Գեղարվեստական հաղորդում (179)
Ողջույն, թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ, մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
---------------------
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Սինեմա, սինեմա ակադեմիայի» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում իրանական կինոյին մատուցած իր ծառայությունների համար, մեծարվել է իրանահայ ճանաչված կինոռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհին:
Անդրադառնալով Վարուժ Քարիմ Մասիհիի լավագույն ստեղծագործությանը՝ «Վերջին արարին», ճանաչված դերասան Սայիդ Փուր Սամիմին ասել է. «1369 թվականին էկրանավորված ֆիլմը զարմացրեց և հիացմունք պատճառեց Ֆաջր կինոփառատոնի բոլոր մասնակիցներին: Ֆիլմը գրավեց նաև լայն հասարակությանը:
Այս տարիների ընթացքում, ինձ հանդիպողները հարցնում են «Վերջին արարի» մասին: Ինձ մոտ, սակայն, հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է լինում, որ լայն լսարանն այդքան խոսում է այդ ֆիլմի մասին, սակայն ֆիլմն այդ տարի չի վաճառվում: Երևի թե Վարուժի երկրորդ ստեղծագործության ճակատագիրը պայմանավորված էր այս ֆիլմի վաճառքով»:
Ինքը՝ Վարուժ Քարիմ Մասիհին, նշել է, որ ավելի լավ կլինի մեծարել հաջողակ երիտասարդներին, կամ նրանց, ովքեր միջազգային մակարդակի ստեղծագործությունների հեղինակ են:
«Կինոյից հեռանալ չեմ պատրաստվում: Կինոգործիչ ընկերները լավ գիտեն, եթե լարախաղացից վերցնեն փայտը, ապա նա կընկնի: Իսկ եթե մեզանից խլեն կինոն, ապա մենք ապրել չենք կարողանա»,-ասել է անվանի ռեժիսորը:
ՀՀ կառավարությունը 3 միլիոն 281 հազար դրամ գումար տրամադրեց Երևանի համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։
«Ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ։ Հարցը քննարկվել է նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, ընտանիքի կողմից է եղել արձանը հենց այնտեղ տեղադրելու նախաձեռնությունը և ցանկությունը»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված դեռ շատ վաղուց որոշում կար, և նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ տեղը Դեմիրճյանի ընտանիքի համար պակաս ընդունելի համարվեց։
«Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց արձանը տեղադրել մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարությունը և ընտանիքը առաջարկն ընդունեցին։ Նաև ներկայացվել է արձանի մակետը, որը, կարծես թե, ընդունելի է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներում արձանը ֆիզիկապես տեղադրված կլինի տարածքում, նախարարը ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ աշխատանքը կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցում է 7 երկիր՝ ներառյալ Հայաստանը:
«Այս տարի փառատոնին մասնակցում են 7 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Մեր ծրագրում ներկայացված է լինելու նաև Լեհաստանի Վրոցլավի Հենրիխ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնը, նրա հենց ստեղծած թատրոնը»,- ասաց Դադասյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կոչ արեց արվեստասերներին՝ ակտիվ մասնակցել փառատոնին:
«Փառատոնն ունի շատ լուրջ մասնակցային աջակցության խնդիր: Մասնագիտական առումով չափազանց կարևորում ենք մնջախաղի արվեստի կայուն ընթացքը մեր իրականության մեջ: Նաև դրա զարգացումը, նոր ձևերի բացահայտումը, և կարծում եմ, որ և՛ կրթական համակարգում, և՛ թատերական աշխարհում մասնագիտական մնջախաղի արվեստը պետք է լինի առաջին դիրքերում»,- նշեց Խզմալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ իրականացվող փառատոնը կկայանա օգոստոսի 10-15-ը: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Երեվանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը կկազմակերպի հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020 թ. մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS):
Փառատոնից տեղեկացնում են, որ դասընթացը կազմակերպվում է Երևանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ, քննադատություններ գրելու համար: Անիմացիոն ֆիլմը մեդիայում դիտարկելու նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին, և այդպիսով բարելավել անիմացիոն արվեստի լուսաբանումը Հայաստանում և տարածաշրջանում:
Սեմինարի փորձագետ Կլաուս Լոսերը մասնակիցներից կպահանջի ամեն օր ներկայացնել իրենց հոդվածները մինչ հաջորդ օրվա սեմինարի սկիզբը:
Դասընթացը կտևի 7 օր և կանցկացվի սեպտեմբերի 9-15-ը Երևանի Գյոթե կենտրոնում: Դասընթացին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ կինոքննադատները, կինոյով հետաքրքրված լրագրողները, 19 տարին լրացած ուսանողները:
«ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում:
Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախումբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության եւ բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։
Ոստիկանները նաեւ հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձեւով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։
Նյու Յորքում 88 տարեկան հասակում մահացել է ամերիկուհի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը:
Մորիսոնի ընտանիքը հաստատել է, որ վիպասանուհին մահացել է կարճատև հիվանդությունից հետո:
11 վեպերի հեղինակը Նոբելյան մրցանակի է արժանացել 1993-ին: Իսկ իր առաջին վեպը՝ «Ամենակապույտ աչքեր» (The Bluest Eye) Մորիսոնը հրապարակել է 1970-ին:
1987-ին լույս տեսած «Սիրելի» (Beloved) գիրքը, որը պատմում էր փախուստի դիմած ստրկուհու մասին, էկրանավորվել է 1998-ին՝ Օփրա Ուինֆրիի գլխավոր դերակատարմամբ:
Նոբելյան մրցանակի Մորիսոնն արժանացել է որպես գրող, որն իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները:
Բելգիայի Լյեժ քաղաքում մոտ 10 տարի առաջ բնակիչներից մեկը նկար է ձեռք բերել, որը կարող է արժենալ 30 մլն եվրո, հայտնում է The Brussels Times-ը:
Նշվում է, որ տղամարդն այս կերպ ցանկացել է աջակցել մարդուն, ում հետ ծանոթացել էր: Նա Հիսուսի նկարը գնել է 500 եվրոյով: Հետագայում ընկերներից մեկի խորհրդով ձեռք բերած կտավը փորձաքննության է հանձնել: Պարզվել է, որ դրա արժեքը կարող է հասնել 30 մլն եվրոյի, իսկ նկարը Ռեմբրանդի աշխատանքն է:
Գերմանական թանգարանը հայտնաբերել է 18-րդ դարում ապրած գերմանուհի ազնվականի տապանաքարը, որը, ըստ վարկածի, ոգեշնչել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթի հերոսուհի Սպիտակաձյունիկի կերպարը ստեղծելու հարցում:
Մարիա Սոֆիա ֆոն Էրթալի հուշատախտակը կորել էր այն բանից հետո, երբ եկեղեցին, որտեղ նա թաղված էր, 1804 թվականին ոչնչացվել է, սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, այն վերջերս հայտնաբերվել է Գերմանիայի Բավարիա երկրամասի Բամբերգ քաղաքում:
Հեքիաթը գրվել է 1812 թվականին՝ Գրիմ եղբայրների կողմից:
Թանգարանի տնօրեն Հոլգեր Քեմփքենսի խոսքով՝ հայտնի բանահավաք եղբայրներին ոգեշնչել է ֆոն Էրթալի պատմությունը, որի հիման վրա էլ գրել են հայտնի հեքիաթը:
«Սոֆիայի կյանքի պատմությունը հայտնի է եղել 19-րդ դարի սկզբին»,-հայտնել է Քեմփքենսը BBC-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ իր ասածները վկայող բազմաթիվ փաստեր կան:
Նշվում է, որ ֆոն Էրթալը մեծացել է Լոր ա Մայնի ամրոցում՝ Բամբերգից մոտ 96 կմ արևմուտք և մահացել է 1796 թվականին:
Նրան նկարագրել են որպես «արտասովոր գեղեցկության տեր աղջկա», որը փորձել է օգնել աղքատներին և կարիքավորներին: Սակայն դեռահաս տարիքում մահացել է աղջկա մայրը, որից հետո հայրն ամուսնացել է տեղի դինաստիայի «բռնակալ» այրու հետ, որն ամեն կերպ փորձել է վնասել խորթ աղջկան:
Խորթ աղջկա կյանքը խորտակելու ջանքերը հաջողությամբ են պսակվել, քանզի ֆոն Էրթալը երբեք չի ամուսնացել և հետագայում տեղափոխվել է անգլիական կուսանոց, որտեղ կուրացել է և մահացել 71 տարեկանում: