Հունիս 17, 2019 15:41 Asia/Yerevan
  • Գեղարվեստական հաղորդում (171)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

 

«Իրանահայության դերը՝ Իրանի թատրոնում» խորագրով հունիսի 15-ին, յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ, որն  իրականացավ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում:

Անաստաս Տեր-Հովհաննիսյանը կազմակերպիչ հանձնախմբի անունից իր բացման խոսքի մեջ կարեւորությամբ անդրադարձ կատարվեց հայ եւ իրանցի երկու բազմադարյա ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մասին, նշվելով, որ իրանահայությունը Իրանի պատմության բազմազան բնագավառներում միշտ իր անժխտելի ներդրումն է բերել: Նա նշեց, որ Իրանի հայերը իրենց ուրույն դերն են ունեցել մշակութային կյանքում, ի մասնավորի՝ կինոյի, թատրոնի եւ արվեստի զարգացման գործում եւ դեռ Ղաջարական դինաստիայի շրջանից իրանահայերը Ատրպատականում, Նոր Ջուղայում եւ Թեհրանում հիմնադրել են թատերական խմբեր, որոնք նախ ներկայացումներ էին բեմադրում տնային պայմաններում, ապա աստիճանաբար հայկական թատերաբեմերում: Նա ընդգծեց, որ Իրանի թատրոնի առաջին կին դերասանուհիներից է եղել Սիրանուշը, ով հետագայում խաղացել է Իրանի առաջին համր կինոֆիլմում, որի ռեժիսորն էր իրանահայ Ավանես Օգանյանցը:

Միջոցառումը, որին ներկա էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Իրանի Մշակույթի նախարարության, քաղաքապետարանի եւ Քաղխորհրդի ներկայացուցիչներ, կինոյի, թատերական կյանքի եւ արվեստի ու մշակութային կյանքի գործիչներ հագեցած էր գեղարվեստական կատարումներով եւ ֆիլմի ցուցադրությամբ:

Ցուցադրված պատմա-փաստագրական ֆիլմի հեղինակն էր Կարեն Մնացականյանը եւ ֆիլմը պատմական ակնարկ էր Իրանի ողջ հայահոծ շրջաններում թատրոնի ձեւավորման եւ ապա Իրանում տարածման մասին:

Թատրոնին նվիրված երեկոն առավել իմաստավորվեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի բեմադրությամբ «Սիավաշ եւ Սուդաբե» թատերական ներկայացմամբ, որի դերակատարները հայ շնորհալի երիտասարդներ էին: Ներկայացումը փոխառնված էր Ֆերդոսիի «Շահնամե»-ից:

Հանդիսությունը վարում էր Իրանի ռադիո-հեռուստատեսութեան հաղորդավարներից՝ Փեյման Շեյխին:

Դասախոսությամբ հանդես եկավ Իրանի կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, կինոքննադատ ու գրող Բեհզադ Ֆարահանին, ով իր հուշերի ընդմիջից անդրադարձավ իրանահայ ռեժիսորներ՝ Շահեն Սարգսյանի եւ Արբի Ավանէսյանի անժխտելի դերակատարությանը Իրանի թատրոնի եւ կինոյի երկնակամարում:

Ընթացքում Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսիկ Յունանեսյանը իր ողջույնի խոսքն փոխանցելով հանդիսատեսին, նշեց, որ երկար տարիներ է ինչ «ՀՈՒՍԿ»-ը մտադիր է նման միջոցառմամբ լսարանի դատին հանձնել այն դերը, որ իրանահայերն են դրսեւորել Իրանի թատերական կյանքում:

Հանդիսությանը գնահատագրեր հանձնվեցին Իրանի թատրոնի եւ արվեստի զարգացման գործում իրենց ուրույն դերակատարությունը ունեցած Իրանի բեմահարդարման եւ հագուստի մայր կոչվող եւ համալսարանի դասախոս դոկտ. Էդնա Զեյնալյանին, թարգմանիչ, ռեժիսոր եւ դերասան Անդրանիկ Խեչումյանին, ռեժիսոր, կինոքննադատ եւ ժամանակի դերասան Սուրեն Մնացականյանին, ռեժիսոր, պրոդյուսեր եւ Իրանում Հայաստանի Հայֆեստ փառատոնի ներկայացուցիչ Ալբերտ Բեգիջանյանին, հագուստի ձեւավորող եւ համալսարանի դասախոս Մեղեդի Շամիրյանին, երիտասարդ թատերագիր եւ թատրոնի ռեժիսոր Արազ Բարսեղյանին, եւ հետմահու գնահատվեց Իրանի թատրոնի ու կինոյի հանրահայտ դերասան Լեւոն Խանգալդյան Հաֆթվանը:

Վերջում Թեհրանի սիմֆոնիկ երգչախմբի խմբավար, մայեստրօ Ռազմիկ Օհանյանի խմբավարությամբ երգչախումբը կատարեց հայկական եւ իրանական ժողովրդական երգեր՝ Կոմիտասից, Ռուբիկ Գրիգորյանից եւ Լորիս Ճգնավորյանից: Երգչախմբին դաշնամուրով նվագակցում էր Ալվին Ավանեսյանը:

Image Caption

 

Վերջերս Թեհրանում պարսկերեն լեզվով լույս է տեսել հայերեն ժամանակակից սիրային երգերի մի հակիրճ ընտրանի՝ Արմենուշ Առաքելյանի թարգմանությամբ՝ նախաբանով և ծանոթագրություններով «Իմ չքնաղ երազ» խորագրով:

Ժողովածուի պարսկերեն տեքստի խմբագիրն է Մոստաֆա Զամանինիան: Ժողովածուն  ներառում  է  9  բանաստեղծներից  19  ստեղծագործություններ հեղինակների  լուսանկարներով  եւ  պարսկերեն, հայերեն ու ֆրանսերեն նախաբանով:

Գիրքը հրատարակվել է «Քեթաբե Սիամաք» հրատարակչատան միջոցով՝ 1100 տպաքանակով:

 

Image Caption

 

Վերջերս, Երևանում, հրատարակվել է Նիկիտ Միրզայանի ուսումնասիրությամբ պատրաստված «Փափազյանը Իրանում» պարսկերեն գիրքը:

Վահրամ Փափազյանը Թեհրանում անցկացրած ներկայացումների մասին, իր հեղինակած «Աշխարհի թատրոններում» գրքում, պատմում է. «1933 թվականի նոյեմբերի վերջերին Իրանի «Շիր-օ-Խորշիդ» բարեգործականի հրավերով ժանանեցի Թեհրան։ Հրավերի հիմնական նպատակն էր իմ ջանքերով և աջակցությամբ կազմակերպել ազգային թատրոն։

Հանձնաժողովը մշակել էր այնպիսի մի ծրագիր ինչպիսին օրինակ Շեքսպիրի «Համլետ»-ը, «Օթելլո»-ն, Մույլիերի «Տարտյուֆ»-ը և «Դոն-Ժուան»-ը, Շիլլերի «Ավազակներ»-ը, Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը։ Սակայն իրանական կազմակերպությունն ինձ խնդրում էր, որպեսզի ես չսպասելով երիտասարդների առաջին թատրոնի բեմադրությանը, նույն թատրոնի տեղական սիրողների հետ մասնակցեմ ներկայացմանը՝ ի պատիվ կազմակերպության։

Այսպիսով ես համաձայնվեցի այդ առաջարկությանը, քանի որ սրտանց ցանկանում էի աջակցել Իրանի ազգային թատրոնի շենքի կառուցմանը:

... Որոշված էր, որ թատրոնի բացումը պետք է արվեր «Օթելլո» բեմադրությամբ, իմ իսկ մասնակցությամբ։ Ես պետք է դերը տանեի ֆրանսերենով, իսկ իմ երիտասարդ խաղընկերները՝ պարսկերենով»։

Ի վերջո 1934թ. բարձրաստիճան տոնախմբության պայմաններում «Փալաս» թատրոնի շենքում, պարսկերեն լեզվով, բեմականացվեց «Օթելլո»-ն, մեծ հաջողությամբ:

Image Caption

 

«Մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից է երկրի միջազգային դիրքավորումը, միջազգայն վարկանշի բարձրացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հենց այդ նախագծերից մեկն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը։

Նրա խոսքով, «Ոսկե ծիրանը» ունի ռազմավարական նշանակություն, որովհետև այս ձևաչափի նախագծերը չեն լուծում զուտ մասնագիտական խնդիրներ, սրանք լավ գոծող խողովակներ են  երկիրը և նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին։

Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար:

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնը կայանալու է հուլիսի 7-14-ը։

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանայինհամայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

 

Image Caption

 

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունեցան մի շարք հանդիսություններ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների մեկնարկը տրվեց Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Հնչեցին ելույթներ, որոնց հաջորդեց Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումները շարունակվեցին Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

Ա. Բակունցը ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանիկռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

 

Image Caption

 

Կյանքի 97-րդ տարում մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Իտալացի լեգենդար ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Ֆրանկո Ձեֆֆիրելին մահացել է Հռոմի իր տանը երկարատև հիվանդություն հետո:

Ռեժիոսորը ծնվել է 1923 թ-ին Ֆլորենցիայում:

Սկզբնական շրջանում նա հետաքրքրվել է ճարտարապետությամբ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդհատել է ուսումը: Պատերազմից հետո նա տարվել է թատրոնով և կինոյով, խաղացել է բուհական թատրոնում, աշխատել է որպես բեմադրող նկարիչ: Ձեֆֆիրելին պատրաստել է իտալական կինոյի, թատրոնի և օպերայի լեգենդար ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի ներկայացումների դեկորացիաները, ինչն էլ նրան ճանաչում է բերել: Դրանից հետո 1953 թվականին Ձեֆֆիրելիին հրավիրում են Լա Սկալա օպերային թատրոն:

Ձեֆֆիրելիին մեծ համբավ է բերել 1968թ. նկարահանած «Ռոմեո և Ջուլիետը» ֆիլմը, որը բավականին ճանաչված է մինչ օրս: Նա հայտնի է Շեքսպիրի իր էկրանավորումներով: 1980-ականներին նա մի քանի հաջողված ֆիլմ-օպերաներ է նկարահանել Պլասիդո Դոմինգոյի, Թերեզա Ստրատասի, Խուան Պոնսի մասնակցությամբ:

Զեֆֆիրելլին երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, եղել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակակիր:

 

Image Caption

 

Հայտնի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը գնահատվել է  գրեթե կես միլիոն դոլար, պահվում է սաուդյան ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի զբոսանավում: Այդ մասին գրում է The Guardan-ը։

Արվեստի գործը պահվելու է արքայազնի զբոսանավում, քանի որ երկրի իշխանությունները դեռ Էլ-Ուլեում չեն կառուցել մշակութային կենտրոնը, որտեղ ծրագրում են տեղադրել դա Վինչիի կտավը։ Զբոսանավը գտնվում է Եգիպտոսում՝ Շարմ-էլ-Շեյխի շրջանում։

«Աշխարհի փրկիչը» վաճառվել է 2017 թվականին Նյու Յորքի Christie's աճուրդում 450 միլիոն դոլարով։