրենց սովորույթները ցույց տալով, իրենց ձեռագործ արտադրանքները վաճառելով և առօրյա կյանքի աշխատանքներում նրանց մասնակից դարձնելով, տեղացիները գիտակցում են իրենց մշակութային ժառանգության արժեքը և պահպանում են դրանք: Եվ քանի որ էկոտուրիզմը նրանց եկամտի գլխավոր աղբյուրն է հանդիսանում, տեղացիները փորձում են պահպանել այն ամենն ինչ հետաքրքիր է զբոսաշրջիկնների ու բնության սիրահարների համար: Այդպիսով նաև չի նվազելու տվյալ տարածաշրջանի մշակութային հարստությունը:
Իրանում ևս մի քանի տարի է ուշադրություն են դարձնում այս մոտեցմանը և նպաստավոր պայմաններ ստեղծելով, զարկ են տալիս էկոտուրիզմին: Նկատի առնելով մարդկանց մեծ պահանջարկը ճամփորդելու համար, ստեղծվել են շատ հարմարություններ, որոնցից ամենակարևորն է զբոսաշրջիկների համար տարբեր տեսակի կացարանների ստեղծումը:
Օրինակ ըստ ցանկության Իրանում հնարավոր է բարձրակարգ հյուրանոցում սենյակ ամրագրել կամ կամ մնալ գյուղական մի տան մեջ:
Թավրիզի մոտակայքում գտնվող «Հոմա» հյուրանոցային համալիրն այն վայրերից է, որի առաջարկած հանգստյան տները շատ գրավիչ են ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Այդ տների կահավորման մեջ օգտվել են գյուղական տարրերից, ինչը առանձնահատուկ գրավչություն ու գեղեցկություն է հաղորդել այդ տներին:
Հանգստյան այդ տներում զբոսաշրջիկներին մատուցվում է թարմ ու օրգանիկ մթերքներով պատրաստված տարբեր տեսակի ուտեստներ: Անգամ զբոսաշրջիկները կարող են իրենք ճաշ պատրաստել թոնրից օգտվելով և քաղաքային աղմուկից հեռու գյուղական կյանքի փորձ ձեռք բերել:
Հյուրանոցային այս համալիրը գտնվում է Քյանդովան գյուղում, Թավրիզից 62 կմ հեռավորության վրա: Գյուղի կլիման զով ու լեռնային է, այնպես որ ամռանը սառեցման օդափոխիչ համակարգի կարիք չի լինում:
Քյանդովան անունը կապված է գյուղի տների ձևի հետ: Այդ տարածքի բնակիչները հազարավոր տարիներ իրենց ձեռքով ժայռերի մեջ դժվարությամբ կառուցել են իրենց տները և դրանք նմանեցրել են մեղվի փեթակի, այդպիսով գյուղի անունը դարձել է Քյանդովան: Պարսկերեն լեզվում քյանդու նշանակում է փեթակ: Գյուղի բոլոր տները քարից են կառուցված: 6000-ամյա վաղեմություն ունեցող Քյանդովան գյուղի գրավչություններից են հանքային գեղեցիկ աղբյուրները: Պամության մեջ ասվում է, որ առաջին անգամ այս տարածք են մուտք գործել Քյանդովանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Հիլեվար անունով գյուղի բնակիչները՝ մոնղոլների հարձակումից ապահով մնալու համար և ժայռերում տներ են փորել:
Գյուղի մոտակայքում է գտնվում «Լալե Քյանդովան» ժայռափոր միջազգային հյուրանոցը, որն իր տեսակի մեջ երրորդ է համարվում աշխարհում: «Լալե Քյանդովան» ժայռափոր միջազգային հյուրանոցը Իրանի միակ ժայռային հյուրանոցն է, որն ունի տարբեր հարմարություններ, այդ թվում ջակուզի: Ամեն տարի Իրանից ու աշխարհի տարբեր շրջաններից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս այս հյուրանոց:
Քյանդովանի պատմական գյուղը գտնվում է էկոլոգիապես պաշտպանված տարածքում և ունի գեղեցիկ վայրի բնություն: Այս հյուրանոցի հատուկ ճարտարապետությունից եւ բնության հետ ներդաշնակությունից բացի, այս տարածքի զով կլիման, անսահման բուսականությունը և հարուստ հանքային աղբյուրները բազմապատկել են Իրանի միակ ժայռափոր հյուրանոցի գրավչությունները:
Նշենք, որ Թավրիզը տարբեր երկրների 13 քաղաքների քույր քաղաք է: Այդ քաղաքներից չորսը Թուրքիայում են գտնվում, որոնք են՝ Ստամբուլը, Իզմիրը, Կոնիան և Էրզրումը: Թավրիզի մյուս քույր քաղաքներն են՝ Հուշի Մինը Վիետնամում, Վուհանը Չինաստանում, Բաքուն Ադրբեջանում, Վիեննան Ավստրիայում, Կազանը Ռուսաստանում, Զագրեբը Խորվաթիայում, Գազան Պաղեստինում, Քերբալան Իրաքում, Խուջանդը Տաջիկստանում և Մուգլիֆը Բելառուսում: