Մի գավաթ անդորր (153.Դեպրեսիա թե՞ վատ տրամադրություն-2)
Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր շարունակելու ենք անցյալ շաբաթ սկսած մեր զրույցը: «Դեպրեսիա թե՞ վատ տրամադրություն» : Մեր հյուրն է հոգեբան ,արտ-թերապևտ, հատուկ մանկավարժ ,տիֆլոմանկավարժ Անդրանիկ Բաբայանը: Հայերեն ռադիոժամը շնորհակալություն է հայտնում Պրն. Բաբայանին ՝ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հետ համագործակցելու համար: Մնացեք մեզ հետ:
Մասնագետները դեպրեսիան համարում են դարի հիվանդություն: Այն շատ տարածված է և միտում ունի է՛լ ավելի տարածվելու: Ինֆորմացիոն խառնաշփոթին մարդիկ հաճախ ուղղակի չեն դիմանում: Այն բուժվող հիվանդություն է և ճիշտ ու գրագետ մոտեցումը կօգնի հաղթահարել այն:
Եղանակի փոփոխություններին զուգահեռ մարդկանց մոտ նկատվում է հոգեվիճակի ու բնավորության փոփոխություն, որի հետևանքով շատերն ունենում են տրամադրության անկում. այս երևույթը հաճախ շփոթում են «դեպրեսիա»-ի հետ։
Դրանք կապված են եղանակի փոփոխության, լուսավոր ու արևային ժամերի կրճատման հետ, որոնց հետևանքով մարդու օրգանիզմն աստիճանաբար պատրաստվում է ցուրտ եղանակին։
Ադապտացիայի այս շրջանը, մեզնից ավելորդ «ծախսեր» ու էներգիա պահանջելով, հանգեցնում է դեպրեսիվ վիճակի ։
Պետք է տարբերել տրամադրության անկումը դեպրեսիայից ։
«Պետք չէ տրամադրության յուրաքանչյուր անկում դիտարկել որպես դեպրեսիա։ Հատկապես աշնանը բոլորիս մոտ էլ տրամադրության տատանումներ լինում են, բայց արդյո՞ք դրանք դեպրեսիաներ են։ Եթե դրանք ուղղորդվում է ֆիզիկական թուլությամբ, ախորժակի կորստով, վատ քնով, ինչպես նաև քնկոտությամբ, ապա նոր կարող ենք խոսել դեպրեսիայի առկայության մասին ։
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:
---
Դեպրեսիաները հաղթահարելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս շատ քայլել, հատկապես արևային ժամերին։ Կարևոր է ճաշացանկում ավելացնել վիտամինային սնունդ, ցիտրուսային մրգեր, շոկոլադ և թեյ։ Խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով, հատկապես լողով, որովհետև ջրի հետ շփումը նպաստում է դեպրեսիայի հաղթահարմանը։
Մի՛ մեկուսացեք շրջապատից, փոխարենը շա՛տ ժամանակ տրամադրեք ձեր ընկերներին ու մտերիմներին, գնացե՛ք քայլելու, գնումների, ֆիլմեր դիտելու, եղե՛ք հնարավորինս զբաղված. այդպիսով կնպաստեք դեպրեսիաների վերացմանը ։
Մոլորակում դեպրեսիայից տառապում է 300 միլիոն մարդ։ Դեպրեսիա ունենում են և՛ մեծահասակները, և՛ փոքրերը։ Ոմանք պարզապես ուշադրություն չեն դարձնում դեպրեսիայի ախտանշաններին։
Լսենք մեր ունկնդիրներից մեկին:
---
Դեպրեսիայի հետ կապված՝ շատ միֆեր կան։ Ներկայացնենք դրանից 5-ը։
Միֆ է այն կարծիքը, թե բոլորն էլ ժամանակ առ ժամանակ դեպրեսիայով են տառապում։
Այո՛, մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են իրենց դժբատ զգալ, տխրել ցավից ու վիրավորանքից, բայց դա չի նշանակում, որ մարդը դեպրեսիայի մեջ է։
Եվ պետք է հիշել՝ մարդը կարող է փորձել ինքնուրույն հաղթահարել դեպրեսիան, բայց դրանից պետք է ազատվել, և պացենտին կարող է օգնել միայն համապատասխան մասնագետը։
Հաջորդ միֆն այն է, թե տղամարդիկ չեն տառապում դեպրեսիայով։
Այս կարծիքն ավելին է, քան միֆը, քանի որ դեպրեսիայով տառապում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Բանն այն է, որ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկի, եթե տառապում են դեպրեսիայով, իսկ տղամարդիկ հաճախ պատրաստ չեն դիմել բժշկի՝ իրենց հոգեբանական խնդիրները լուծելու համար։
Երրերդ միֆն այն է, թե դեպրեսիան հիվանդություն չէ։
Իրականում դեպրեսիան հիվանդություն է։ Դեպրեսիայի կարող են հանգեցնել սթրեսային վիճակը, որոշ դեղորայքներ կամ այլ գործոններ․․․ Դրանք ուղեղի քիմիական միացություններում խանգարումներ են առաջանում, և հակադեպրեսանտները անհրաժեշտ են, որպեսզի մարդու օրգանիզմում կարգավորվի տվյալ խանգարումը։
Տարածված չորրորդ միֆն այն է, թե երիտասարդները չեն տառապում դեպրեսիայով։ Իրականում դա այդպես չէ։ Դեպրեսիայով տառապում են և՛ երիտասարդնները, և՛ դեռահասները, պարզապես երբեմն ծնողները դեպրեսիան շփոթում են անցումային տարիքի, մելամաղձության հետ։
Հինգերորդ միֆն այն է, թե դեպրեսիայի պատճառով մարդը չի մահանում։
Ինչպես արդեն նշեցինք, դեպրեսիան հիվանդություն է, ուստի չի կարելի պնդել, թե այն մահացու չի կարող լինել։ Հիշե՛ք՝ դեպրեսիայի ախտանշանները չի կարելի անուշադրության մատնել, այլապես դա կարող է տխուր հետևանքներ ունենալ։ Դեպրեսիայի պատճառով կարող են մահանալ 15-19 տարեկան դեռահասները։ Բացի այդ՝ դեպրեսիան կարող է լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և բացասաբար ազդել մարդու կյանքի տևողության վրա։
---