Գեղարվեստական հաղորդում (172)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության արվեստի հարցերով փոխտնօրեն Սեյեդ Մոջթաբա Հոսեյնիի հետ: Կողմերը բանակցել են մշակութային և արվեստի ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման շուրջ:
Հանդիպման ժամանակ, դեսպան Թումանյանն ասել է.«Մշակույթի և արվեստի ոլորտում Հայաստանի և Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունները կարող են լինել ավելի խորը և ամուր և երկու երկրները կարող են համագործակցել միմյանց մշակույթները ներկայացնելու գործում»:
«Հայաստանը և Իրանի իսլամական հանրապետությունն ունեն մշակութային բազում ընդհանրություններ և երկու երկրի բարեկամական հարաբերության հիմքը մշակույթն է»,ասել է Իրանում ՀՀ դեսպանը:
Արտաշես Թումանյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրանում համերգով հանդես կգա Հայաստանի երգչախումբը: Միջոցառումը նվիրված է հայ մեծագույն երգահան, երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Հինգշաբթի, հունիսի 13-ին, տեղի ունեցավ Իրանահայ գրողների միության ձեռնարկը նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։
Բացման խոսքում, միության նախագահ Գարուն Սարգսյանը ակնարկելով Թումանյանի գրականության արժեքներին ու յուրաքանչյուր հայի կյանքում նրա ունեցած ազդեցությանը, հրավիրեց օրվա բանախոս՝ Էմմա Շամիրյանին:
Բանախոսը նախ ներկայացրեց Հ. Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը եւ անդրադարձավ նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններին, լայն բացատրություն տվեց հատկապես բալլադ տեսակի ստեղծագործության մասին, որը ունենալով պատմողական բնույթ, նաեւ ներառում է բանաստեղծի մտքերն ու հույզերը: Բալլադների շարքից նա նշեց բոլորիս ծանոթ անուններ՝ «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Չարի վերջը», «Ախթամար», «Փարվանա», «Աղավնու վանքը» եւ այլն: Ապա վերլուծական մեկնաբանությամբ ներկայացրեց Թումանյանի «Աղավնու վանքը» բալլադը:
Բանախոսության ավարտին Անի Զարգարյանը ասմունքեց նույն այդ երկն ու նաեւ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։
Անի Զարգարյանի ղեկավարությամբ, Նայիրի միությունում աշխատող մանկապատանեկան ասմունքի սաներից՝ Հայկ Այդինյանը եւ Թադե Աղաջանյանը ասմունքեցին «Մի կաթիլ մեղրը» եւ «Շունն ու կատուն» բալլադները
Այնուհետև ներկաները ըմբոշխնեցին Թումանյանի խոսքերով հորինված «Վարդը», «Ասում են ուռին...» (հատված «Անուշ»-ից) եւ «Ինձ մի խնդրիր» երգերը։
Ծրագրի ավարտը Թումանյանի քառյակներն էին։ Քառյակներում բանաստեղծը խտացրել է կյանքի մասին իր ունեցած խոհերն ու աշխարհայացքը: Էմմա Շամիրյանի բացատրությանը հաջորդեց Ռուբեն Շահբազյանի միջոցով Թումանյանի մի փունջ քառյակների տպավորիչ արտասանությունը։
Վերջում ներկաներից ելույթ ունեցավ բանաստեղծ Տիգրան Պողոսյանը։ Նա բարձր արժեւորելով Թումանյանի արվեստը, ընթերցեց իր գրչին պատկանող մի բանաստեղծություն, նվիրված բանաստեղծի 140-ամյակին։

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկվել են ֆիլմեր առանց ժանրային սահմանափակումների: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
«Այս տարի հրաժարվել ենք կինոփառատոնի տարբեր ծրագրերում ֆիլմերի ժանրային սահմանափակումներից: Չկա վավերագրական, անիմացիոն, խաղարկային կամ այլ ֆիլմի տեսակավորում»,-հայտնեց Ավետիսյանը:
Անդրադառնալով «Միջազգային լիամետրաժ» մրցութային ծրագրին` նա ասաց, որ ընդգրկվել է 12 կինոնկար, որոնք են` Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ»-ը, Բուրաք Չևիքի «Կապվածություն»-ը, Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ»-ը, Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմը, Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» ժապավենը, Սուհաիբ Գասմելբարի «Խոսելով ծառերի մասին»-ը, Նինո Ժվանիայի «Շքերթ»-ը, Կանտեմիր Բալագովի «Լողլողը», Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը», Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» ֆիլմը, Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» կինոնկարը, Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը», Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր»-ը::
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ խոսեց «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի մասին և նշեց, որ ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներառված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:
«Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից:
«Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային» մրցույթում ընդգրկված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից:
«Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ:
«Ծուռ Ծիրան» ծրագրում ներկայացվելու է 5 ֆիլմ: Արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերևս ամենամոլեռանդ ծրագիրը՝ «Ծուռ ծիրանը»՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև տեղեկատվություն փառատոնի ժյուրիի կազմի մասին:
«Միջազգային լիամետրաժ մրցույթային» ծրագրի ժյուրին նախագահելու է ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):
«Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային» մրցույթի ժյուրիի նախագահն է Պիպո ռեժիսոր Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում կայացած քվեարկությամբ:
Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն, 23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Գրականագետ Արմեն Ավանեսյանը, խոսելով երիտասարդ բանաստեղծների մասին, ասել է, որ մեր օրերում երկու տեսակի պոեզիա է նկատում` երկարաբանված ու շատախոսություններով լի, երբ թվում է, թե երիտասարդ ստեղծագործողն ամեն ինչ ուզում է միանգամից ասել ու ավարտել: Երկրորդի դեպքում հակառակն է` հեղինակը գնում է մինիմալիզմի, երկու-երեք տողերի ձգտող ստեղծագործություններ են, որոնք հիմնականում կարելի է տեսնել սոցիալական ցանցերում` «ստատուսների» տեսքով:
Նա դրական է համարում այն, որ երիտասարդ ստեղծագործողները վերջին շրջանում բավականին ակտիվացել են` հատկապես գրքերի հրատարակության առումով: Օրինակ՝ եթե նախորդ տարիներին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին ներկայացված էր լինում ամենաշատը երկու կամ երեք գիրք, այս տարի ներկայացվել է վեց գիրք: «Բավականին հետաքրքիր գործեր կային դրանցում: Նախկինում գրքերն այնքան քիչ էին, որ անգամ մրցանակ չէր շնորհվում: Մշակույթի նախարարության «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի առանցքում այն երիտասարդ գրողներն էին, որոնք ցանկանում էին հրատարակել իրենց առաջին գրքերը: Այս տարի նախարարության կողմից աջակցություն չեղավ: Պիտի նշեմ, որ հետաքրքիր գործեր լույս տեսան մի քանի հրատարակչությունների ջանքերով»,-նշել է գրականագետը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հունիսի 27-ին և 30-ին, տեղի կունենա բալետային ներկայացման պրեմիերա:
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմի հիման վրա ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը:
Նույն այդ օրերին լինելու է նաև Մեհրաբյանի` տարիներ առաջ բեմադրած «Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումը, որն արդեն մոտ 10 անգամ խաղացել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խորեոգրաֆը նշեց, որ ներկայացումը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Ես Թումանյանի ստեղծագործությունները շատ եմ սիրում, դրանք միշտ ակտուալ են, երբ էլ կարդաս: Նա հանճար է եղել ու մնում է հանճար: Որոշեցի գրողի 150-ամյակի կապակցությամբ նոր բալետային ներկայացում բեմադրել և ընտրեցի «Մարոն» պոեմը»,- ասաց Մեհրաբյանը: Բալետային ներկայացումը բաղկացած է մեկ գործողությունից, հնչող երաժշտությունները գրել են Ռոմեն Դավթյանը, Գրիգոր Եղիազարյանը և Էդուարդ Բաղդասարյանը, ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: «Եթե ամեն ինչ լավ լինի, և ես երրորդ ներկայացում էլ բեմադրեմ, ապա կրկին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը կընտրեմ»,- ասաց խորեոգրաֆը:
Արտիստը նաև ընդգծեց, որ և՛ «Լոռեցի Սաքոն», և՛ «Մարոն» իրար հետևից են ներկայացվելու առանց ընդմիջման և ընդհանուր առմամբ տևելու է մոտ 1 ժամ 15 րոպե:
««Լոռեցի Սաքո»-ն նույնպես լինելու է մեկ գործողությամբ: Գլխավոր դերակատարը որդիս է՝ Արսեն Մեհրաբյանը, ով Ստոկհոլմից եկել է այստեղ մասնակցելու ներկայացմանը»,- ասաց Նորայր Մեհրաբյանը և շեշտեց, որ ռեժիսորի հետ անակնկալ են մատուցելու հանդիսատեսին:

Միջազգային տարբեր մրցույթների մասնակցած և հաղթած հայկական տառատեսակների նմուշներ, որոնց հեղինակներն են տառաստեղծ, դիզայներ Էդիկ Ղաբուզյանը, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, ցուցադրվեցին Հայաստանի ազգային գրադարանում:
Ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 21-ին, ընդգրկված են նաև Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից տառատեսակների փոփոխությունն արտացոլող եզակի նմուշներ, հայկական տառատեսակների և տառարվեստին վերաբերող գրքեր:
«Որոշեցինք ներկայացնել «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների և Խարկովի գեղարվեստի պետական ակադեմիայի տառատեսակների միջազգային մրցույթներին մասնակցած և հաղթած մի շարք աշխատանքներ»,- նշեց Էդիկ Ղաբուզյանը՝ ընդգծելով, որ հայոց այբուբենը տառատեսակների մշակման բազմաթիվ հնարավորություններ է տալիս:
Նրա խոսքով` Հայաստանում շատ են տառարվեստով հետաքրքրվող երիտասարդները, ստեղծվում են ուրույն ոճով նոր գրատեսակներ, որոնք լիովին կիրառելի են և՛ ժամանակակից տպագրության մեջ, և՛ համակարգչային աշխարհում:
«Յուրաքանչյուր ազգի գիր ազգի ինքնության դրոշմն ունի: Մարդը դառնում է տառաճանաչ, սկսում է գրել և իր ձեռագրով իր անհատականության, ինքնության դրոշմն է դնում թղթի վրա առաջին անգամ: Երբ տպագիր գիրքը դուրս մղեց ձեռագիր գրքին, թվում էր, թե այդ անհատականության դրոշմը պիտի վերանար: Բայց գեղարվեստը եկավ լրացնելու այդ բացը: Տառարվեստի միջոցով արվեստը կրկին վերադարձվեց տառին»,-ասաց գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
Նա հավելեց, որ տառը միայն ձև չէ, իսկ տառատեսակների մշակումը լուրջ ուսումնասիրություն է և լուրջ բովանդակություն ունի:
Ցուցադրությունը կգործի մեկ շաբաթ:

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) հայտնի գծանկարներից ամենավաղն Արտինյի դղյակում (Ֆրանսիայի Էնդրի եւ Լուարի դեպարտամենտ) կայացած աճուրդում վաճառվել Է 80 հազար եվրոյով:
«Շվեյցարական շալե Լուարի ափին» նկարի գնորդը ֆրանսիացի մի գործարար Է, որը բնակվում Է Շվեյցարիայում: Նրա անունը չեն հայտնում: Նշվում Է, որ նա աճուրդին մասնակցել Է հեռախոսով: Լոտի մեկնարկային գինը 50 հազար եվրո Էր: Նկարում պատկերված Է քառահարկ մեծ տուն՝ կանգնած, ինչպես բացատրում Է մակագրությունը, Լուարի ափին Օռլեանում: Նկարի վրա նշված Է դրա ստեղծման ամսաթիվ-տարեթիվը՝ 1865 թվականի հուլիսի 2: Կտավի ստեղծման պահին Գոգենը եղել Է 17 տարեկան: Ներկայում դա գեղանկարչության ապագա վարպետի ամենավաղ հայտնի ստեղծագործությունն Է:
Պոլ Գոգենը պոստիմպրեսիոնիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկն Է: Նա «Կար անող կինը», «Ծաղիկով կինը», «Պտղաքաղ» եւ այլ նկարների հեղինակն է: