Հոկտեմբեր 02, 2019 16:43 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան բարեկամներ: Այսօր մեր զրույցի թեման բարկությունն է: Հաղորդման ընթացքում դուք հնարավորություն ունեք ունկնդրել հոգեբան Իրինա Ծատուրյանի մասնագիտական խորհուրդները բարկությունը հաղթահարելու մասին: Ընկերակցեք մեզ:

 Ի՞նչ է բարկությունը, զայրույթը:

Համաձայն ժամանակակից բժշկության`բարկությունը զգացում է՝ իր մտային, հոգենյարդային, սրտանոթային, վարքային և այլ դրսևորումներով:

Հիմնականում բարկություն են համարում միայն բուռն դրսևորված վարքը`ձայնի բարձրացում, ցասում, մինչդեռ բարկությունը կարող է արտահայտվել նաև լռությամբ ու ճնշվածությամբ. այս դեպքում ևս մարդը կարող է դառնալ բարկության գերի և իր հետագա քայլերը կատարել բարկությունից դրդված։ Ճնշված, արտաքուստ չդրսևորված բարկությունն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր անդադար ինքնաքննադատությամբ են զբաղվում կամ չեն արտահայտում իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը տարբեր երևույթների նկատմամբ:

***

Բարկություն առաջացնող պատճառները բազմաթիվ են՝ հոգնածություն, ցավ, ֆինանսական և սոցիալ-տնտեսական  խնդիրներ, սով, ժամանակի վատ կառավարում, ձախողումներ, հիասթափություններ, չիրականացած սպասումներ, սեփական «ես»-ի ոտնահարման զգացում, կուտակված բացասական զգացմունքներ, որոշ դեղերի ընդունում, հարազատի կորուստ և այլն։

 Բարկության կառավարման համար անհրաժեշտ է նախ և առաջ մտքի նորոգություն, այն պետք է լուծվի մարդու մտքի մակարդակում և այնուհետև բժշկված միտքը կանդրադառնա պահվածքի և հետագա ապրելակերպի վրա:

Եթերում  է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

***

 

Բարկության կառավարման համար մշակվել են մի շարք գործնական խորհուրդներ, այն է՝

Ա) Բակությունը խոցելիության նշան է, այն առաջ է բերում արժեզրկվածության զգացողություն:

Բ) Երբ բարկացած եք, մտածեք կամ ինչ որ բաներ արեք, որոնն անելով դուք կզգաք ձեզ արժեքավոր կամ գնահատված:

Գ) Մի վստահեք ձեր դատողությանը, երբ բարկացած եք: Բարկությունը մեծացնում է միայն խնդրի բացասական կողմերը:

Դ) Փորձեք խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Բարկությունը նեղացնում և կարծրացնում է մտածելակերպը և թույլ չի տալիս, որ նայենք խնդրին ամբողջական:

Ե) Փորձեք հասկանալ այլ մարդկանց տեսակետները: Երբ բարկացած եք, կարծում եք, որ ամեն ինչում մեղավորը դիմացի անձնավորությունն է

Զ) Մի արդարացրեք Ձեր  բարկությունը:

Է) Ճանաչեք Ձեր ֆիզիկական և մտավոր կարողությունները: Ավելի հաճախ մարդը բարկանում է, երբ հոգնած է, սոված է, հիվանդ է, տագնապի մեջ է, և այլն:

Ը) Կենտրոնացեք բարելավման և վերականգնման վրա, քան քննադատության: Դժվար է մնալ բարկացած և ոչ մեկին չմեղադրել:

Թ) Կենտրոնացեք խնդրի լուծման վրա, ոչ թե միայն խնդրի վրա:

Ժ) ՛Ես՛ բառն ավելի կառուցողական է, քան ՛Դու՛ բառը: Օրինակ, “Ես այս հարցին այլ կերպ եմ նայում, այն ինձ բարկացնում է: Կարո՞ղ ենք միասին նստել և զրուցել” ավելի լավ է, քան “Ինչու՞ դու այս հարցն առաջ քաշեցիր՛՛:

Ինչ է պետք անել ,որ մենք չզայրանանք:Լսենք հոգեբան Իրինա Ծատուրյանին:

***

 Թողեք անօգուտ զայրույթը և պահպանեք թանկագին առողջությունը: Աշխատե'ք տեսնել դրականը Եթե զգում եք, որ ավելի հաճախ եք սկսել բարկանալ, մտածեք. իսկ գուցե պատճառը հենց ձեր մեջ է: Որպեսզի ձեր շրջապատում կարողանաք տեսնել ոչ միայն վատն ու բացասականը, այլև դրականը, այսպիսի վարժություններ կատարեք.

1. Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց այն ամեն լավի համար, որ անում են ձեզ համար: Ոչ մի մանրուք կամ չնչին բան անուշադրության մի մատնեք: Մարդկանց բարի խոսքեր ասելու առիթը բաց մի թողեք, թեկուզ, եթե օրվա ընթացքում տասնյակ շնորհակալական խոսքեր ասվեն:

2. Աշխատե'ք յուրաքանչյուր մարդու` ընկերների, գործընկերների, երեխաների, դրական գիծ գտնել: Որոշ ժամանակ անց նորից փորձեք նույն մարդկանց մեջ դրական գծեր գտնել և աշխատեք, որ դրանք ավելի շատ լինեն: Այս վարժությունը կատարեք տարբեր մարդկանց նկատմամբ և կանոնավոր կրկնեք շաբաթական մեկ անգամ:

3. Փողոցով քայլելիս ձեր ընկերներից մեկի հետ խաղացեք, այսպես կոչված, «ուրախության խաղ», որի էությունը հերթով շրջապատի բոլոր այն առարկաները թվարկելն է, որոնք ձեզ դուր են գալիս` ծաղիկներ, քարեր, ամպեր… Այս խաղում հաղթում է նա, ով ավելի շատ առարկաների, երևույթների ու զգացմունքների անուններ կտա:

4. Օրվա ընթացքում ձեզ համար ժամանակահատված առանձնացրեք, որի ընթացքում պետք է միայն լավ բաների մասին մտածեք:

5. Լավ տրամադրության «նախանշաններն” են հանգիստ շնչառությունը, անկաշկանդությունը, մարդկանց մեջ միայն լավը տեսնելու հակվածությունը: Լավ տրամադրությունը ձեզնից փոխանցվում է ձեր շրջապատին, ձեր կողքի  մարդկանց`  ընկերներին,  գործընկերներին,  ընտանիքի անդամներին:

Հոգեբանները նշում են, որ մարդու բնավորությունը պայմանավորված է մարդու գեներով և շրջակա միջավայրով: Նրանք կազմել են պայմանական սանդղակ, որով բացատրում են այս կամ այն մարդու հակվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Նրանք նշում են, որ ջղային մարդիկ ավելի հակված են քաղցկեղային հիվանդությունների:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռիսկային խմբում են ջղային կանայք, որոնց մոտ հաճախ է առաջանում կրծքի քաղցկեղ: Ագրեսիվ տղամարդկանց առավել սպառնում է աղիների քաղցկեղը: Դա պայմանավորված է նրանով, որ ագրեսիան ճնշում է մարդու իմունային համակարգը:

Մշտապես լարված վիճակում գտնվող մարդկանց առողջությունը կախված է կորտիզոլ և ադրենալին հորմոնների արտադրությունից, ինչի ժամանակ հորմոնալ և իմունային համակարգերը գտնվում են մշտական լարվածության մեջ: Հետևաբար այս մարդկանց սպառնում են քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները: