Գեղարվեստական հաղորդում (184)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Երկու իրանական ֆիլմեր ներառվել են 21-րդ դարի երկու տասնամյակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
Բրիտանական TheGuardian օրաթերթը, Աբաս Քիառոստամիի «Տասը» և ԱսղարՖարհադիի «Նադերի ու Սիմինի բաժանումը» ֆիլմերը ներառել է 21-րդ դարի երկու տասնամյակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերն ընտրվել են չորս կինոքննադատների և TheGuardian թերթի արվեստի բաժնի խմբագիրների կողմից:
«Նադերի և Սիմինի բաժանումը» արժանացել է Օսկարի մրցանակին:
Իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոստամիի «Կեռասի համը» ֆիլմը արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակին:

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 21-ը:
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Փառատոնի մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հ. Թումանյանի հուշարձանինծաղկեպսակներիզետեղմանարարողությամբ: Դրան հաջորդեց թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա սկսվեցին փառատոնի առաջին ներկայացումները, որոնք անվճար կցուցադրվեն Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում, Երևանում և Թբիլիսիում: Փառատոնի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
Փառատոնին մասնակցելու են 15 տիկնիկային թատրոններ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, (74 մասնակից) և 9 տիկնիկային թատրոններ արտասահմանից (63 մասնակից), այդ թվում Վրաստանից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից: Փառատոնի մասնակից արտասահմանյան թատրոնները առաջին անգամ ցուցադրելու են նաև թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով տիկնիկային ներկայացումներ:
Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի և Խաղաղության միջազգային օրվա՝ հանդիսավոր արարողություն տեղի կունենա նաև Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող «Խաղաղության ծառի» մոտ, որը 2015 թ. հունիսի 3-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով տնկվել է «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի մասնակիցների կողմից:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը արդեն տասնչորսերորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը` նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նպաստել Թումանյանի և իր ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 13-ին գրողի թանգարանն իր հարկի տակ հյուրընկալեց նրա տոհﬕ սերունդներին` նշելու մեծն լոռեցու 150-ամյակը:
Թումանյանի թոռնուհի ԻռմաՍաֆրազբեկյանը, ներկայացնելով գրողի ժառանգներին, ասաց, որ ոչ բոլորն են կարողացել գալ միջոցառմանը: «Արական սեռի ներկայացուցիչներից այստեղ են Հովհաննեսը, Արեգը և իմ որդին` Ռուբեն Քանքանյանը: Ներկա են Անահիտը, Տատյանան: Մենք` մեծերս, պարտավոր ենք շարունակել Թումանյանի գործն ու նպաստել նրա հանրահռչակմանը»,-նշեց Սաֆրազբեկյանը:
Խոսելով գրողի հոբելյանի առթիվ հրատարակված գրքերի մասին` թոռնուհին ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի կյանքում մշտապես եղել են մարդիկ, որոնք օգնել են նրան ապրել ու գործեր լույս ընծայել: Նրանցից էր Մարիամ Թումանյանը: «Բարեկամության և բարեգործության ավանդույթը կարծես շարունակվում է: Մեզ աջակցել է Գագիկ Ծառուկյանը, որի շնորհիվ վերանորոգվել է Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, ռուսերենով հրատարակվել է Թումանյանի «Հատընտիր»-ը»,-ասաց նա:
Թումանյանի 150-ամյակին նվիրված գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի նաև «Հոբելյանական ընտրանի» գիրքը, որը կազմել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Նա շեշտեց, որ փորձել են նորովի ներկայացնել թումանյանական ստեղծագործությունները: «Առաջին անգամ է մոտավորապես 600 էջի սահմանում լույս տեսնում Թումանյանի ընտրանին: Նախկինում դրանք հրատարակվել են հատորներով: Կարծում եմ` այն ընթերցողին ամբողջական պատկերացում կտա Թումանյանի ստեղծագործության մասին` բանաստեղծություն, քառյակներ, պոեմներ, հեքիաթներ, հրապարակախոսական գործերից նմուշներ»,-նշեց Երիցյանը:
Նա հայտնեց, որ նախաձեռնում են հրատարակել նաև «Թումանյանը քննադատ» գիրքը, որը բացառապես նվիրված է գրողի հրապարակախոսությանը:
Թումանյանի որդի Արեգի թոռը` Արեգը, խոսելով թանգարան այցելության մասին, նշեց, որ այն իր տունն է: «Դպրոցական արձակուրդներին հաճախ էի գալիս Հայաստան և ամեն շաբաթ այցելում էի թանգարան: Այստեղ զգում եմ ինձ ինչպես իմ տանը»,-ընդգծեց Արեգը:

«Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկները, որոնք ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեքհարյուրամյա պատմությանը, բարձրացավ երևանյան մեծ էկրան: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին «Կինո պարկ» կինոթատրոնում: Ցուցադրությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ:
«Ավելի քան քսան տարի «Գոհար»-ը ամբողջ աշխարհում ներկայացնում է հայկական երաժշտությունն ու հայոց պատմությունը: Համերգների ժամանակ դահլիճներում մշտապես ծածանվում են Կիլիկիայի դրոշները, մտածեցինք, որ լավ կլինի, եթե դրանք ծածանվեն նաև էկրանից այն կողմ և որոշեցինք ստեղծել վիդեոնյութ Կիլիկիայի մասին: Հետո զարգացրեցինք միտքն ու ֆիլմային մոտեցումը , որը կոչվում է «մուդրիլ»: Համաշխարհային կինոարտադրությունում դա մինչև լիամետրաժ ֆիլմ դառնալու նախագիծ է, որը քննարկվում է»,-պատմեց կինոնկարի ռեժիսոր Աշոտ Առաքելյանը:
Ֆիլմի պրոդյուսեր ՍևակՍերոբեանի խոսքով` ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը և այն, թե ինչ են կարող անել հետագայում: «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,-նշեց պրոդյուսերը:
Նա շեշտեց, որ մեր պատմությունը շատ հզոր է և ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին:
«Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե մեր ազգի ցավի ու լացի»,-եզրափակեց Սերոբեանը:
Ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի, թե՛ ծավալի առումով համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։
Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչև ծովամարտ, որի նկարահանումները իրականացվել են «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով:
Ըստ հեղինակների՝ ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ-ակնարկները նկարահանելիս ստեղծագործական թիմն օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից, համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկների համար հատուկ երաժշտություն է գրվել, որը ձայնագրվել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ:
Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերողԼևոնՄեծագործիգահակալումը:
Երկրորդ ֆիլմ-ակնարկն արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ ԿոնստանդինՊայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։
Երրորդը ներկայացնում է 1219-1375 թվականների պատմությունը՝ Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, որի հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։
Մինչ Հայաստանում ցուցադրվելը ֆիլմը ներկայացվել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ցուցադրությանն ու քննարկմանը ներկա են եղել Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը, ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 16 հանրահայտ երաժիշտներ սիմֆոնիկ և կամերային համերգներով կներկայանան դասական երաժշտության սիրահարներին:
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր կատարողական վարպետությամբ հանդես կգա մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Ծրագրում` Բեթհովեն, Շուման, Բրամս: Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր ՊիերԿարլոՕրիցիոն:
Փառատոնի ընթացքում համերգներով կներկայանան նաև դիրիժոր Անդրեյ Բորեյկոն, իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուն, հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթին:
Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 25-ին, կներկայանա դաշնակահար ՖրեդդիՔեմփֆը:

Ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենաանհաջող ֆիլմի կարգավիճակը տրվել է Disney ստուդիայի նկարահանած «Ջոն Քարտեր» (2012 թ.) արկածային ժապավենին։ Այս մասին գրում է TheHollywoodReporter-ը։
Ֆիլմը նվիրված է ամերիկացի զինվորական Ջոն Քարտերին, որը ստիպված պայքարում էր Մարսի ժողովուրդների ազատության համար։
Նշվում է, որ ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է ընդամենը 284 միլիոն դոլար 363,7 միլիոն դոլար բյուջեի դեպքում։ Վերջնական ֆինանսական կորուստը կազմել է 136,6 միլիոն դոլար։

Լոնդոնյան Christie's աճուրդային տունն առցանց վաճառում է փողոցային անհայտ նկարիչ Բենքսիի աշխատանքների պատճեները։ Աճուրդը ստացել է նկարչին բնորոշ սադրիչ անվանում՝ «Բենքսի. Ես չեմ կարող հավատալ, որ դուք, հիմարներդ, իրոք գնում եք սա»:
Արտահայտությունը վերացված է նկարիչ սկանդալային աշխատանքներից մեկից՝ «Morons» («Հիմաներ»)։ Դրա պատճենը ներկայացվել էր նաև 2007 թ. աճուրդում և գնահատվել էր 15-22 հազար դոլար։
Ամենաթակ լոտը Բենքսիի 2004 թվականի «Աղջիկը փուչիկով» աշխատանքի պատճենն է։ Այդ նկարը 2018 թ. նոյեմբերին Sotheby's աճուրդում ինքնաոչնչացվել էր։ Աճուրդում ներկայացված տարբերակում աղջկա ձեռքից թռչող փուչիկը ոչ թե կարմիր է, այլ ոսկեգույն։ Լոտի գինը 185-307 հազար դոլար է։
Բենքսին ժամանակակից արտ-սթրիս ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Սուր սոցիալական թեմաներով գրաֆիտիները հայտնվում են աշխարհի ամենամեծ քաղաքներում, իսկ նրա աշխատանքները հայտնի աճուրդներում մեծ պահանջարկ ունեն։ Միաժամանակ հեղինակին հաջողվում է մինչ այժմ մնալ անհայտ։