Գեղարվեստական հաղորդում (180)
Ողջույն թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ, մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
---------------------
Թողարկվել է Էդնա Զեյնալյանի անվան հուշամեդալ, որը տրվելու է նորաձեւության եւ բեմահարդարման ասպարեզներում ստեղծագործող արվեստագետներին:
Հուշամեդալի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, Լորիս Ճգնավորյանը, ինչպես նաեւ Իրանի արվեստի նշանավոր դեմքերն ու Մշակույթի նախարարության պատասխանատուները:
Միջոցառման ընթացքում, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, ելույթ ունեցավ Թեհրանի լարային նվագախումբը: Նվագախմբին նվագակցում էր անվանի դաշնակահար Բարդիա Սադր-Նուրին:
Միջոցառման կազմակերպիչները բարձր գնահատեցին իրանահայության դերն Իրանի թատրոնի զարգացման գործում, հատուկ կարեւորությամբ նշելով Էդնա Զեյնալյանի ներդրումը:
«Էդնա Զեյնալյան» մրցանակ-հուշամեդալի ստեղծման եւ շնորհման գաղափարը պատկանումէ երկու հեղինակավոր մշակութային կենտրոնների՝ «Ռադե նոանդիշ»-ին եւ «Պետական թատրոնի բեմահարդաման ու նորաձեւության միության»-ը: Հուշամեդալն ամեն տարի տրվելու է նույն ասպարեզում լավագույն ցուցանիշն արձանագրած արվեստի գործիչներին:
Հատկանշական է, որ Էդնա Զեյնալյանը համարվում է Իրանի նորաձեւության ասպարեզում աշխատող առաջին կինը, ով ԲՈՒՀ-ական կրթությամբ է մուտք գործել ասպարեզ, իր հետ բերելով նաեւ ոլորտի ակադեմիական գիտելիքները:
Ծաղկաձորում ազդարարվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնի ավարտը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փակման հանդիսավոր արարողությանը ցուցադրվեց «Ֆորմա» թատերախմբի «Վայ-վայ» ներկայացումը: Ռեժիսոր Հայկ Իսրայելյանի բեմադրությունը մարդկանց կենդանի շփման բացակայության մասին էր: Դերասաններն իրենց խաղով այդ շփման բացակայության պատճառ էին նշում համացանցի առկայությունը:
Բեմադրության ավարտից հետո մեկնարկեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալների արժանացան ինչպես փառատոնի մասնակից 7 երկրները ներկայացնող բոլոր թատերախմբերն ու դերասանները, այնպես էլ փառատոնի աջակիցներն ու գործընկերները:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու հանդիսատեսին, հաջորդ փառատոնի անցկացման հստակ տարեթիվ չնշեց, պարզապես հորդորեց սպասել:
«Յուրաքանչյուր լավ բան ունի ավարտ, որպեսզի հետո էլի մեկնարկի, ընթանա և էլի ունենա հրաշալի ավարտ։ Սպասենք հաջորդ փառատոնին»,- ասաց Դադասյանը:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնին մասնակցեցին արտիստներ յոթ երկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և Հայաստանից։ Հայաստանից փառատոնին մասնակցում էին Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով վերականգնվել է Լազարյանների պատմական առանձնատան մաս կազմող XVII-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնը։
XVII-րդ դարի մասնաշենքի երկրորդ հարկում տեղակայված են հայկական կիրակնօրյա դպրոցը, կենտրոնի ներքո գործող մշակութային խմբակները՝ դուդուկի դպրոցը, ազգագրական պարերի, վոկալի և թատերական խմբակներն ու նախադպրոցական խումբը։ Շինության առաջին հարկում բացվել է մշակութային կենտրոնի արտ-սրահը։
Վերջինս բաղկացած է չորս հիմնական սրահից, որտեղ մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, տարբեր ոլորտների անվանի հայ գործիչներին նվիրված միջոցառումներ։
Վերականգնված տարածքը ծառայում է նաև որպես յուրօրինակ հարթակ հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուղղված ծրագրերի ներկայացման համար։
Վերջին երեք ամիսների ընթացքում 2018թ-ին մշակութային կենտրոնի արտ-սրահում իրականացվել են տասնյակ միջոցառումներ՝ հայ համայնքային կազմակերպությունների, հայ երիտասարդական կառույցների, մասնագիտացված խմբերի ու միավորումների ինչպես նաև հայաստանյան արտադրողների հետ համագործակցությամբ։
Մասնավորապես, այս ժամանակահատվածում կազմակերպվել են մի քանի խոշոր ցուցահանդեսներ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի և այլ հայտնի նկարիչների աշխատանքների եզակի ցուցահանդեսը։ Նշյալ տարածքում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանի և Ռուսաստանի բժիշկների համատեղ հանդիպում-քննարկումը՝ առողջարանային ոլորտում զբոսաշրջության զարգացման շուրջ, Մոսկվայում գործող հայկական երաժշտական համույթների համերգային երեկոները, հայ արվեստագետների գրքերի շնորհանդեսները, Հայաստանից փառատոնների մասնակցության նպատակով Մոսկվա ժամանած թատերական խմբերի հետ հանդիպումը, տարբեր բնագավառների անվանի հայազգի գործիչների հուշ երեկոները, Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրությունները, Մոսկվայի հայ երիտասարդական կառույցների և մոսկովյան բուհերի հայազգի ուսանողների հավաքները, հայաստանյան գինեգործության ոլորտը ներկայացնող արտադրողների շնորհանդեսներն ու այլ նախաձեռնություններ։
Վերոնշյալ միջոցառումները լուսաբանվել են դեսպանության սոցիալական ցանցերում, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան մամուլում։
Վերանորոգված հատվածում ներկայումս պատրաստվում է «Թուֆենկյան» ընկերության գորգերի նմուշների յուրօրինակ ցուցադրություն։ Միևնույն ժամանակ նշյալ սրահում սեպտեմբեր ամսից կմեկնարկի Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառումների շարքը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացմանն ուղղված ծրագրերի շարքում նախատեսվում է նաև իրականացնել հայկական խոհանոցին նվիրված դասընթացներ մոսկվաբնակ հայազգի հայտնի ռեստորատոր Գայանե Բրեյովայի կողմից։ Առաջիկայում տեղի կունենան նաև ռուսաստանաբնակ հայազգի գրողների գրքերի շնորհանդեսները։
Վերանորոգումից հետո բացված տարածքն ամբողջությամբ ծառայում է դեսպանության հայկական մշակույթի հանրաճանաչելիության բարձրացմանը ՌԴ-ում:Այն հանդես է գալիս նաև որպես հայ համայնքային կառույցների միջոցառումների իրականացման և Հայաստանի տնտեսական հաջողությունների ու հայկական արտադրանքի ներկայացման կարևոր հարթակ։
XVII-րդ դարի մասնաշենքի վերականգնմանն աշխատանքներն իրականացվել են ռուսաստանաբնակ հայ բարերարների ոչ դրամային աջակցությամբ։
Ամփոփվել են «Մոլորակ Մոսկվա-2019» բաց լուսանկարչական մրցույթի արդյունքները:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ֆեյսբուքում անցկացված քվեարկության արդյունքներով՝ լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսնակարը, որը 262 «լայք» է հավաքել:
Վարչության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցույթին այս տարի, ընդհանուր առմամբ, 3759 աշխատանք է ներկայացվել: Ֆեյսբուքյան էջում քվեարկության ներկայացվել է 200 գործ, որոնք ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին:
Պոմպեյ քաղաքում պեղումներ կատարելիս հնագետները Հին Հռոմեական կայսրության ժամանակներին պատկանող գանձարան են հայտնաբերել՝ լի զարդերով և հուռութներով:
«Այս առարկաներն օգտագործել են նաև առօրյա կյանքում: Զարդերից շատերի վրա պատկերված են հաջողության, պտղաբերության և չար աչքից պաշտպանության խորհրդանշաններ», - Ռիա Նովոստի-ն մեջբերում է Պոմպեյի հնագիտական այգու տնօրեն Մասիմո Օսանային:
Նրա խոսքով՝ զարդերը պատրաստված են կիսաթանկարժեք քարերից՝ ամեթիստից, սաթից, սերդոլիկից: Հնագետները ենթադրում են, որ գանձարանը կարող էր պատկանել հարուստ քաղաքացիներին
Հայտնաբերվել են նաև բրոնզե ծխնիներ և փայտյա զարդատուփի մնացորդներ, որում պահվել են ապակյա ուլունքներ, ոսկրից պատրաստված արձանիկներ, հայելիներ և այլ առարկաներ:
Գտածոները ցուցադրվելու են Palestra Grande թանգարանում:
Բելգիական Լիեժ քաղաքի բնակիչներից մեկը մոտ տասը տարի առաջ ձեռք է բերել մի նկար, որը կարող է 30 մլն եվրո արժենալ: Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։
Նշվում է, որ այդ կերպ տղամարդը ցանկացել է ֆինանսապես աջակցել այն մարդուն, ում հետ ծանոթացել էր, և Հիսուսի նկարը գնել է 500 եվրոյով:
Հետագայում, ընկերներից մեկի հորդորով, նա ձեռք բերված կտավը հանձնել է փորձաքննության։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կտավը հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի աշխատանքն է, որի արժեքը կարող է հասնել 30 մլն եվրոյի:
«Առյուծ արքայի» համաշխարհային դրամամուտքերը հասել են 1,33 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ այն, BoxOfficeMojo կայքի տվյալների համաձայն, դարձել Է ամենահաջողակ անիմացիոն ֆիլմը պատմության մեջ:
Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: Երրորդ տեղ է իջել «Սուպերյոթնյակ 2»-ը (2018 թվական, 1,24 մլրդ դոլար), չորրորդ տեղում «Մինյոններն» են (2015 թվական, 1,16 մլրդ դոլար): Ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցնում է «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» (2010 թվական, 1,07 մլրդ դոլար):
Բացի այդ, «Առյուծ արքան» դարձել է Disney ստուդիայի ամենահաջողակ ռիմեյքը: Մուլտֆիլմի դրամամուտքերը 1994 թվականին կազմել են 987 մլն դոլար:
Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի սեպտեմբերին՝ առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին Լոս Անջելեսում հայտարարել Է Fox Entertainment հեռուստաալիքի ղեկավար Չառլի Քոլիեր, ալիք, որը հեռարձակելու Է միջոցառումը:
Նա նշել Է, որ ժողովրդականություն վայելող բազմաթիվ սերիալներ այս տարի ավարտվել կամ շուտով ավարտվելու են: Քոլիերի կարծիքով, դրան պետք Է ուշադրություն դարձնել: Նրա գնահատումներով՝ հաղորդավարի ռեպլիկաները եւ ներածական ելույթը կետեւեն մոտավորապես 15-20 րոպե: Ինչպես ընդգծել Է Քոլիերը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը, կազմակերպիչները մի շարք թեկնածուների են դիտարկել այս դերի համար:
«Բայց մենք եկանք այն եզրակացության, որ այս տարի, երբ մենք այսքան մեծ թվով շոուների ականատեսներն ենք, ռազմավարական որոշումը կլինի՝ Emmy-ն անցկացնել առանց հաղորդավարի»,-հավելել Է նա:
Variety-ն նշում Է, որ վերջին անգամ Emmy-ն առանց հաղորդավարի են հանձնել 2003 թվականին: Այն ժամանակ հեռարձակումը նույնպես իրականացնում Էր Fox-ը:
Emmy-ն ամերիկյան մրցանակ Է հեռուստատեսության բնագավառում: Այն շնորհում են ամեն տարի՝ հեռուստաինդուստրիայի տարբեր ճյուղերում: 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: