Հուլիս 30, 2019 11:31 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:


Կիրակի օրը, Թեհրանի «Օսվե» մշակութային համալիրում մեկնարկել է «Ծովահեն թագուհին»՝ ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների ցուցահանդեսը:

14 արվեստագետները Բրիտանիայի կողմից իրանական նավթային լցանավի կալանավորման թեմայով 40 ծաղրանկարներ ու մուլտիպլիկացիոն կինոնկարներ են ներկայացրել այդ ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի պատասխանատու Մասուդ Շոջաին ասել է.«Լրատվական ծաղրանկարչությունը միջազգային լեզու է և հարմար նկատեցինք այդ ծովահենության մասին բոլոր իրողությունները ներկայացնել ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների տեսքով»:

Սրբազան պաշտպանության և հեղափոխության թեմայով վիզուալ արվեստների միության տնօրեն Մոհամմեդ Հաբիբին այս ցուցահանդեսի անցկացումը քայլ է գնահատել դիմադրության մշակույթի տարածման և Բրիտանիայի խորամանկ կառավարության հանդգնությանը պատասխանելու ուղղությամբ:

«Ծովահեն թագուհին»՝ ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը, Թեհրանում «Օսվե» մշակութային համալիրում:

 

 

Ամերիկացի ռեժիսոր Ջո Բերլինգերի  «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Tribeca կինոփառատոնի շրջանակներում 2017 թ. նոյեմբերի 10-ին: 2017-ին Լոս Անջելեսի կինոփառատոնում «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում այս ֆիլմն արդեն հաղթանակի արժանացել է։

Ռեժիսոր Ջո Բերլինգերը ֆիլմը նկարահանելիս օգտագործել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հին տեսանյութերը և հանցագործությունների վերաբերյալ պատմաբանների կարծիքները։

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Բոգոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը:

 

Վենետիկի 76-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն հայտարարել է մրցույթի մասնակիցներին։ indiewire.com-ի հաղորդմամբ, մրցութային ծրագրում  ընդգրկվել է 20 ֆիլմ, այդ թվում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Guest of Honour», ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի  «Gloria Mundi» ֆիլմերը։ Մրցութային ֆիլմ է նաև Ռոման Պոլանսկու «An Officer and a Spy» ֆիլմը։

Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը։ Փառատոնը բացվելու է Հիրոկաձու Կորեեդի «The Truth» ֆիլմով։ Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր Լուկրեսիա Մարտելը։ Կինոարվեստում ունեցած ներդրման համար հատուկ մրցանակ կստանա ռեժիսոր Պետրո Ալմոդովարը։

 

Կոստան Զարյանի ժառանգները հուլիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարանին են  նվիրաբերել  հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը: 

Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։

Հաղորդվում է, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

 

 

Լոս Անջելեսում գտնվող «Գրեմմի»-ի թանգարանը դրամաշնորհի տեսքով 200.000 դոլար կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման և պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։

Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության կենտրոնին կհատկացվի հինգ հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ հայկական երաժշտական եզակի ստեղծագործությունների ձայնագրությունների թվայնացման համար։

«Այս նախագիծը կենտրոնացած է լինելու Ամերիկայում հայկական սփյուռքի՝ գրեթե 1500 ձայնագրության գույքագրման եւ կատալոգավորման վրա։ Տեղի ձայնագրությունները հիմնավորում են հայերի վաղ պատմությունը Միացյալ Նահանգներում։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների ձայներ, որոնց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարգավիճակը նրանց հարկադրել է լքել հայրենիքը»,- նշված է թանգարանի կայքում:

 

 

Լոնդոնում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար անվանացանկը:

Տասներեք հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակն իր «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպով:

Մրցանակակիրը կստանա 50 000 ֆունտ ստեռլինգ (62 439 դոլար):

Գրողը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով, որտեղ նա շոշափում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: 2006 թվականին գրողի նկատմամբ գործ էր հարուցվել՝ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով:

Մրցանակի հավակնորդների թվում են նաև Մարգարետ Էթվուդը («Ուխտեր»), Քևին Բարրին («Գիշերային նավակ դեպի Տանժեր»), Օյքան Բրեյթուեյթը («Քույրս սերիական մարդասպան է»), Բերնարդին Էվարիստոն և Հեմիշ Համիլտոնը («Աղջիկ, կին, այլ»), Ջոն Լանչեստերը («Պատ») և ուրիշներ:

2019 թվականի հաղթողին կհայտարարեն հոկտեմբերի 14-ին:

 

Սիբիրում հայտնաբերվել է Սասանյան 4-րդ դարի արծաթե ափսե, Շապուհ Բ-ի պատկերով:

Այս կապակցությամբ հայ նկարիչ Սուքիաս Թորոսյանը ներկայացրել է հետաքրքիր փաստ ափսեի մասին.

«Սիբիրի խանտի-մանտի, նենեցական ինչ որ յուրտայում հայտնաբերել են այս արծաթե ափսեն: Տերերը պնդում են որ դա իրենց սրբությունն է եւ որ այն իրենց նախնիները գտել են անտառում…..Սասանյան 4-րդ դարի ափսեն ինչպես է հայտնվել այնտեղ, այդքան էլ կարեւոր չէ, իսկ բովանդակությունը շատ հետաքրքրական է:

Հավանաբար ափսեի վրա պատկերված է Շապուհ Բ-ն ցուլի վրա հեծած վիրավորում, կամ գերի է վերցնում մեկ այլ ցուլի, ամբողջությամբ հայկական խաչերով զարդարված:Միգուցե այնպես ինչպես Միհրը հաղթում է ցուլին, այս անգամ քրիստոնեություն ընդունած Արշակ-Բ ն է գերեվարվել……չէ որ ինքն էլ էր պարթև»:

 

 

Հալեպի «Ալ-Սակտիա» կենտրոնական  քաղաքայյին շուկան, որը ներառված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, լիովին վերականգնվել է: Լրագրողներին այս մասին ՌԴ եւ Սիրիայի փախստականների վերադարձի հարցերով միջգերատեսչկան համակարգող շտաբերի համատեղ նիստին հայտնել է Սիրիայի մունիցիպալ կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:

«Հալեպ քաղաքում  ավարտվել է«Ալ-Սակտիա» կենտրոնական  քաղաքային շուկայի վերականգնումը, որը բացի սոցիալ-տնտեսական նշանակությունից, ունի նաեւ պատմական արժեք եւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է», - ասել է Մահլյուֆը:

Առաջիկայում շուկայում կբացվեն առեւտրի կետեր, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, արհեստավորական արտադրության զարգացմանը եւ բնակչութւյան պահանջների բավարարմանը:

Ընդհանուր առմամբ Մահլյուֆի խոսքով՝ հունիսի սկզբից վերականգնվել են 18 կրթական եւ 13 բժշկական հաստատություններ, վերանորոգվել է ավելի քան 22 կիլոմետր ճանապարհ, անցկացվել են ավելի քան 20 կմ էլեկտրահաղորդալարեր, շահագործման է հանձնվել ջրամատակարարման 13 օբյեկտ, 25 հացի փուռ, 42  էլեկտրաենթակայան, 60 արդյունաբերական ձեռնարկություն: Նաեւ կառուցել է էկոնոմ դասի ավելի քան 13 հազար բնակելի շենք: Այս տարի նախատեսվում է ավելի քան 6 հազար նման տներ հանձնել:

Սիրիան պատրաստվում է անցկացնել Դամասկոսի 61-րդ միջազգային տոնավաճառը: Համաժողովին կմասնակցեն մոտ 30 երկրներ: «Միջազգային տոնավաճառի անցկացումը կլինի Սիրիայի հաղթանակի կարեւորագույն ցուցանիշներից մեկը երկրի բազմաթիվ շրջաններում անվտանգության եւ կայունության վերականգնման խնդիրների լուծման գործում», - ասել է նախարարը:

 

 

Ավելի քան երեք տասնամյակ շարունակ հանրաճանաչ մուլտհերոսուհի Մինի Մաուսին հնչունավորած դերասանուհի Ռասի Թեյլորը մահացել է 75 տարեկան հասակում:

Walt Disney ընկերությունում հայտնել են, որ Թեյլորը մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում:

Նրա մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն:

Ռասի Թեյլորը հնչունավորել է մուլտհերոսներին 1986 թվականից ի վեր: Նրա աշխատանքներից են Բարտ Սիմպսոնի դասընկերոջ՝ Մարտինի ձայնը «Սիմպսոնները» մուլտիպլիկացիոն սերիալից:

Դերասանուհին ամուսնացած էր Միկի Մաուսին հնչունավորած Ուեյն Էլվայնի հետ, որը մահացել է 2009 թվականին:

 

 

Գերմանիան Իտալիային է վերադարձրել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացված «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Յան վան Հոյսումի (1682-1749) վրձնին:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, XVII - XVIII դարերի դասական հոլանդական նատյուրմորտի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել երեք նախարարների՝ Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզիի, նրա գերմանացի գործընկեր Հայկո Մաասի և Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիսոլիի մասնակցությամբ, որոնք ստորագրություններով արձանագրել են ստեղծագործության փոխանցման օրինականությունը:

Նշվում է, որ Մաասին է հանձնվել գեղանկարի կրկնօրինակը՝ «գողացված է» իտալերեն, գերմաներեն և անգլերեն գրությամբ: Այդ կտավը գտնվել է Իտալիայի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկում: